close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+19°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանձնեք մարդասպանին

Հարթակ

18 Հուլիսի 2016, 14:55
 Հանձնեք մարդասպանին

Առաջին կրակոցն արդեն եղել է, առաջին զոհն արդեն իսկ կա եւ հետեւաբար առաջին մարդասպանը կա: Հիմա կասեք, թե դա առաջին մարդասպանությունը չէր, այլ հետեւանք էր, բայց դա այլ, երկար խոսակցություն է: Կոնկրետ իրադարձություն ունենք եւ կոնկրետ իրադարձության առաջին եւ հուսամ վերջին սպանվածը «ծռեր»-ից չէ, առաջին մարդասպանն է նրանցից: Նա պետք է պատժվի, ինչպես բոլոր մարդասպաններն են պատժվում, այնպես էլ նա պետք է պատժվի, որովհետեւ երբ մարդասպանին, անկախ նրանից, թե ինչու է դա արել, չես պատժում, ստեղծվում են նման իրավիճակներ, ծնվում են նոր մարդասպաններ, չնայած մարդասպանները ծնվելու հետ կապ չունեն, նրանք կապ ունեն մահվան հետ:

Ուրեմն, եթե ազնիվ եք, հանձնեք մարդասպանին, հանձնեք եւ ասեք, նա է սպանել ոստիկանության գնդապետին, ահա նա, դատեք: Դա ազնիվ կլինի, դա կնշանակի, որ դուք, իրոք, մարդասպանությունը, հանցագործությունը չեք հանդուրժում, առավել եւս ձեր շարքերում: Հանձնելով մարդասպանին դուք սա կապացուցեք, բոլորիս ցույց կտաք, որ դուք մահվան խումբ չեք, դուք կյանքի խումբ եք, եթե, իհարկե դուք կյանքի խումբ եք, այլ ոչ թե մահվան: Հիմա կասկածում ենք, հիմքեր ունենք, դրանք շատ են:

Իսկ ձեզ վրա չեն կրակելու, հաստատ չէ. եզրակացություն է: Ձեզ որոշել են հյուծել: Ստիպել, որ հասկանաք, որ իզուր էր այս ամենը, սա ավելի դաժան է, քան կրակելը, անգամ, եթե կրակելով սպանում ես, բայց դուք սա պետք է հաշվարկած լինեիք: Դուք ուրիշ բաներ էլ պետք է հաշվարկած լինեիք, օրինակ այն, որ ժողովուրդը փողոց դուրս չի գալու, Սեֆիլյանը խաղաղ լուծում է առաջարկելու, քանի որ բանտից այլ լուծումներ չեն առաջարկում եւ պետք է որոշած լինեիք, որ եթե հենց այսպես լինի, ինչ եք անելու:

«Պայքարելու ենք, գնալու ենք մինչեւ վերջ» տարբերակները մի բարձրաձայնեք, ամոթ է, խիստ ռոմանտիկ-սիրողական է: Ռոմանտիկայով եթե գրավում էլ են, ապա միայն կնոջ սիրտը, այն էլ ոչ բոլոր, այն էլ ոչ միշտ, այն էլ ոչ հավերժ: Բան մտածեք, ռեալ բան, քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ չեք հյուծվել, քանի դեռ ոչ բոլորն են ձեզ ահաբեկիչ ճանաչում, քանի դեռ բոլորդ ողջ եք եւ միայն մեկդ է՝ մարդասպան: Հանձնեք նրան, չէ՞ որ պայքարում եք հանցագործության դեմ:

Ու, երբ ձեր պատանդների հետ սուրճ եք խմում, ծխում եք եւ տարբեր բաների մասին եք խոսում /այսպես հայտարարել է Վարուժան Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ են անում պանադների հետ/, խոսեք նաեւ հետեւյալ հարցի շուրջ. ի՞նչ տարբերություն այն ուժի մեջ, որը հանցագործություն է անում, երբ գալիս է իշխանության, եւ այն ուժի մեջ, որը հանցագործություն է անում, որ գա իշխանության: Երբ խոսեք այս թեմայի շուրջ բոլորով դուրս եկեք՝ բոլորով նկատի ունեմ եւ դուք, եւ ձեր պատանդները: Մենք բոլորիդ բան ունենք ասելու:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica