close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բեկումնային պահ` ԼՂ հարցում. Հայաստանը` հոգեբանական նոր հարձակման թիրախում

Թեմա

12 Հուլիսի 2016, 18:51
 Բեկումնային պահ` ԼՂ հարցում. Հայաստանը` հոգեբանական նոր հարձակման թիրախում

Ադրբեջանական ANS TV-ին տված հարցազրույցում երեկ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր կկնքեն: Դեսպանն այս հայտարարությունն արել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին:

Ինչպես ՌԴ ԱԳՆ-ն էր ավելի վաղ հաստատել, Լավրովի այցի օրակարգի հիմնական հարցերից մեկը ԼՂ հիմնահարցի կարգավորումն է: Լավրովն արդեն Բաքվում է և բանակցություններ է ունեցել ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ արտգործնախարար Մամեդյարովի հետ, որից հետո հայտարարել է, որ կողմերն ավելի են մոտեցել խնդրի կարգավորմանը:

Առաջին հայացքից խիստ տարօրինակ է թվում, որ պաշտոնական Մոսկվան մի կողմից ակտիվ ջանքեր է գործադրում ԼՂ հիմնահարցի կարգավորման ուղղությամբ, իսկ մյուս կողմից` հենց Լավրովի այցին ընդառաջ, ընդգծում Ադրբեջանին զինտեխնիկայի նոր խմբաքանակներ մատակարարելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Խնդիրն այն է, որ Մոսկվայում չէին կարող չհասկանալ, թե ինչպիսի արձագանք կգտնի այս հայտարարությունը Երևանում: Հետևաբար` Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու մասին տեղեկատվական հոսքերի ակտիվացումը ոչ թե ռուսական ապաշնորհ ու անհետևողական քաղաքականության հետևանք է, այլ ունի կոնկրետ քաղաքական նպատակներ:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելուց և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ԼՂ հարցը քննարկելուց առաջ  Իլհամ Ալիևը Բաքվում երկու շատ հստակ ուղերձ էր հղել: Առաջին՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս ԼՂՀ-ին որևէ կարգավիճակ տալուն: Երկրորդ` հարցը պետք է լուծվի բացառապես փուլային կարգավորման եղանակով, ինչը ենթադրում է առաջնահերթորեն հայկական զինուժի դուրս բերում «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Դրան զուգահեռ` Բաքուն համառորեն խոչընդոտում է շփման գոտում միջադեպերի արձանագրման մեխանիզմների տեղակայման, ԵԱՀԿ գործող նախագահի մոնիտորինգային թիմի ընդլայման վերաբերյալ Վիեննայի, մասնակիորեն` նաև Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»: Ըստ էության` Սարգսյանը հասկանալի դարձրեց, որ հայկական կողմի համար առաջնայինը ԼՂ-ի ինքնորոշման մեխանիզմի հստակեցումն է արդեն այս փուլում, այսինքն՝ Հայաստանը ցանկանում է, որ այդ մեխանիզմը հստակեցվի, նախքան տարածքների վերադարձը, այլ ոչ թե թողնվի անորոշ ապագային, ինչպես սահմանված է կազանյան փաստաթղթում: Սա պնդում է, այսպես կոչված, «փաթեթային համաձայնություններ, փուլային կարգավորում» բանաձևով առաջնորդվելու վրա: Դրա մասին է վկայում panorama.am-ին փուլային կարգավորման վերաբերյալ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի տված պարզաբանումը. «Հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի համար պատասխանատվության շրջանակներում»: Այսինքն` ակնհայտ է դառնում, որ բանակցությունները գտնվում են բեկումնային՝ կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակների միջև ընտրություն կատարելու հարթությունում:

Հայաստանը փորձում է հասնել նրան, որ տրվեն ԼՂՀ-ում կոնկրետ ժամկետներում հանրաքվե անցկացնելու հստակ երաշխիքներ, իսկ Ադրբեջանը պնդում է, որպեսզի ԼՂ-ն` նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով, դե յուրե մնա Ադրբեջանի կազմում, ԼՂ-ն որևէ կարգավիճակ ստանալու հեռանկար չունենա, իսկ հարակից տարածքները լիովին վերադարձվեն իրեն: Իր նպատակին հասնելու համար հայկական կողմը «խաղարկում» է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը՝ մի կողմից հարաբերական կայունությունը սահմաններին պահպանելու, մյուս կողմից՝ փուլային տարբերակից խուսափելու հակափաստարկ կիրառելու նկատառումով: Ադրբեջանը փորձում է տապալել այդ պայմանավորվածությունները, որպեսզի հնարավորություն ունենա վերադարձ կատարելու, այսպես կոչված, լեգիտիմ պատերազմ սկսելու շանտաժային մարտավարությանը: Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե նոր բախումները չեն բացառվում: Նա այդ մասին հայտարարում է՝ չնայած ընդամենը մեկ օր առաջ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր գրառմամբ տեղեկացնում էր, թե Վարշավայում պետքարտուղար Քերիի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հաստատել է, որ պատերազմ չի ցանկանում: Ավելին` այդ հայտարարությունը հնչում է Լավրովի՝ Բաքվում գտնվելու ընթացքում, և որ շատ ավելի խոսուն է՝ սպառազինության մատակարարման ռուս-ադրբեջանական նոր պայմանագրերի ստորագրման մասին ՌԴ դեսպանի հայտարարությունների ֆոնին:

Այսպիսով` ակնհայտ է դառնում, որ ռուսական կողմը, շտապելով հասնել ԼՂ շուտափույթ կարգավորմանը, նախապատվությունը տալիս է Ադրբեջանի համար սկզբունքային փուլային կարգավորմանը: Այն, ինչ հասկացվում է «փուլային» ասվածի ներքո, գրեթե ամբողջությամբ համապատասխանում է ԼՂ կարգավորման ռուսական՝ «Լավրովի պլան» անվանումը ստացած տեսլականին: Խնդիրը հայկական կողմին համոզելը կամ պարտադրելն է՝ տալ այդ տարբերակն ընդունելու համաձայնությունը, այսինքն` հրաժարվել ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու պահանջից:

Վերջին օրերին Երևանը կրկին փորձում է Վիեննայի համաձայնությունների կատարումը որպես ԼՂ կարգավորման նոր բանակցությունների սկսման նախապայման առաջադրել: Կիևում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներում՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»: Երևանի տոնայնության այս կոշտացումը, պահանջագրային մարտավարությանը վերադառնալը վկայում է, որ հայկական կողմն իսկապես ճնշումներ է զգում` փուլային կարգավորման պարտադրման իմաստով, և, Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հարցում համառելով, փորձում է պաշտպանվել: Հավանաբար, հենց այդ պաշտպանությունը կոտրելու համար էլ Երևանը հոգեբանական էքսպանսիայի է ենթարկվում՝ Լավրովի՝ Բաքու կատարած այցի ժամանակ միտումնավոր  Ադրբեջանին նոր սպառազինություն տրամադրելու մասին անուղղակի սպառնալիքով:

Այս իրավիճակում կարևոր է դառնում մյուս երկու համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումը: Մոտ օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այցելելու է Մոսկվա: Օրակարգում նաև ԼՂ հիմնահարցն է: Թերևս հենց այդ բանակցություններից էլ կախված կլինի՝ թույլ կտրվի՞ հայկական կողմին փուլային լուծում պարտադրել, թե՞ ոչ:

Գևորգ Դարբինյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica