close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրթված մարդու ներկայությունը բանակում շատ կարևոր է. Լևոն Մկրտչյան

Հարցազրույց

5 Սեպտեմբերի 2016, 17:05
 Կրթված մարդու ներկայությունը բանակում շատ կարևոր է. Լևոն Մկրտչյան

Նոր ուսումնական տարին արդեն մեկնարկել է` կրթության ոլորտում կատարվող մի շարք փոփոխություններով հանդերձ: Շուտով ԱԺ-ում քննարկման կդրվի նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որում նույնպես կարվեն փոփոխություններ: Սրան զուգահեռ` կան կարծիքներ, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ հնարավորինս քիչ պետք է լինեն փոփոխություններ: Այս և կրթական այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

 -Պարո'ն Մկրտչյան, այս օրերին բուռն քննարկվում էր բուհերի վարձավճարների հարցը: Արդյո՞ք դրանք հնարավոր չէ իջեցնել, և արդյո՞ք դրանք բարձր են, քանի որ բուհերը չունեն այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ:

-Տեսեք` համալսարանները հիմա ի՞նչ ռեսուրսների վրա են նստած` շատ փոքր ծավալով պետական ֆինանսավորման /20 տոկոսի չափով/ և ուսանողների վարձավճարի: Աշխարհի բոլոր համալսարաններում ուսանողական վարձավճարը բուհի եկամտի 40 տոկոսից ավելին չի կազմում, իսկ մեզ մոտ այն բուհի եկամտի հիմնական աղբյուրն է դառնում: Այսինքն` բուհերը պետք է կարողանան որոնել ֆինանսավորման նոր ճանապարհներ` նվիրատվություններ կամ բիզնես-ծրագրեր իրականացնել, բայց դրա համար շատ կարևոր է, որ համալսարանը գիտակցի իր առաքելությունը, առաքելության չգիտակցումը հանգեցնում է այն բանին, որ բուհը նստում է միայն ուսանողի վճարի վրա և, ի վերջո, խաբում բնակչությանը: Օրինակ` երբ մեր մարզային` մանկավարժական կրթություն իրականացնող համալսարաններից մեկում կար կադաստրային գործ, նշանակում է` այդ տարածքի բնակչությանը խաբում է բուհը: Այո, մեր ժողովուրդը շատ է սիրում կրթությունը, նվիրված է, բայց ինչ-որ պահի մեր բնակչության աչքը կբացվի, չէ՞, այսինքն` եթե մանկավարժական ինստիտուտի անունը փոխենք և դարձնենք համալսարան, այն համալսարան չի դառնա: Միջազգային բոլոր օրենքներով` համալսարան կարող է կոչվել այն կրթական հաստատությունը, որն իրականացնում է առնվազն 3 կրթական ոլորտի ծրագիր: Մենք պետք է կարողանանք «Բարձրագույն կրթության մասին» օրենքում դա ֆիքսել, որպեսզի դիմորդը հասկանա` ո՞ւր է գնում` սովորելու, և ի՞նչ արդյունք է ունենալու: Այս բոլոր բարեփոխումները պետք է կատարենք հանգիստ, քայլ առ քայլ` աշխատելով, որպեսզի այս ծանր վիճակում որևէ մեկն աշխատանքից չզրկվի, և ուսանողների թիվն էլ աճի: Օրինակ` Գյումրու տարածաշրջանում 6 պետական ուսումնական հաստատություններ են աշխատում, սակայն այդ հաստատություններում սովորող ուսանողների թիվը չի անցնում 4000-ից, բայց օրենքով այդ 6 բուհերում պետք է սովորի առնվազն 8-10 հազար ուսանող: Սրա փոխարեն, սակայն, ադմինիստրատիվ ապարատն այն քանակի է, ինչ 8-10 հազար ուսանողի դեպքում պետք է լիներ: Այս դեպքում անհրաժեշտ է ստեղծել Շիրակի տարածաշրջանային համալսարան, որը կունենա այնպիսի մասնագիտություններ, որ այդ տարածքի խնդիրները կարողանա կարգավորվել, և բնակչությունն էլ չի գա Երևան: Սակայն խնդիրը պետք է կարողանանք կարգավորել նույն ռեսուրսի հիման վրա, սա մեր քաղաքականության հիմքն է լինելու, և 300-400 հոգու համար, ովքեր ուզում են իրենց աշխատանքը պահպանել, ամբողջ տարածաշրջանը չի կարող դատապարտվել ձախողման:

-Վերջին օրերին մի շարք փոփոխությունների մասին էր խոսք գնում, և կարծիքներ կան, որ կրթությունն այն ոլորտն է, ուր չպետք է փոփոխություններ լինեն:

-Ոչ, ես կասեի` կրթությունն այն ոլորտն է, որ եթե չկարողանանք ևս 3-4 տարի այս քայլերն անել, արդեն ուշ կլինի, այսինքն` այն, որ ձեռք ենք բերել 70 տարիների ընթացքում, այն ձևաչափերը, որոնցով աշխարհը ճանաչում է մեր կրթական համակարգը, շատ արագ կարող ենք կորցնել, եթե չկարողանանք համընթաց քայլեր անել: Մենք պետք է կարողանանք լուծումներ գտնել, ինչպես ավագ դպրոցում արվեց` ներդրելով 12-ամյա կրթությունը: Աշխարհում այլևս 12-ամյա կրթություն է, աշխարհում այլևս չկա տարածք, որտեղ 10-ամյա կրթություն լինի, բայց քանի որ մեր հիշողության մեջ կար, որ տասնամյա կրթությունը որակ է տալիս, դրա համար էլ 12-ամյա կրթության միտքը սկզբում լավ չընդունվեց: Խնդիրն այն է, որ ձևաչափը կարևոր չէ, բովանդակությունն է կարևոր. 12-րդ դասարանի կրթական ծրագիրը պետք է այնպիսին լինի, որ օգտակար լինի աշակերտի կայացման համար: Ես միշտ հարց եմ տալիս, թե ինչո՞ւ ծնողը երեխային անկյուն է կանգնեցնում, եթե նա 9-րդ դասարանում դասի չի գնում, բայց նույն ծնողը երեխային ասում է` դե լավ, չես ուզում մի գնա ավագ դպրոց: Մյուս կողմից` ծնողը մեղավոր չէ, խնդիրն այն է, որ ծնողը չի տեսնում ավագ դպրոցի օգտակարությունը, ուստի մենք պետք է բովանդակությունը ճիշտ դնենք:

-Աշխատաշուկա-կրթություն կապում ո՞ր օղակն է թերանում, որ արդյունքում ունենում ենք առանց աշխատանքի մի շարք իրավաբաններ և միջազգայնագետներ, իսկ, մյուս կողմից, այլ մասնագիտություններով բազում թափուր աշխատատեղեր, որոնք այդպես էլ չեն լրացվում:

-Միանգամից շատ բաներ պահանջել չի կարելի, որովհետև մենք այս ձևաչափով, այս տնտեսությամբ, այս աշխատաշուկայում գտնվող երկիր ենք, և շատ խնդիրներ կախված են նրանից, որ մեր աշխատաշուկան դեռևս ձևավորված չէ: Աշխատաշուկա-կրթություն կապն ամենակարևոր հարցն է: Այնտեղ, որտեղ կա ձևավորված աշխատաշուկա, շատ հետաքրքիր մեխանիզմներ են ներդրված արդեն: Օրինակ` IT ոլորտում մենք համագործակցում ենք «Սինոփսիս»-ի հետ: Այնտեղ, որտեղ աշխատաշուկան ձևավորված է, սկսվում է մասնագիտությունների վերածնունդը, օրինակ` ճարտարագիտական համալսարանում նորից սկսեց ուժեղանալ էներգետիկայի բլոկը: Մյուս կողմից` այո, 350 թափուր տեղ ունենք անասնաբուժության ոլորտում, այսինքն` ժողովուրդը չի գիտակցում, որ եթե ինքը գնաց այսինչ մասնագիտությամբ, վաղն ինքն աշխատանք է ունենալու: Գիտակցությունը, որ կրթությունը սերտորեն կապված է աշխատաշուկայի հետ, չկա: Կանցնի ժամանակ, և կյանքը կթելադրի ամեն ինչ, մարդիկ կհասկանան, որ եթե իրենց տունը վաճառեցին, վարկ վերցրին, և երեխան դարձավ իրավաբան կամ տնտեսագետ, ապա նա մտնում է մրցակցային դաշտ, ուր 1000-ից 1-ն է իր տեղը գտնում: Դրա համար էլ պետք է դպրոցներում ծնողների և աշակերտների հետ աշխատանք տարվի, և այս առումով կարևոր են կարիերայի կենտրոնները, իսկ համալսարաններն իրենց հերթին պետք է քարոզչություն անեն: Փայլուն ձևով իրեն արդարացնում է ավագ դպրոցները համալսարանների հովանու ներքո տեղադրելու շարժումը. բոլոր ավագ դպրոցները, որոնք կոնկրետ մասնագիտական ուղղվածություն ունեն և կոնկրետ համալսարանի հետ են աշխատում, լավագույն վիճակում են, քանի որ այդտեղ մտնողն արդեն կողմնորոշված է, գիտի` ինչ է ուզում հեռանկարային 10 տարվա ընթացքում: Ես հույս ունեմ, որ մեր երկրում շուտով  աշխատաշուկան կկայանա, և դրա հեռանկարները պարզ կլինեն, որպեսզի կրթության համակարգը սկսի նրան սպասարկել: Ինչո՞ւ է քիմիա մասնագիտությունը մեզ մոտ գրեթե վերացման տակ, քանի որ այդ ուղղությամբ աշխատաշուկան կայացած չէ, երեխաներն ավարտում են և կանգնում փաստի առաջ` կա'մ պետք է երկրից գնան, կա'մ այլ մասնագիտությամբ աշխատեն:   

-Այս առումով` ուսումնական պրակտիկան էլ, իր հերթին, չպե՞տք է դեպի աշխատաշուկա առաջին քայլը լինի, քանի որ կա մեկ ուրիշ խնդիր` աշխատանքային փորձ կոչվածը:

-Անպայման, օրինակ` Ֆրանսիական համալսարանը պարտադիր պահանջում է 2-3 պրակտիկա: Մագիստրատուրայում պետք է կարողանանք տարանջատել գիտելիքի պահը և փորձառությունը, իսկ համալսարանները պարտավոր են աշխատել տվյալ ոլորտի աշխատանքի շուկան ներկայացնող հաստատությունների հետ: Ցավոք, Հայաստանում մի քանի ուղղությամբ, ըստ էության` խոշոր արդյունաբերության մեջ ներկայացվածություն չունենք, բայց միջին և մանր բիզնեսի ոլորտում կան որոշ համագործակցություններ: Մենք մի քանի օր առաջ պրակտիկանտներ ունեինք, ես զրուցում էի նրանց հետ և հասկացա, որ  համալսարաննը ոչ թե պետք է պրակտիկայի իր ծրագիրը գրի  և ուղարկի ուսանողներին մեզ մոտ, այլ մենք պետք է մեր կարիքները ֆիքսենք և ուղարկենք մեր հայտը տարբեր բուհեր` ուսանողների պրակտիկան կազմակերպելու համար:

-Ներառական կրթությունը ոլորտի ամենաթույլ կետերից մեկն է, քանի որ որքան էլ փորձում ենք քայլեր անել, բայց գլխավոր խնդիրը, կարծես, մնում է չլուծված: Անգամ դպրոցները, որոնք ներառական կրթություն են իրականացնում, հարմարեցված չեն, բուհերը` նույնպես: Կան մարդիկ, որոնք դուրս են մնում կրթական համակարգից հենց այդ պատճառով, չնայած հանգամանքին, որ մինչև 2020-ը պետք է համընդհանուր ներառման անցնենք: Ի՞նչ իրատեսական ակնկալիքներ պետք է ունենանք այս ոլորտում:

-Մինչև 2020-ն, այո, պետք է անցնենք համատարած ներառականության, բայց ներառականությունն, ի վերջո, իրեն արդարացնում է խիստ բարեկեցիկ հասարակություններում, և նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրները շատ զգույշ են մոտենում համատարած ներառականության գաղափարին: Մեզ մոտ, ներառականություն ասելով, հիմնականում հասկանում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը կրթական համակարգում, բայց իր խորքի մեջ ներառականությունը, օրինակ, ֆիզմաթ դպրոցի գործունեությունն է, այսինքն` հանճարեղ երեխան` աուտիզմի համախտանիշով, սոցիալապես մի քիչ ավելի ընկճված, բարդույթավորված, հոգեբանի կարիք ունեցող երեխան էլ, երբ սովորում է մյուսների հետ մեկ դասարանում, սա էլ ներառականություն է: Արևմտահայն այսօր մտավ մեր դպրոց պետք է ադապտացվի, չէ՞, և  սա էլ ներառականություն է: Այս առումով` մենք իսկապես մեծ անելիք ունենք, և այս տարի ունենք ուսուցչի օգնականի հաստիք, ով դպրոցում կհետևի 100-ից 10` այդ տարբերվող երեխաներին: Մենք անելիքներ ունենք` բոլորին հավասար պայմաններ ապահովելու համար: Մեր առջև կանգնած ամենամեծ խնդիրը, իրոք, հաշմանդամություն ունեցող անձանց կրթությունն ապահովելն է, և մենք ունենք ծրագիր, որը պետք է փորձենք լավ անել: Եթե քայլ առ քայլ կարողանանք առաջ գնալ, ճիշտ կլինի, բայց սա պետք է նաև համընթաց շարժում լինի: Ներառականության գաղափարը, երբ առաջին անգամ մտցրինք, ուղղակի սարսափելի էր ծնողների դիմադրությունը, հիմա անցավ ժամանակ, և հասարակության մեջ արդեն դրական վերաբերմունք կա: Հիմա ինձ համար շատ ավելի կարևոր է դրական ֆոնը պահել, քան 1-2 երեխա արագ ու անպատրաստ դպրոց մտցնելը: Այո, ունենք բացթողումներ և պետք է փորձենք կամաց-կամաց կարգավորել ոլորտը:

-2017-ին Հայաստանում հերթական ընտրություններն են սպասվում, ի՞նչ պետք է անել, որ կրթության ոլորտը, ի վերջո, զերծ մնա քաղաքականությունից:

-Ընդհանրապես, կրթված մարդիկ պետք է քաղաքականության վրա ազդեցություն ունենան, քանի որ քաղաքականությունը տվյալ երկրի ճակատագիրն է որոշում, բայց ուսումնական հաստատություններում չպետք է կուսակցականացված իրավիճակներ լինեն: Սա շատ կարևոր սկզբունք է, և այս իմաստով պետք է օրենսդրական դաշտը փոփոխենք. «Բարձրագույն կրթության» օրենքում հաստատված կլինի, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն լինելու համալսարանի գիտական խորհուրդների նախագահներ կամ անդամներ: Կարող է լինի 1-2 բացառություն, օրինակ` ազգային համալսարանի դեպքում: Շատ կարևոր է, որպեսզի բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ակադեմիական գործունեության ինքնավարությունն ու ազատությունը պահի: Մեր երկրի համար շատ կարևոր է, որպեսզի ապակենտրոն կրթական համակարգի հնարավորությունները ձևավորենք, որպեսզի կարողանանք տեղերում որակ ապահովել. պետք է տեղերում գիտափորձերի, ինքնուրույն աշխատանքի, տարբեր ուղղություններով զարգացման հնարավորություն տանք, քանի որ աշխարհը շատ դինամիկ է: Շատ կարևոր է, որ կրթական համակարգն իրեն ազատ զգա ցանկացած քաղաքական փոփոխության պայմանում, որպեսզի ինքն իր առաքելությունը գիտակցի և բոլորին սպասարկի: Պետք է հասկանան, որ եթե քաղաքական տարբեր հոսանքները չխնայեն կրթական համակարգը, վաղը մենք կզրկվենք մեր կարևոր ռեսուրսներից:

-Տարկետման իրավունքի վերացումը բուռն աժիոտաժ ստեղծեց: Ինչ լուծում է, ի վերջո, ստանալու հարցը, և արդյո՞ք չպետք է լինեն բացառություններ:

-Խնդիրն այն է, որ ցանկացած բացառություն բերում է որոշակի բացասական երևույթներ, կոռուպցիոն վտանգ, և դրանք պետք է շատ կոնկրետ ձևակերպված լինեն, օրինակ` միջազգային օլիմպիադաների հաղթողների դեպքում, ինչպես նաև` բնական գիտություններում կան ուղղություններ, որտեղ գիտնականը միշտ պետք է զբաղվի գիտությամբ, որ իր որակը պահի: Կա´մ պետք է ուսանողությունը չգնա բանակ, կա´մ գնա: Մեծ հաշվով` խնդիրն արդեն լուծված է` տարեկան 6000-7000 ուսանող է գնում բանակ, մնում է փոքր քանակություն` 600-700 ուսանող: Մեր երկրի դեպքում ճիշտ կլինի, որ բնակչությունը զինվորական պատրաստվածության ծավալ ունենա: Այս իմաստով մենք պետք է համագործակցենք ՊՆ-ի հետ, քանի որ մենք մեր բանակը չենք կարող դարձնել բանվորա-գյուղացիական, կրթված մարդու ներկայությունը բանակում շատ կարևոր է: Եթե բանակում խնդիրներ կան, եկեք դա լուծենք, բայց ասել, որ այս շերտը պետք է ազատվի ծառայությունից, սխալ է: 

 

Կարինե Հարությունյան

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica