close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+19°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բալասանյան Հանրապետական Գարեգինի

Հարթակ

29 Օգոստոսի 2016, 22:56
 Բալասանյան  Հանրապետական Գարեգինի

Հանրապետականը, պարզվում է, ազգանուն ունի՝ Բալասանյան: Դե այսինքն` Բալասանյան Հանրապետական Գարեգինի: Եւ սրանից հետո ընտրություններում` լինեն դրանք ՏԻՄ, թե հանրապետական նշանակության, այս կուսակցությունը կարող է հանդես գալ իր անվանման, ենթադրենք միայն ազգանունով՝ Բալասանյան, կամ անունով՝ Հանրապետական, կամ էլ` հայրանունով:

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կոնկրետ ՀՀԿ-ն որոշել է հանդես գալ ազգանունով՝ Բալասանյան: Ճիշտ է` այն «համընկել է» Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգանվան հետ, բայց դա գործող քաղաքապետի գործին միայն օգնում է, քանի որ ՀՀԿ-ն Գյումրիում սատարում է հենց Բալասանյանին, որին սատարում են նաեւ Հայաստանի բոլոր քրիստոնյա-դեմոկրատները: Հենց այս կազմով էլ հավանաբար նստած են եղել մի օր՝ Գյումրում եւ որոշել են` տղերք, բերեք դաշինք կազմենք: Բոլորը համաձայնել են, մանավանդ քրիստոնյա-դեմոկրատները, քանի որ վերջիններիս բոլորը չէ, որ առաջարկում են դաշինք կազմել: Հետո ՀՀԿ-ն ասել է, թե եկեք կազմենք ՀՀԿ միացյալ ցուցակը, եւ հենց այդ պահին էլ Սամվել Բալասանյանն ասել է` հըլը մի րոպե,  ես ԲՀԿ-ական եղել եմ, ՕԵԿ-ական եղել եմ, բայց դեռ այդքան նեղը չեմ, որ  ՀՀԿ-ական դառնամ:  ՀՀԿ-ն էլ, ելնելով իր քաղաքական եւ պետական փորձառությունից, միանգամից ասել է, Դուք ՀՀԿ-ական չեք, ուրեմն մենք բոլորս Բալասանյան ենք:

Բոլորը դարձել են գոհ եւ երջանիկ, մանավանդ քրիստոնյա-դեմոկրատները, քանի որ վերջիններս հազվադեպ են գոհ եւ երջանիկ լինելու հնարավորություններ ստանում. դեմոկրատիային վաղուց արդեն քչերն են հավատում, քրիստոնեությանն՝ առավել եւս:

Հենց այսպես էլ, երեւի, ստեղծվել է Բալասանյան դաշինքը: Ապա ՀՀԿ-ում եւ Խոսրով Հարությունյանի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունում հավաքվել են 99 հոգի, կազմել են դաշինք եւ հենց այդպես դաշինքով՝ սուրը՝ սրին, միտքը՝ մտքին, պատրաստվում են Գյումրու ընտրություններին: Հիմա, հետաքրքիր է, եթե «Բալասանյան» դաշինքում ընդգրկված բոլոր 99 հոգուն հարցնենք, թե դուք ով եք, ինչ են պատասխանելու, ասելու են. «Մենք բոլորս Բալասանյա՞ն ենք»: Չէ, ուղղակի հետաքրքիր է…

Գյումրիում ուշագրավ պատկեր է ստացվում. Բացի «Բալասանյան» դաշինքից, որ գլխավորում է նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, առաջադրվողների թվում է նաեւ  «Ալյանս» կուսակցությունը, որը ղեկավարում է նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ինչպես նաեւ հալա-զուլալ ԲՀԿ-ն,  Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»  եւ ԳԱԼԱ ու «Գյումրեցու ոգի»  կուսակցությունները: «Թեժ պայքար» է լինելու, մանավանդ «Գյումրեցու ոգի» եւ առաջադրված մյուս կուսակցությունների կամ դաշինքների միջեւ.  «Բալասանյան»-ները կարծում եմ, շանս չունեն: Բանն այն է, որ ինչպես կյանքը ցույց է տալիս` մեր ընտրություններում` լինեն դրանք  ՏԻՄ, թե (չ)ՏԻՄ, հաճախ հաղթում է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ անուն ընտրացուցակներում չկա, այսինքն` մաքուր դեմոկրատական, ավելին՝ քրիստոնեական ընտրություններ են լինելու: Գյումրին արժանի է դրան, մենք արժանի ենք դրան…

Բայց այդուհանդերձ, ինչո՞ւ խուսափել սեփական անունից եւ սեփական անունով ներկայանալուց: Ասենք ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե ոչ թե Բալասանյան դնեին դաշինքի անունը, այլ՝ Հանրապետակ-յան: Համ բոլորը կհասկանային, թե Բալասանյան ասելիս՝ ինչ  նկատի ունեք, համ էլ այդ անունը կմիավորեր եւ Հանրապետականին, քանի որ կուսակցության անվանման առաջին մասը կա, համ էլ Բալասանյանին, որի ազգանունի վերջին երեք տառը կա: Հա, մեկ էլ բոլոր հայ քրիստոնյա-դեմոկրատներին, չմոռանանք նրանց հանկարծ…

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica