close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+19°
+21°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բուհերում հնարավոր է հրաժարվենք պետական քննություններից. Լևոն Մկրտչյան

Հարցազրույց

31 Օգոստոսի 2016, 17:05
 Բուհերում հնարավոր է հրաժարվենք պետական քննություններից. Լևոն Մկրտչյան

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ուսումնական հաստատությունների տնօրենների հետ վերջին օրերին անցկացված ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ նշեց, որ կրթության ոլորտում առաջիկայում կլինեն լուրջ փոփոխություններ: Մասնավորապես` ավագ դպրոցում` 12-րդ դասարանի վերջին կիսամյակում, աշակերտը հնարավորություն կունենա սովորելու այն 3 առարկաները, որոնք հետագայում պետք կլինեն մասնագիտական ընտրություն կատարելիս: Հաջորդ տարի այս մոդելը կկիրառվի 12-րդ դասարանում ամբողջ ուսումնական տարում: 12-րդ դասարանում կներդրվի նաև կրեդիտային համակարգ: Այս և այլ հարցերի առնչությամբ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

-Պարո'ն Մկրտչյան, վերջին օրերին մի շարք փոփոխությունների մասին բարձրաձայնեցիք. բուհական համակարգում, մասնավորապես` բակալավրիատը, 4 տարվա փոխարեն հնարավոր կլինի ավարտել 3 տարում: Կրթության որակի վրա սա չի՞ անդրադառնա:

-Փորձելու ենք հիմնական ուշադրությունը սևեռել կրեդիտի վրա, և ուսանողները, այո,  հնարավորություն պետք է ստանան 4 տարվա բակալավրիական կուրսն անցնել 3 տարում: Այսինքն` 12-րդ դասարանում մենք կդնենք մինիմալ տարեկան կրեդիտներ, և եթե ինչ-որ մեկն ուզենա ավելի մեծ կրեդիտային ծավալ վերցնել իր վրա, նա կկարողանա իր ուսումը կրճատել 1 տարով` արդեն բակալավրիատում: Այսինքն` այս համակարգերը, որոնք աշխարհում գործում են, եթե կարողանանք դանդաղ ներդնել մեր կրթական համակարգում, ապա, ամենակարևորը, լրացուցիչ նյութական ծախսերը կնվազեն: Ի վերջո, ամեն ինչի հիմքում որոշակի նյութական խնդիր կա: Եվրոպական երկրների մեծ մասում կրթությունը պետության ծախսով է իրականացվում, և 5-ամյա կրթական համակարգը քառամյա դարձնելը նաև նյութական բեռը թեթևացնելու հիմք ուներ: Բայց դա չպետք է լինի որակի հաշվին, և այստեղ շատ կարևոր է, որպեսզի այդ օղակները շատ ուժեղ համագործակցեն: Խոսքը, բնականաբար, ավագ դպրոց-համալսարան կապի մասին է: Աստիճանաբար պետք է փորձել ավագ դպրոցում, քանի որ փոփոխություններն ամբողջությամբ և արագ ավագ դպրոց տեղափոխելուն դրանք կարող են դեռ պատրաստ չլինել: Այս ընթացքում «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը կսկսի գործել, կտեսնենք դրա արդյունքները, գուցե կփորձենք պիլոտային անել այդ ծրագիրը, հետո նոր դա էլ հաստատել օրենքով:

-Մինչ այս խոսք էր գնում նաև ավարտական քննությունների քանակի կրճատման մասին: Ի՞նչ կտա դա աշակերտին և արդեն` ապագա դիմորդին, սա կրթական ի՞նչ խնդիր է լուծելու:  

-Օրենքը, այո, կտա նման հնարավորություն, բայց մենք նախ պետք է փորձենք բեռնաթափել ԳԹԿ-ի գործառույթները, որտեղ կենտրոնացված է 3 ֆունկցիա` քննությունները, վճարովի-անվճար ձևաչափը, մրցույթը: Ինչո՞ւ են համալսարանները շատ դժգոհում կենտրոնացված քննությունից, որովհետև այդ ձևաչափով առաջին հայտի գերակայությունը չի ապահովվում: Երեխան կարող է ուզում է «Պատմություն» բաժինն ընդունվել, բայց «Իրավաբանական»-ից դուրս մնացած դիմորդը մեխանիկորեն այդ տեղը գրավում է: Պետք է այնպես անենք, որ առաջին հայտի գերակայությունը պահպանվի, որից հետո լինի թափուր տեղերի սովորական մրցույթ, և այս դեպքում կարծում եմ, որ համալսարանները կստանան իրենց ուզած որակը: Այսինքն` երիտասարդը, ով ուզում է տվյալ մասնագիտությամբ իր կրթությունը շարունակել, հնարավորություն կունենա մրցույթին մասնակցելու, և դրանից հետո նոր միայն թափուր տեղերի ցուցակով մյուսները կընդունվեն:

-Անվճար տեղերի հետ կապված` ամեն տարի ինչ-ինչ դժգոհություններ են լինում: Ի՞նչ պետք է անել, որպեսզի անվճարի ձևաչափում հաշվի առնվի նաև դիմորդի սոցիալական վիճակը:

-Այստեղ էլ կլինեն փոփոխություններ, և այժմ մեխանիզմի մասին ենք մտածում: Կարծում եմ` սա պետք է օրենքը կարգավորի: Անվճար համակարգում սոցիալական ֆակտորը պետք է գերիշխող լինի, այսինքն` այսօր մի շերտ ունենք` միջին եկամտի տեր, օրական ապրուստով ապրող, որոնց երեխաները հնարավորություն չունեն կրկնուսույցի մոտ պարապելու, բայց լավ են սովորում: Այդ երեխաների միավորները 14-16 բալ են, և նրանք ընդունվում են վճարովի, բայց շատերը դուրս են մնում` չկարողանալով վարձը վճարել: Պետք է կարողանանք անվճարի մեջ ֆիքսել, որ տվյալ երեխան կարողանա իր միջին միավորով անվճար կրթության իրավունք ստանալ մեկ տարով, իսկ հետո, երբ համալսարանում ռոտացիան կսկսի աշխատել, նա արդեն իր տեղը կգտնի` իր գիտելիքներին համապատասխան: Քանի որ ընդունելության քննության համար անհավասար պայման է ստեղծվում` մեկը գնում է կրկնուսույցի մոտ, մյուսն ի վիճակի չի լինում, ուստի պետպատվերը պետք է վերանայենք: Եթե մրցույթն ու այս հարցը կարգավորենք, ուրեմն թեստավորման կենտրոնը կկատարի իր հիմնական ֆունկցիան` ընդունելության քննությունների կազմակերպումը, և կտա սերտիֆիկատ, թե ով ինչքան միավոր է ստացել, որից հետո դիմորդը կկարողանա ազատորեն կողմնորոշվել` ուր դիմել:

-Շատ երկրներում ընդունված է` տնօրենների հավաստագրման քննություններն անցկացվում են ընդամենը մեկ անգամ, որից հետո` որոշակի ժամանակահատվածը մեկ, նրանք վերապատրաստում են անցնում: Կարծես մեզ մո՞տ էլ ենք պատրաստվում այդ ձևաչափը կիրառել:

-Այո, մենք արդեն լուծել ենք այդ հարցը: Նրանք, ովքեր մասնակցել են քննության, ազատվում են քննություններից և միայն վերապատրաստման են մասնակցում, իսկ առաջին անգամ դիմողը շատ ավելի պարզեցված համակարգով կհանձնի քննություն: Խնդիրն այն է, որ եթե մեկն ուզում է տնօրեն դառնալ, ավելի լավ կլինի, որ հանձնաժողովը լսի, թե ի՞նչ պատկերացումներ ունի նա` ինչպե՞ս է դպրոցը կառավարելու, քան` ինչ-որ հարցեր գրես, և նա պատասխանի: Այստեղ հակակոռուպցիոն տարր էլ կա: Բացի այդ` եթե տնօրենն արդեն աշխատում է, կարիք չունի անընդհատ իր գիտելիքը հաստատելու, նա պետք է վերապատրաստվի. նոր օրենքների, փոփոխությունների վերաբերյալ վերապատրաստում կանցնեն, վկայագիրը կստանան, և ավտոմատ կերկարացվի ժամկետը: Կարծում եմ` ճիշտ տարբերակը բանավոր խոսքը լսելն է, քանի որ գրավորի դեպքում կարելի է 10 հարց առանձնացնել, գան, գրեն ու գնան, և դու այդպես էլ չես իմանա` նա պատրա՞ստ էր` որպես տնօրեն աշխատելու: Այս բեռնաթափումն արդեն իրականացրել ենք, և այն բավական լավ է ընկալվել մանկավարժների կողմից:

-Կոռուպցիան, կարծես, անընդմեջ քննակվող թեմա է: Աշխատավարձերի բարձրացումը կնպաստի՞ կոռուպցիայի նվազեցմանը: Հատկապես ուսումնարանների տնօրեններն օրերս բարձրաձայնում էին ցածր աշխատավարձի մասին:

-Կոռուպցիոն ռիսկերի մեջ ցածր աշխատավարձը շատ մեծ դեր է խաղում, որովհետև եթե ուսուցիչը ստանում է 60-70 հազար դրամ աշխատավարձ, դժվար է նրանից որակ պահանջել: Մեր խնդիրներից մեկն այն է, որ ձևաչափը, որ պետությունն ունի` դրույքի համար` 147 000 դրամ, չենք կարողանում ապահովել, որովհետև դա կրթության համակարգի վրա շատ մեծ սոցիալական ծանրաբեռնվածություն է, դրա համար էլ դրույքը կիսվում է 2-3, նույնիսկ` 4 տեղի վրա: Մենք այս դեպքում պարտավոր ենք մանկավարժին ազատել աշխատանքից, բայց ազատել աշխատանքից` չառաջարկելով այլ աշխատանք` նշանակում է մարդու համար ճանապարհը փակել: Դրա համար կրթական համակարգը` ինչպես դպրոցում, այնպես էլ բարձրագույնում, մեր երկրի պայմաններից ելնելով, իր վրա վերցնում է սոցիալական ծանրաբեռնվածություն, որն իջեցնում է աշխատավարձերը, դա էլ մեխանիկորեն բերում է որակի անկման և կոռուպցիոն ռիսկի մեծացման: Համակարգում կարող ենք շատ այլ ճանապարհներով այդ ռիսկերը նվազեցնել: Նույն` պետական քննությունները, դրանց խստացումները, ի վերջո, մեծացնում են կոռուպցիոն ռիսկերը, եթե բուհը կրեդիտային համակարգով է աշխատում: Պետական ատեստավորման քննության համար ճիշտ կլինի, որ ուսանողն ունենա աշխատանք` դիպլոմային կամ գործնական ինչ-որ բան, այլ ոչ թե 5 տարի կրեդիտ ստացած մարդուն նորից քննություն նշանակեն: Հնարավոր է հրաժարվենք պետական քննություն կոչվածից` ավարտական փուլում կոնկրետ արդյունք պահանջելով` լինի աշխատանքի, թե թեզի ձևով, ինչպես մի շարք երկրներում է ընդունված: Մենք ունենք համալսարաններ, որոնք հենց այս ուղիով են գնում, օրինակ` ճարտարագիտական համալսարանը: Բյուրոկրատիզմի նվազեցումը, օպտիմիզացիան` բնականաբար, ոչ ուսուցչական, դասախոսական կազմի, կրթության որակի վրա էականորեն կազդի: Ի՞նչ է նշանակում` հաստատությունն ունի 3-4 հազար ուսանող և 5 պրոռեկտոր. պրոռեկտորն իրեն տեղ պետք է որոնի, չէ՞, իր համար դաշտ ստեղծի` քարտուղարուհի, խորհրդական ունենա: Այս բոլորն ավելորդ տեղեր են, և սրանք, ի վերջո, մեծացնում են կոռուպցիոն ռիսկերը, մարդիկ փորձում են իրենց ազդեցության դաշտը ստեղծել:

 

Կարինե Հարությունյան

Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica