close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+16°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.35
GBP1629.32
EUR1556.13
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թիրախում բարձրաստիճան պաշտոնյաներն են. կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում նախարարը

Հարցազրույց

22 Օգոստոսի 2016, 19:39
 Թիրախում բարձրաստիճան պաշտոնյաներն են. կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում նախարարը

Օրերս՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ  ներկայացրեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Նախարարն անդրադարձավ կոռուպցիոն տեսանկյունից ռիսկային համարվող մի քանի ոլորտների, խոսեց իրական սեփականատերերի բացահայտման, պետական գնումների, ապօրինի հարստացման և այլ ինստիտուտների, դրանցում  կոռուպցիան բացառելու մեխանիզմների մասին:

Yerkir.am-ը քննարկված հարցերից առանձնացրել է մի քանիսն ու դրանց լուծումների մասին զրուցել ՀՀ արդարադատության նախարար  Արփինե Հովհաննիսյանի հետ:

 - Դուք նշեցիք, որ այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել պետական գնումների գործընթացին, պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Ի՞նչ ասել է` իրական սեփականատեր:

  -Իրական սեփականատեր ասելով հասկանում ենք այն ֆիզիկական անձանց, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեն գնումներին մասնակցող իրավաբանական անձանց հետ: Ընդ որում, նման կապը կարող է դրսևորվել տարբեր եղանակներով, օրինակ՝ անձը կարող է տիրապետել տվյալ ընկերության բաժնեմասերի կամ քվեարկող բաժնետոմսերի 10 տոկոսը, իրավունք ունենա նշանակել գործադիր մարմնի ղեկավարին, ստանալ իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի որոշակի տոկոս և այլն: Մեր որդեգրած մոտեցումն այն է, որ անպայման պետք է բացահայտվի տվյալ կազմակերպության ֆիզիկական անձ իրական սեփականատերը, այսինքն` եթե առկա են տվյալ կազմակերպության միայն իրավաբանական անձ հանդիսացող  իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալներ, ապա դա միայն բավարար չէ իրական սեփականատերերի բացահայտման պահանջը կատարված համարելու համար: Պետք է հստակորեն հայտնի լինի այն ֆիզիկական անձը, որը կապված է կազմակերպության հետ: Առաջարկվող կարգավորմամբ այլևս էականորեն կնվազեցվեն իրական սեփականատերերին անհայտ մնալու հնարավորությունները, և գնումների ողջ գործընթացը կդառնա առավել թափանցիկ:

-Ի՞նչ  միջազգային փորձ կա իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ:

- Իրական սեփականատերերի բացահայտման  հարցը արդիական է ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհի շատ երկրներում: Դա աշխարհում  ամենից շատ քննարկվող ինստիտուտներից է: 2015-ին  Եվրոպական Միության  անդամ պետությունների համար դիրեկտիվ սահմանվեց, համաձայն որի՝ մինչև 2017 թվականը ժամանակ տրվեց անդամ  պետություններին ստեղծելու գրանցամատյաններ,  որոնցում  ԵՄ երկրներում գրանցված կազմակերպությունները կհայտնեն,  թե ովքեր են իրենց իրական սեփականատերերը: Առաջին քայլերն այս ուղղությամբ արել են Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Դանիան, Նորվեգիան: Այս երկրներն այն  համոզմանն են հանգել,  որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ովքեր են այն անձինք, ովքեր կանգնած են այս կամ այն գործարքի հիմքում: Սակայն  ասել, որ այդ գրանցամատյանների ստեղծումն ինչ-որ մի երկրում ավարտվել է և ունի մշակված ու փորձառություն անցած հաջողության իր բանաձևը, սխալ կլինի:

 -Իրական սեփականատերերի բացահայտման ի՞նչ մեխանիզմներ կարելի է ներդնել մեր երկրում:

- Այսօր Հայաստանում առաջարկում ենք, որ ռիսկային համարվող պետական գնումների գործընթացին մասնակցել ցանկացողները բացահայտ կերպով ներկայացնեն, թե ովքեր են իրենց իրական սեփականատերերը, ընդ որում` դա պետք է հիմնավորեն փաստաթղթերով: Այսինքն` կազմակերպությունը պետք է բացահայտի՝ ովքե՞ր են այն ֆիզիկական անձինք (անուն-ազգանունով և մյուս տվյալներով),  ովքեր իրական շահույթ են ստանում, բաժնետեր են և այլն:

-Արդյո՞ք իրավաչափ է այդ նպատակի համար  անձնական տվյալների հրապարակայնացումը:

-Այո’, այստեղ անձնական տվյալների պաշտպանության խնդիր չի առաջանում, քանի որ դա արվում է օրենքով. օրինաչափ նպատակի համար դրվում է  պարտականություն, և անձը կամավոր կերպով է հայտնում իր տվյալները: Այսինքն` եթե անձը ցանկանում է մասնակցել պետական գնումների գործընթացին, ապա  պետք է կամովին ներկայացնի այդ տվյալներն ու դրանք փաստող համապատասխան փաստաթղթերը:

-Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ անձը կեղծ տվյալներ չի ներկայացնի:

-Երաշխիքները լինելու են այն հետևանքները, որոնք վրա են հասնում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Այս ամենը լինելու է հանրային վերահսկողության ներքո, և, իհարկե, պետական մարմինը պատշաճ կարգով ստուգելու է, թե այդ տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը: Ես անձամբ, կարևորում եմ հանրային վերահսկողությունը, որովհետև սկզբունքորեն հանրությունը շատ ավելի արագ ու գործուն կերպով կարող է արձագանքել այդ տեղեկատվությանը, և բնականաբար, եթե կեղծ տվյալներ են ներկայացնելու, հստակ մեխանիզմներ են նախատեսվելու:

Գնումների գործընթացում հաղթող ճանաչված կազմակերպության իրական սեփականատիրոջ կամ սեփականատերերի տվյալները տեղադրվելու են գրանցամատյանում, որը բաց  է լինելու հանրության համար: Գրանցամատյանի ստեղծման պարագայում այդ անձինք կխուսափեն կեղծ տվյալներ ներկայացնելուց՝ վստահ լինելով, որ այդ մասին հանրությունն անմիջապես կիմանա: Նաև հստակ մեխանիզմներ կսահմանվեն, որոնք կեղծ տվյալներ ներկայացնողների համար քրեական պատասխանատվություն կնախատեսեն, ինչպես նաև կնքված գործարքը չեղյալ կհամարվի:

 - Ինչպե՞ս է նախատեսվում պայքար տանել ապօրինի հարստացման դեմ, ի՞նչ մեխանիզմներ եք առաջարկում այս ուղղությամբ:

-Երբ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարագիր է ներկայացնում,  հարց է առաջանում՝ որտեղի՞ց նրան նման եկամուտ, ինչպե՞ս է ստացվում,  որ նրա կատարած ծախսերի աճը  հավասար չէ նրա օրինական եկամտին : Օրինակ՝  ինչ-որ մեկը, որպես օրինական եկամուտ, հայտարարագրում  է 3000 ԱՄՆ դոլար, բայց պարզվում է՝ երեք ամիս անց, երբ իր օրինական եկամտի ոչ մի շարժ չի եղել, ձեռք է բերել 200.000 ԱՄՆ դոլարանոց գույք, ինչպե՞ս… Հենց այս հարցը տալու իրավունքն էլ վերապահելու ենք իրավապահ համակարգին: Այսինքն` օրենքով նախատեսվում է անձի վրա պարտականություն  դնել՝ հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի և դրանց ու իր օրինական եկամուտների միջև անհամամասնության առկայությունը:

- Որոշակի գումարից բարձր փոխառությունների կանխիկ կատարումն արգելելը և դրանք  բացառապես բանկային փոխանցումների միջոցով կատարելն ի՞նչ արդյունք կտա:

- Ապօրինի հարստացման հետ շաղկապված մի քանի ինստիտուտներ կան: Դրանցից ամենակարևորը կանխիկ գործարքների սահմանափակումն է: Մասնավորապես՝ պետք է արգելվի որոշակի գումարից բարձր փոխառությունների կանխիկ կատարումը՝ դրանք կատարելով բացառապես բանկային փոխանցումների միջոցով: Բացի դրանից` որոշակի գումարից բարձր անշարժ գույքի գործարքները նույնպես պետք է կատարվեն բացառապես բանկային փոխանցումների միջոցով։ Օրինակ, անձինք կարող են կնքել շինծու փոխառության գործարքներ և դրանով օրինականացնել իրենց ապօրինի եկամուտները կամ գույքը: Իսկ  կանխիկ գործառնությունների սահմանափակումը գործուն երաշխիք կլինի վերը թվարկված ապօրինությունները կանխելու համար:

-Առաջարկվող կարգավորումներն առաջին հայացքից գործուն են երևում,  իսկ ինչպե՞ս են այդ մեխանիզմները գործնականում կիրառվելու,  ո՞րն է լինելու կոռուպցիայի դեմ պայքարող  մարմինը:

-Աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարն իրականացնող մարմիններն ունեն երեք հիմնական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական (իրավապահ): Աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք ֆունկցիաներն իրականացնում է մեկ մարմին, որը կոչվում է ունիվերսալ մարմին, ինչը, ըստ էության, բազմաֆունկցիոնալ մոդելն է։ Այդ մարմինն իրականացնում է  թե’ կրթական ֆունկցիան, այսինքն` իրավագիտակցության մակարդակի բարձրացում և այլն,  թե’ կանխարգելիչ, որը ներառում է գույքի հայտարարագրումը, հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումը, իրականացում և այլն, և թե’ քննչական ֆունկցիան, այսինքն` կոռուպցիոն հանցագործությունների քննություն:

Ունիվերսալ մոդելի դեպքում այս բոլոր ֆունկցիաները մեկ՝ ինքնուրույն մարմին է իրականացնելու:  Այս դեպքում պետությունը պետք է որոշի՝   կա’մ նոր՝  միասնական մարմին ստեղծել, կա’մ այդ ֆունկցիաների կատարումը հանձնել տարբեր մարմինների, օրինակ` կրթականն ու կանխարգելիչը վերապահել մի պետական մարմնի, իսկ քննչականը՝ մեկ այլ:
  -Կարո՞ղ է քննչական ֆունկցիան վերապահվել, օրինակ, Հատուկ քննչական ծառայությանը:

 -Այո, հնարավոր է, սակայն այն պետք է դառնա այդ մարմնի հատուկ ֆունկցիան,  այսինքն` կոռուպցիայի դեմ պայքարը պետք է հանդիսանա նրա գլխավոր գործառույթը: Եվ այդ մարմինը պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քանի՞ քրեական գործ է հարուցվել և այլն:

  Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ քննչական մարմինը պետք է մասնագիտացված լինի: Նույնը վերաբերում է կրթական և կանխարգելիչ մոդելներին:

 -Ներկայումս ի՞նչ աշխատանքներ են տարվում Ձեր թվարկած մեխանիզմները կյանքի կոչելու ուղղությամբ:

-Ներկայումս այս բոլոր հարցերն ամփոփման փուլում են, և մենք դրանք ներկայացնելու ենք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին և հավանության արժանանալու դեպքում  համապատասխան ընթացակարգով ուղարկելու կառավարություն, այնուհետև`  Ազգային ժողով:

 

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը 

  

Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica