close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թբիլիսին փոխում է վերաբերմունքը Հայաստանի հանդեպ

Թեմա

5 Սեպտեմբերի 2016, 22:29
 Թբիլիսին փոխում է վերաբերմունքը Հայաստանի հանդեպ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց և և Ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ապա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վարչապետերի հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ, անդրադարձել հայ-վրացական օրակարգում գտնվող հիմնական գրեթե բոլոր հարցերին:

Կվիրիկաշվիլիի այցն առավելաբար հետապնդում է տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններում հավասարակշռություն ապահովելու նպատակ: Հայաստան այցելելուց առաջ Վրաստանի վարչապետը նախ այցելել էր Ադրբեջան՝ դրանով, իհարկե, ընդգծելով, թե Թբիլիսին ում է տալիս առաջնայնությունը տարածաշրջանում: Չնայած այս հանգամանքին՝ հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում իսկապես դինամիկ զարգացում ունեն, և դրանում պակաս շահագրգռություն չի դրսևորում Վրաստանի ներկայիս կառավարությունը: Դրա մասին վկայեց նաև Թբիլիսիի բավականին լոյալ արձագանքը Կվիրիկաշվիլիի այցի նախօրեին Ստեփանակերտում արձանագրված մի իրադարձության, որն այլ իրավիճակներում կարող էր միջազգային սկանդալի տեղիք տալ և ընդհուպ վարչապետի այս այցի չեղարկման պատճառ դառնալ: Խոսքը վերաբերում է Արցախի անկախության 25-ամյակին ԼՂՀ իշխանությունների հրավիրած ընդունելությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբխազիայի  ու Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունների իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությանը, որը փորձ արվեց ներկայացնելու որպես նրանց հետ ՀՀ նախագահի հանդիպելու դրսևորում: Պաշտոնական Թբիլիսին այս կապակցությամբ բացատրություններ է պահանջել Երևանից: Վրաստանի փոխարտգործնախարար  Գիգի Գիգիաձեն նշել էր, որ Հայաստանում Վրաստանի դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ նման հանդիպում տեղի չի ունեցել, ինչով, ըստ էության պաշտոնական Թբիլիսին բավարարվել է:

 Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին նմանատիպ ևս մեկ իրավիճակ էր առաջացել, երբ տեղեկություն տարածվեց, թե ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու նպատակով Ստեփանակերտ այցելած Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբլիովի հետ: Այն ժամանակ Թբիլիսին չափազանց սուր արձագանքեց՝ ընդհուպ բացատրություններ ստանալու նպատակով ԱԳՆ կանչելով այդ երկրում ՀՀ դեսպանին: Միջադեպը հնարավոր եղավ լուծել միայն Վրաստանի իր պաշտոնակցի հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռախոսազրույցի արդյունքում: Այս միջադեպի համեմատ ներկայիս բավականին մեղմ արձագանքը վկայում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները չվնասելու` Թբիլիսիի ընդգծված հակվածության մասին:

Բացի դրանից արդեն մոտ մեկ տարի է՝ երկու երկրները որքան էլ աննկատ, սակայն հետևողականորեն զարգացնում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում:  2015թ. դեկտեմբերին Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանի և Իրանի հետ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ չորս երկրների միջև էլեկտրաէներգետիկ միջանցք ստեղծելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ մինչև 2018 թ. շահագործման պետք է հանձնվի նաև Հայաստան-Վրաստան 400/500 կՎտ էլեկտրահաղորդման գիծը: Կվիրիկաշվիլիի` Հայաստան կատարած այցի օրը նաև հայտնի դարձավ, որ Հայաստանը գազ է մատակարարում Վրաստան: Ըստ Panarmenian.net-ի՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Վրաստան է արտահանվել 24.7 մլն խորանարդ մետր գազ: Առայժմ հայտնի չեն, թե ինչ գործարքի շրջանակներում է տեղի ունենում այս մատակարարումը, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը վերաբերում է իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելուն, որի շուրջ Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև ինտենսիվ բանակցություններ էին ընթանում այս տարվա սկզբին:

Ակնհայտ է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները Հայաստանը դիտարկում են որպես Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական-էներգետիկ ազդեցությունը ինչպես դեպի Իրան, այնպես էլ՝ Ռուսաստան, թուլացնելու դիվերսիֆիկացիոն միջանցք: Ռուսաստանի առումով ուշագրավ է այն հանգամանքը, որ ըստ ՀՀ կառավարության պաշտոնական տեղեկատվության, Վրաստանի վարչապետը բավականին դրական է արձագանքել Հովիկ Աբրահամյանի այն առաջարկին, ըստ որի վրացի գործարարները կարող են Հայաստանում դեպի ԵԱՏՄ շուկաներ միտված համատեղ ձեռնարկություններ ստեղծելու նպատակով մեր երկրում ներդրումներ կատարել:

Երկկող հարաբերությունների դրական այս դինամիկան նպաստավոր ֆոն է ստեղծում հայ-վրացական օրակարգի կնճռոտ հարցերի շուրջ ավելի կառուցողական երկխոսություն ծավալելու համար: Խոսքն առաջին հերթին, իհարկե, վերաբերում է Վերին Լարսի անցակետի, ինչպես նաև Հայաստան մատակարարվող ռուսական գազի գազատարի՝ Վրաստանի տարածքում հնարավորինս անխափան, անվտանգ շահագործման և առաջացող տեխնիկական խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու հարցում առկա ակնհայտ խնդրին: Բացի դրանից, Երևանի համար խիստ անհանգստացնող է նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հետ Վրաստանի ՊՆ-ի սկսած համատեղ նախաձեռնությունները, որոնք ինտենսիվ բնույթ էին կրում հատկապես պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի պաշտոնավարման շրջանում: Թեև ակնհայտ է, որ Թբիլիսին թուրք ադրբեջանական զինուժի հետ համագործակցության խորացումը դիտարկում է ռուսական հնարավոր ագրեսիայի համատեքստում իր անվտանգության համակարգն ուժեղացնելու առումով, սակայն մեծ է վտանգը, որ այդ քաղաքական գիծը կարող է սպառնալիք ստեղծել Հայաստանի համար: Հայ-վրացական օրակարգում, իհարկե, չի կարելի անտեսել նաև վիրահայության սոցիալ տնտեսական, քաղաքական և մշակութային և հատկապես Ծալկայի և Ախալցխայի շրջանների ժողովրդագրական իրավիճակի խնդիրները:

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Նկատի առնելով այն բարենպաստ իրավիճակը, որ վերջին տարիներին հաստատվել է հայ-վրացական հարաբերություններում, այդ ընտրությունների ելքը չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար: Գործող իշխանությունը ներկայացնող «Վրացական երազանք» կոալցիայի հիմնական մրցակիցները նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներնն են: Եվ այս երկընտրանքի համատեքստում Երևանին ձեռնտու կարող է լինել գործող իշխանության հաղթանակը, որն առկա դինամիկան առաջիկա մի քանի տարիներին պահպանելու և զարգացնելու հնարավորություն կտա: Սակայն Վրաստանում ընտրությունները սովորաբար արդյունքներ են ունենում և Երևանին այլ բան չի մնում անել, քան սպասել և ընտրությունների հնարավոր ելքերն ու հետևանքները հաշվարկել:

 Գևորգ Դարբինյան 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica