close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+2°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղմուկը բացարձակապես պետք չէր

Հարցազրույց

23 Օգոստոսի 2011, 11:01
 Աղմուկը բացարձակապես պետք չէր

Գանձասարի վանքի պարսպի սալիկապատումը, Սանահինի եկեղեցու վերանորոգման անհրաժեշտությունը եւ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված հարցերը մամուլում քննարկվող հիմնական թեմաներից են: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ իր կարծիքն է հայտնում Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ սրբազանը:

- Հարցադրումը Սանահինի եկեղեցու վերաբերյալ ճիշտ չէ: Ով ում ինչ գումար տալիս է, օգտագործվում է նպատակային: Օրինակ` մի բարերար ասում է, որ ինքը ուզում է իր գյուղում նոր եկեղեցի կառուցել: Մենք հո չենք կարող բարերարին ասել՝ ոչ: Կամ` եթե ասում է, որ ինքն ուզում է վերանորոգել կոնկրետ ինչ-որ մի եկեղեցի, դառնալ նրա բարերարը, նույնպես հնարավոր չէ նրան մերժել: Ես վստահ եմ, որ Սանահինի համար էլ, Հաղպատի համար էլ, Օձունի համար էլ կգտնվի բարերար: Միանգամից, մի օրվա մեջ դժվար է ամեն տեղի համար բարերար գտնել: Այնպես որ, հարցադրումը սխալ է՝ նոր եկեղեցիներ մի՛ կառուցեք, իսկ բոլոր հները նորոգեք: Այդպիսի բան չկա: Բարերարը եթե հայտնվել է, նպատակային է հայտնվել:

- Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ Գանձասարի վանքի պարսպի սալիկապատման շուրջ, որի արդյունքում ԼՂՀ կառավարությունը դադարեցրեց այնտեղ տարվող աշխատանքները:

- Ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ. Մայր Աթոռի տարածքը վերջերս մեծացավ մինչեւ Էջմիածնի նոր մայրուղին, կառուցեցին բաց խորան: Վազգեն կաթողիկոսի կառուցած այդ հին մուտքի պարիսպն ու դարպասը քանդեցին, տարածքը ընդլայնվեց, եւ նոր պարիսպ կառուցվեց: Բայց ոչ մի խոսակցություն էլ չեղավ: Այսօր մեր Գանձասար վանքի տարածքը մեծացել է, եւ եթե մենք բարերար գտնենք եւ մեծ պարիսպ կառուցենք, դիմացի պատը, ուզենք-չուզենք, պետք է հանենք, որ Գանձասար տաճարը (ի դեպ, ամենամեծ գեղեցկությունը տաճարն է) երեւա, ի՞նչ պիտի խոսենք այդ ժամանակ: Երեւի ոչինչ:

- Ձեր կարծիքով` ԼՂՀ կառավարությունը կգտնի՞ այդ միջոցները, որ քանդի այդ պարիսպը եւ կառուցի նորը:

- Դա արդեն կառուցված պարիսպ է, որը երկու անգամ ես եմ վերանորոգել՝ 1996-ին եւ 2003-2004 թվականներին: Ընդ որում` 80-ականների սկզբին Ղարաբաղի հուշարձանների պահպանման վարչությունը այն նորից վերանորոգել էր: Պարիսպը կանգնած է, ուղղակի բարերարը կամեցավ երեսպատել այն` մի տեսակ անշուք տեսքը դարձնելով ավելի շքեղ, որպեսզի դրսի այդ խոտածածկը, որ արմատներ է ձգում պատում, նորից չքայքայի պարիսպը: Մարդը լավ նպատակով ստանձնեց այդ գործը:

- Այսինքն՝ համարում եք, որ անիմա՞ստ էր դադարեցնել այդ աշխատանքները:

- Կարծում եմ, որ այդ աղմուկը բացարձակապես պետք չէր: Ի՞նչ է, Վազգեն կաթողիկոսը չքանդե՞ց ցեխից պատրաստված հնագույն պատերը Մայր Աթոռում, Գայանե եկեղեցում, Խոր Վիրապում, Գեղարդա վանքում: Ի՞նչ եղավ: Այստեղ հո չե՞նք քանդում պարիսպները, ներսից հնաոճ տեսքը մնում է: Հիմա հարցն այն է, թե մենք հնաոճ տե՞սքն ենք պահպանում, թե՞ հնությունը: Եթե խոսքը հնության մասին է, մեր մեջ ասած, մենք այդպիսիք չունենք: Այսօրվա մեր պարիսպների առնվազն 95 տոկոսը ցեմենտ-բետոնից են արված, հնություն չկա: Հին տեսք, հին ոճով շարվածք կա խամ անտաշ քարերով… Եթե մեզ համար կարեւորը հնաոճ տեսքն է, սա ուրիշ խնդիր է: Բայց մենք խոսում ենք հնության մասին: Դրանք տարբեր մոտեցումներ են: Պարիսպները պետք է այնպես պահել, որ երկար կյանք ունենան, ոչ թե 6-7 տարին մեկ գումարներ գտնես, որ նորից վերանորոգես: Այո, առաջարկ եղավ Գորիսի ոճով անենք պարիսպը (կարծեմ՝ Սամվել Կարապետյանը բերեց առաջարկը): Համաձայն եմ: Բայց բարերարը, երբ վերսկսեց, թող գային-ասեին՝ պարոն Հայրապետյան, եկեք այս ոճով անենք: Իսկ ո՞վ ասաց, թե նա կասեր՝ ոչ:

- Բայց խոսում են, որ ինչ-որ մեկը ներկայացրել է պարսպի վերանորոգման նախագիծ, որը մերժվել է, եւ հիմա այս աղմուկով նա վրեժ է առնում դրա համար:

- Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել: Բերեմ ուրիշ օրինակ` 7-8 ամիս առաջ Facebook-ով մի տեսակ նեղեցին, վիրավորեցին պատվարժան մարդուն՝ Ռալֆ Յիրիկյանին, որը մեծ բարերարություն է անում Ղարաբաղում: Հիմա վիրավորում են Լեւոն Հայրապետյանին, որը մեծագույն բարերարներից մեկն է: Այժմ Սանահինի պատմությունն են մեջտեղ բերում: Խփում ենք եկեղեցուն, Գարեգին կաթողիկոսին, Պարգեւ սրբազանին, Նավասարդ սրբազանին, բարերարներին, սկսեցին քարկոծել նաեւ մեր նվիրական կառույցը՝ բանակը: Կներեք, ես այստեղ տարօրինակ ալիքներ եմ նկատում: Կարծես ինչ-որ մեկը կողքից մի նոր զենք է մշակում, ստուգում է այդ զենքը: Ոմանք էլ միամտորեն ընդգրկվում են դրանցում՝ չհասկանալով հետեւանքը: Լավ, նեղացնենք, խրտնեցնենք բարերարներին: Ո՞վ պիտի տուժի: Հայրապետյանի եւ Յիրիկյանի դեպքում նախեւառաջ Ղարաբաղն է տուժելու: Ցավալի կլինի, որ որոշ բարերարներ, տեսնելով այդ, խառնվեն իրար: Եթե հարցը կա, պետք է հարցադրումներ անել, բայց դրանք անել կոռեկտ ձեւով, այլ ոչ թե պատերազմ հայտարարել եւ վիրավորել մարդկանց:

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պորոշենկոյին կհարցաքննեն
21 Փետրվարի 2018, 14:04 Պորոշենկոյին կհարցաքննեն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica