close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիշո՞ւմ եք՝ այդ հողերի վրա «քֆուր» կա դրած

Հարթակ

13 Հուլիսի 2016, 18:29
 Հիշո՞ւմ եք՝ այդ հողերի վրա «քֆուր» կա դրած

Դուք հասկացա՞ք, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը, երբ Իլհամ Ալիեւը հայտարարում է, թե չի կարող Ղարաբաղը երբեւէ անկախություն ստանալ Ադրբեջանից: Ես, օրինակ, չհասկացա: Իսկ հասկացա՞ք, թե ինչպես պետք է լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, երբ Իլհամ Ալիեւը չի պատկերացնում, որ Ղարաբաղն անկախ է լինելու Ադրբեջանից: Ես սա էլ չհասկացա: Ուրեմն ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, երբ Իլհամ Ալիեւը բոլորն է ուզում, բոլորը Արցախն է, ինքը դա է ուզում, սկզբում` շրջակա շրջանները, հետո` Արցախը, հետո` Զանգեզուրը, հետո` Երեւանը. չէ՞ որ այս ամենը «ադրբեջանական հողեր են», եւ այդ մասին անգամ հինգերորդ դասարանցին գիտի, բայց` ադրբեջանցի:

Ու հիմա ի՞նչ են բանակցում՝ այսպես փութով, դժվարանում եմ ասել, անունը դնում են «անկեղծ ու կառուցողական զրույց ունեցանք», «մի շարք կարեւոր կետերում կողմերի համաձայնությունը ստացանք» եւ բանակցում են, դեռ ասում են, թե «վատ բանակցությունները  լավ պատերազմից լավ են»: Լավ չեն, պարոնա'յք, վատ բանակցությունները չեն կարող լավ պատերազմից լավ լինել, անգամ եթե պատերազմն ամենալավ բանն է: Բանն այն է, որ վատ բանակցություններ չեն լինում, լինում է կամ բանակցություն, կամ պատերազմ, մեկը մյուսի մահն է: Ու քանի որ մահը նաեւ շփման գծում է, ուրեմն բանակցություն չկա, մեռել է, գուցե ծանր վիրավորվել է, բայց մեռնելու հաշիվ է, եւ դա լա՞վ է, ավելի լավ է, քան ի՞նչը, լայնամասշտաբ պատերա՞զմը: Իսկ ի՞նչ տարբերություն` վատ բանակցությունների ժամանակ են զոհվում մեր տղերքը, թե՞ պատերազմի, չէ՞ որ օրինակ մեկ տարի առաջ պատերազմ չէր, բայց զոհվում էին, ուրեմն ի՞նչ տարբերություն, քանակի՞ մեջ, բայց պարոնայք, զոհի քանակը ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեկ զինվոր է զոհվել, թե՞ տասը, քսանը, հարյուրը…

Ու ի՞նչ եք փակ դռների տակ անկեղծ եւ կառուցողական այդպես զրուցում: Չէ, ես հասկանում եմ, որ չեք ասելու թե ինչ, ավելին, հասկանում եմ, որ ճիշտ չէ, որ ասեք, թե ինչ, իսկ հարցնում եմ ոչ թե, որ իմանամ, այլ որպեսզի ինքներդ մտածեք: Օրինակ` հետեւյալ հարցի շուրջ, եթե Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը չի պատկերացնում եւ երբեք դրա հետ չի հաշտվելու, բա էլ ի՞նչն է բանակցությունների թեման: Շրջակա հողե՞րը, էհ, ենթադրենք հանձնեցինք դրանք, մեկը մյուսի հետեւից, հինգն են, թե յոթը, մի խոսքով՝ բոլորը, շաբաթը յոթ օր ունի, ամեն օր՝ մի շրջան, հերթով, հետո՞: Մարդիկ հայտարարում են, որ Արցախին անկախություն չեն տալու, պարզ չէ՞, որ «հետո»-ն Ղարաբաղի պահանջն է, էլի՞ բանակցելու ենք: Հետո էլ Զանգեզուրի՞ շուրջ, հետո էլ՝ Երեւանի՞ շուրջ, հետո՞…  «հետո»-ն այստեղ ավարտվում է. շատ տխուր, ողբերգական:

Լավ,  բա ի՞նչ անենք, չբանակցե՞նք: Չգիտեմ, պարոնա'յք, բայց գիտեմ, որ երբ դուք բանակցում եք, սահմանին տղերք են զոհվում, ինչը նշանակում է, որ այն, ինչ դուք եք անում փակ դռների հետեւում, բանակցություն չէ: Ու մի բան էլ գիտեմ, պատերազմը: Այնպես չէ, որ մոտիկից եմ ճանաչում, բայց եւ այնպես չէ, որ դրա մասին գրքեր եմ կարդացել միայն: Հոտն առել եմ, տեսքը տեսել եմ, մեր տուն մտել է, անգամ աչքերի գույնն եմ հիշում այդ պատերազմի եւ գիտեմ, որ դա կյանքումս տեսած միակ աչքերն են, որ էլ երբեք չեմ ուզի տեսնել: Ուրեմն բանակցեք` թեկուզ փակ դռների հետեւում, բայց այնպես, որ երբ դրանք բացվեն եւ դուրս գաք՝ ձեր անկեղծ եւ կառուցողական տրամադրություններով, Իլհամ Ալիեւը չհայտարարի, թե Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու, իսկ դուք չասեք, թե կարելի է ոչնչացնել բոլոր ղարաբաղցիներին, բայց հնարավոր չէ այդ մարդկանց համոզել, որ ապրեն Ադրբեջանի կազմում, եթե անգամ ամբողջ աշխարհը, բոլոր ուժային կենտրոնները համոզեն:

Սա բանակցություն չէ, պարոնայք, սա նշանակում է, որ նրանք ասում են` Ղարաբաղը մերն է, մենք էլ ասում ենք՝ կմեռնենք, բայց չենք տա: Ղարաբաղը, շրջակա հողերը տվողի վրա էլ քֆուր կա դրված, հանուն այդ հողերի ազատության զոհվածն է դրել, հիշում եք: Ի դեպ, հիշո՞ւմ եք…

Հովիկ Աֆյան

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica