close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ հարցում ռուս-ամերիկյան դիմակայությո՞ւն է սկսվում

Թեմա

13 Սեպտեմբերի 2016, 21:04
 ԼՂ հարցում ռուս-ամերիկյան դիմակայությո՞ւն է սկսվում

Ռուսական «Тракторные заводы» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը  TACC-ին հայտնել է, որ մինչև 2017թ. վերջը հետաձգվում է հետևակի մարտական БМП-3 մեքենաների մատակարարումը Ադրբեջանին: Խոսքը վերաբերում է դեռևս 2010թ. կնքված՝ զինտեխնիկայի առուվաճառքի ռուս-ադրբեջանական համաձայնագրով T-90C տանկերի, ինքնաշարժ հրետանու, համազարկային ռեակտիվ համակարգերի, ծանր հրետանային համակարգերի մատակարարմանը:

Այն, որ ռուս-ադրբեջանական գործարքը ֆինանսական լուրջ դժվարությունների պատճառով ձգձգվում է, պարզ էր դեռ այս տարվա ապրիլին, երբ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այցելեց Բաքու՝ մատակարարված զինտեխնիկայի դիմաց Ադրբեջանի պարտքերի մարման խնդիրը նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու համար: Կարելի է ենթադրել, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ծանր վիճակն ավելի է խորացրել ճգնաժամը: Սակայն ուշագրավ է, որ ռուսական կողմը բաց տեքստով է խոսում այդ մասին և, որ շատ ավելի կարևոր է, դա անում է սեպտեմբերի 8-ին ԼՂ կարգավորման գործընթացի շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած խորհրդակցությունից հետո:

Նախօրեին ռուսական Интерфакс գործակալությունը հրապարակեց այդ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հարցազրույցը, որում, Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի ռազմատեխնիկական համագործակցության մասին հարցին ի պատասխան, նշեց. «Մենք կողմերից ոչ մեկին չենք սպառազինում: Մենք նրանց տրամադրում ենք շատ սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք: Բայց Ադրբեջանի առումով առկա է Կոնգրեսի կողմից տրված մանդատը: Այն մեզ թույլ չի տալիս զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել Ղարաբաղյան հակամարտությունում` հարձակման համար: Այդ առումով` մենք զենք մատակարարող չենք»:

Խոսքը, հիշեցնենք, վերաբերում է Կոնգրեսի Ազատությանն աջակցության ակտի՝ 1992թ. արված 907 ուղղմանը կամ հոդվածին, որով ԱՄՆ կառավարությանն արգելվում է որևէ ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: 2001-2009թթ. ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի նախաձեռնությամբ Սենատը իրավունք տվեց կառավարությանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում շրջանցել այդ ուղղումը և ռազմական սահմանափակ օժանդակություն տրամադրել Ադրբեջանին: Սակայն դրանից հետո 907-րդ հոդվածը պահպանվել է, ինչին էլ հղում է կատարում Ուորլիքը: Նրա պատասխանում էականը Ադրբեջանի նկատմամբ այդ սահմանափակումների շեշտադրումն է, որով կարծես թե ոչ միայն ակնարկում է, որ, փաստորեն, ԱՄՆ-ը հայկական կողմին է պաշտպանական զենք տրամադրել, այլև` որ դա կարող է հետայսու կրել բացահայտ բնույթ:

Այն փաստը, որ դրա մասին Ուորլիքը բաց տեքստով խոսում է Մոսկվայում կայացած հանդիպումից անմիջապես հետո, կարող է վկայել որ, ի դեմս նրա, Վաշինգտոնին չեն բավարարել հակամարտության կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ձեռնարկումներն ու առաջարկած հնարավոր լուծումները: Փաստորեն, այդ նախաձեռնությունը ԱՄՆ-ը գնահատում է որպես իրավիճակն ապակայունացնող:

Այս իմաստով հատկանշական է նույն հարցազրույցում Ուորլիքի կողմից արված չափազանց կարևոր ևս երկու նկատառում: Նախ` մի քանի անգամ նա շեշտադրում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված՝ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի ուժեղացմանն ուղղված երեք պայմանավորվածությունների, առաջին հերթին` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման պայմանի կատարման անհրաժեշտությունը: Եթե նկատի ունենանք, որ այդ պայմանավորվածությունների կատարումից Բաքուն հրաժարվում է հենց Ռուսաստանի ներկայիս ակտիվ միջնորդության պայմաններում, ապա Ուորլիքի այս նկատառումը հնչում է որպես այդ հարցում Բաքվին Մոսկվայի կողմից ուղղակի, թե անուղղակի աջակցությանն ուղղված թաքնված մեղադրանք:

Երկրորդ՝ հարցազրույցում Ուորլիքը, անդրադառնալով հակամարտության կարգավորման մեխանիզմներին, նշում է. «Կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Դրանք կարգավորման պայմաններ են, բայց ոչ միակը...»: Ուշադրություն դարձնենք, որ Ուորլիքը նշում է ոչ թե ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի մասին, ինչպես նախատեսված է արդեն հրապարակված կազանյան փաստաթղթում, այլ կարգավիճակի մասին` ընդհանրապես, որի տակ կարելի է հասկանալ նաև ներկայիս ինքնիշխան կարգավիճակը: Ընդ որում՝ նա խոսում է ոչ թե հայկական կողմից բոլոր 7 շրջանների, այլ «տարածքների մի մասի» վերադարձման մասին: Ուորլիքին չի բավարարում նաև կարգավորման ռուսական պլանի բովանդակությունը, և նա, ըստ էության, այդ հարցազրույցով փորձում է հայաստանյան հասարակությանը տեղյակ պահել, որ այդ պլանի էությունը հայկական կողմին իսկապես միակողմանի տարածքային զիջումների մղելն է: Ահա, թե ինչպես է այդ մասին ակնարկում. «Մեզ համար իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն: Այն պետք է շահավետ լինի երկու կողմերին էլ: Որպես այլ հարցերով երկար տարիներ բանակցություններ վարած մարդ` կարող եմ ասել, որ դրանք չեն կարող հաջող լինել, երբ կողմերից մեկը ստիպված է լինում գնալ զոհողությունների և փոխզիջման»:

Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության միակ՝ ղարաբաղյան հարթակը կարծես ևս ճաքեր է տալիս: Մի կողմից` այն ավելի պայթյունավտանգ է դարձնում Ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ զսպող հիմնական գործոնը՝ միջնորդ եռանկյունու միջև եղած փոխըմբռնման մթնոլորտը, փոխարինվում է անվստահությամբ և նախազգուշացումների տոնայնությամբ: Հայկական կողմին պաշտպանական զնեք տրամադրելու թաքնված նախազգուշացումը, որը, գուցե, եղել է Մոսկվայի կողմից Ադրբեջանին հարձակողական զինտեխնիկայի մատակարարման գործընթացը սառեցնելու որոշման հիմնական պատճառը, դրա վառ դրսևորումն է: Մյուս կողմից` որքան էլ թե' Վաշինգտոնը և թե' Մոսկվան կարգավորման պայման կամ պայմաններից մեկն են համարում տարածքների հանձնումը, նրանց միջև հակասությունների սրումը Երևանին ժամանակ շահելու, միակողմանի զիջումների գնալու հեռանկարը վիժեցնելու հնարավորություն է տալիս:  Պետք է հասկանալ՝ ինչպե՞ս օգտագործել այս ստեղծված  իրադրությունը: Սակայն արտաքին քաղաքական ներկայիս կուրսի պայմաններում դա այնքան էլ իրատեսական չի թվում:

Գևորգ Դարբինյան  

Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
23 Սեպտեմբերի 2020, 14:10 Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica