close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+7°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրում ենք` ասես ապրիլին սահմանի դեպքերը չեն էլ եղել. Արտավազդ Բայաթյան

Հարցազրույց

4 Հուլիսի 2016, 17:25
 Ապրում ենք` ասես ապրիլին սահմանի դեպքերը չեն էլ եղել. Արտավազդ Բայաթյան

Yerkir.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

 

Իշխանության մեջ մեկը գալիս է, մյուսը` գնում, բայց բոլորը նույն բանն են անում

Ապրիլին 94 տղա զոհվեց մեզ համար, զոհվեցին, որ մենք ապրենք մեր հայրենիքում: Իսկ մենք ի՞նչ ենք անում հիմա: Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ որևէ ճանապարհ չենք ընտրում` մաքրվելու, ու ապրում ենք` ասես ոչինչ չի եղել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սա հիվանդություն է, և այդ ախտով տառապում են բոլորը: Մյուս կողմից` տպավորություն է, որ իշխանության մեջ մեկը գալիս է, մյուսը` գնում, բայց բոլորը նույն բանն են անում: Հակաազգային մի բան է կատարվում, որը սարսափելի է, ես դրան լուծում չեմ կարողանում գտնել:

Հայաստանում պաշտոնանկ լինելը` ոնց որ մարդուն ուղարկեն թոշակի` գնա ու վայելիր քո գողացածը

Հիմա աշխատանքից ազատումների տենդենց է գնում, մասնավորապես` պաշտպանության ոլորտում: Բայց այդ ազատումների մասին լսելիս պետք է հասկանալ, որ հեռացողները մինչ այդ ստեղծել են մեծ ծավալի սեփականություններ, բիզնեսներ, և նրանց` պաշտոնում գտնվելն ուղղակի գլխացավանք է իրենց համար, վիճակ, որ իրենց հաշվի առնեն: Իսկ այս դեպքում ուղղակի հեռանում են ու ասում` ես քաղաքականության հետ գործ չունեմ, ինձ ձեռք չտաք, ես իմ բիզնեսով եմ զբաղվում: Եվ հարցն այն է, որ իր բիզնեսն էլ միլիոնանոց բիզնես է, ու ինքը չի էլ աշխատում, աշխատում են ու բերում` փողն իրեն տալիս: Հայաստանում պաշտոնանկ լինելը` ոնց որ մարդուն ուղարկեն թոշակի` գնա ու վայելիր քո գողացածը: Այսինքն` հերիք է` ինչքան գողացար, գնա ու վայելիր հիմա: Բայց մեկին, ով խախտում է արել, այն էլ` պաշտպանության ոլորտում, պաշտոնից ազատումը միայն բավարար չէ, նա պետք է դատարան մտնի ու դատվի: Ես կողմ չեմ նրան, որ երբեմն որոշ տաք գլուխներ ասում են` պետք է ծեծել, չգիտեմ` ինչ անել: Ոչ, մենք պետք է մի քիչ ցիվիլ լինենք, դատարանը պետք է որոշի` ինչ պատժի արժանացնել նրան: Այ, երբ դատարանն էլ հանցանքի մեջ մասնակից կլինի, գոնե կիմանանք մեր անելիքը: Սա կարևոր է, այլապես քաոսային վիճակ կստեղծվի, այսինքն` ինքնադատաստան չի կարելի թույլ տալ, որովհետև մենք շատ բարձր գիտակցություն ունեցող ժողովուրդ ենք: Վերջերս նայում եմ ֆուտբոլը և մտածում` եվրոպացիք էս ի՞նչ ախմախ են, քանի որ եթե նրանց մոտ 5 րոպե օրենքը չգործի, նրանք ամենավայրի ցեղից էլ վայրի կդառնան, իսկ մեր ինքնագիտակցությունը շատ բարձր է, մենք առանց օրենքի էլ մի տեսակ զսպվածություն ունենք: Սա նշանակում է` մենք շատ ավելի առաջ ենք նրանցից, բայց հիմա մեր ժողովրդին բերել ու այս վիճակի մեջ են գցել:

Մարդիկ, որոնք պետք է պատասխան տային իրենց` ոչ թե պաշտոնով, այլ կյանքով, հանգիստ վայելում են իրենց «շարունակությունը»

Գնալով նոր խոսակցություններ ենք լսում. ասում են` ապրիլի առաջին օրն է եղել զոհերի մեծամասնությունը, ուրեմն սա դավադրություն է, ուրիշ բացատրություն չկա, և ամենացավալին այն է, որ մարդիկ, որոնք պետք է պատասխան տային իրենց` ոչ թե պաշտոնով, այլ կյանքով, պատասխան չեն տվել և հանգիստ վայելում են իրենց «շարունակությունը»: Այստեղ գալիս է ցավալի մի բան, որի մասին խուսափում ենք խոսել`  մենք կարող ենք մեր հայրենիքը կորցնել: Ես ոչ մի անգամ չեմ էլ տարանջատել` Արցախ ու Հայաստան, սա Հայաստանն է, ու վերջ, բայց սա կարող է պատճառ դառնալ, որ մենք Հայաստանն էլ կորցնենք: Ինչքան ուզում են գոռգոռալ ու ցույց տալ, թե ինչ-որ բան են անում վերևներում, բայց իրականում տեսնում ենք, որ իրար թաթ են լիզում: Վերևներում նստած մարդիկ միշտ ունենում են փոխարինողներ, և եթե մեկը հիմար հայտարարություն է անում, ապա հաջորդը գալիս, սկսում է դրա երեսը պարզեցնել:

Զոհված տղաներից ամեն մեկը մեզ համար մի աշխարհ էր

Հիմա շատերն ասում են, թե արդյո՞ք այս ամենից հետո իշխանությունները չպետք է փոխվեն և ժողովրդի հետ խոսեն հավասարը հավասարի պես: Ոչ, ժողովրդին հաշվետու են միայն այն մարդիկ, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Սա պարզ բանաձև է, և այստեղ ուրիշ ոչինչ չի գործում, քանի որ, հակառակ դեպքում, բռնանալն ու բռնապետական կարգավիճակները գործում են, ինչպես ամբողջ աշխարհում: Եթե նույնիսկ պետք լինի մատաղ անել ամբողջ ժողովրդին, նրանք դա կանեն: Զոհված տղաներից ամեն մեկը մեզ համար մի աշխարհ էր, իսկ խաղաղության պայմաններում ապրող Արամ Աթեշյանը, օրինակ, դավաճանեց մեզ: Խոսակցությունները, թե Աթեշյանն այլ ելք չուներ, անհիմն են. Աթեշյանը կարող էր  զոհաբերել ու սրբանալ, մենք էլ ասեինք` տեսա՞ք` ինչ հոգևորական ունենք: Ասում են, թե Աթեշյանը Թուրքիայում ապրող հայերի մասին մտածելով է նման քայլի գնացել, բայց` սուտ, հայերի հետ Թուրքիայում ի՞նչ պետք է անեին, արդեն արել-վերջացրել են` 2000-ից ավելի եկեղեցիներից մնացել է 40-ը, հարյուրավոր դպրոցներից մի քանիսն են մնացել…

«Քառօրյա պատերազմ» տերմինը միջազգային հորինված մի բան էր

Ինձ դուր չեկավ, որ ապրիլյան դեպքերը «քառօրյա պատերազմ» անվանեցին, քանի որ պատերազմը 25 տարի է` շարունակվում է: Ես կասեի` քառօրյա պոռթկում, քանի որ պատերազմը ոչ մի պահ անգամ չի դադարել, ամեն օր զոհ էինք ունենում: Մենք պատերազմական վիճակում ենք, և եթե պետք է հագնել զինվորական համազգեստ, ուրեմն բոլորս պետք է հագնենք ու կանգնենք մեր զինվորների կողքին: «Քառօրյա պատերազմ» կոչվածը միջազգային հորինված մի բան էր, քանի որ ստացվում է` մինչ այդ խաղաղություն է եղել: Դա Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու պես բան էր: Այս ամենի մեջ ՌԴ-ի մատը շատ խառն է, և ինչքան էլ նրանց գովեն, ակնհայտ է, որ նրանք հայերին ցանկացած պահի պատրաստ են գելերի բերանը գցել: Ռուսաստանին ես երբեք չեմ հարգել իր ղեկավարների համար, այլ` մշակույթի գործիչների, գրողների, ազնիվ մարդկանց, որոնք բավական շատ են և այդ ախոռի մեջ չեն վախենում ու ճշմարտությունն են ասում:

Ստացվում է այսպես` Հայաստանում աշխատում ես, բայց կարիքի մեջ ես մնում

Այս ամենը մեզ հիմա փակուղի է տանում: Ես շատ լավատես եմ, բայց հիմա հասկանում եմ` մենք փակուղում ենք: Մենք մի շատ կարևոր խնդիր ունենք` պետք է մեր մտածողությունը փոխենք ու չմտածենք մեր գրպանը լցնելու մասին, քանի որ հիմա այսպես է` եթե հանկարծ իմ եղբորը առաջարկեն մի պաշտոն, ինքը կգնա ու կսկսի բոլորին կողոպտե,լ ու ես կողքը կկանգնեմ: Դա ամենասարսափելի բանն է, մենք կորցնում ենք մեր առաքինությունն ու բորենի դառնում: Ինձ համար հայ մարդը պետք է լինի արի, ճշմարտասեր ու արարող և երբ սրանցից մի հատկանիշը պակասում է, ու դրա փոխարեն գալիս է փառամոլությունը, հասկանում ես, որ նա ընդամենը բակային շուն է դառնում, ուրիշ ոչինչ: Ինչքան էլ նրան փիար անեն, հասարակությունը նրա դեմքն արդեն տեսել է: Բայց ես հույս ունեմ, որ աշխարհում ինչ-որ փոփոխություններ կլինեն, ու ինչ-որ ճանապարհ կբացվի մեզ համար էլ: Իսկ այն, որ իրավիճակը կարող ենք շտկել մեր առաքինությամբ, ես խիստ կասկածներ ունեմ, որովհետև ամեն ինչ առուծախի ենք վերածել: 100 նախարար ունենք, իսկ Շվեյցարիայի նման հարուստ երկիրը 6 նախարար ունի և կարծես թե աշխարհում ամենալավն է… Նշանակում է, որ մեզ մոտ ամեն մեկը մի բնագավառ վերցրել է իր համար, որովհետև ես իմ կյանքում որևէ փոփոխություն չեմ զգում, վատ եմ ապրում, և շարունակվում է այդպես: Ստացվում է այսպես` Հայաստանում աշխատում ես, բայց կարիքի մեջ ես մնում ու ոնց որ սողաս: Դևերն այնքան են շատացել, որ ազնվություն չի մնացել: 

 

Կարինե Հարությունյան

Նախագահն արձակուրդ է մեկնել
19 Դեկտեմբերի 2018, 14:38 Նախագահն արձակուրդ է մեկնել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica