close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+12°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ արտագաղթելիս երկիրդ դառնում է «էս երկիրը», ուրեմն այն քոնը չի էլ եղել

Հարթակ

1 Հուլիսի 2016, 16:10
 Երբ արտագաղթելիս երկիրդ դառնում է «էս երկիրը», ուրեմն այն քոնը չի էլ եղել

Ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է իր` Հայաստանից հեռանալու մասին. «… Էսքանը արդեն հերիք է, որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»: Մեկ ուրիշն էլ` Նելլի Շուշի Մարտիրոսյանը, գրել է, որ վերադառնում է Հայաստան. «Մա'մ ջան, մի՛ լացի։ Ես գնում եմ իմ սրտի երկիրն ապրելու»:

Գնացողի ու եկողի միջև տարբերությունը «էս»-ի ու «իմ»-ի մեջ է, ու քանի դեռ ձեր գիտակցության մեջ երկիրը «էս»-ից չդառնա «իմ»-ը կամ «մեր»-ը, Հայաստանում ապրելու ցանկություն, պարզ է, չեք ունենալու:

Բոլորս էլ հիասթափվում ենք, դժվարությունների հանդիպում, բոլորիս առջև էլ փակ դռներ են հայտնվում, ու գալիս է մի շրջան, երբ թվում է` ելք չկա: Բայց չկարծեք` ինքազոհաբար պայքարելու կոչեր եմ անելու կամ, առհասարակ, ինչ-որ կոչ եմ անելու /կոչերը թողնենք փողկապավորներին/, բայց երբ հիասթափվում ես իշխանությունից, ընդդիմությունից, հարկայինից, դատական համակարգից կամ էլ ոստիկանությունից, ու երկիրդ դառնում է «էս», մեղավորը ես չեմ, որ «երկիր» հասկացությունը քեզ կամ ձեզ մոտ սահմանափակվում է համակարգերով: Երկիրն էլ, իր հերթին, մեղավոր չէ, որ իր հողում «խիյարը թարս է աճում», ցանողն ինքը չէ:

Ավելին` իմ խորին համոզմամբ` երկիրն ամեն առավոտ խնամքով թոռների լվացքը փռող հարևան Սոնիկ տյոտյան է, Տավուշում ապրող ու կրակոցների տակ բերքահավաք անող Մաքսիմս, Հյուսիսային պողոտայի սկզբում նստող տարեց մուրացիկ-երաժիշտները` «Սարի սիրուն յար»-ը երգելիս, «յար» բառն ասելիս աչքերը փակող ու «հեյ գիտի ժամանակներ» մտքով «ամենաթունդ» յարերին հիշելիս, Աբովյան փողոցի սկզբում ծաղիկներ վաճառող տատին, ով ծաղիկ չգնողների հետևից հայհոյում է, իսկ օրվա վերջում մնացած ծաղիկները Կարաբալայի արձանի զամբյուղի մեջ դնում ու արձանի ձեռքը ծածուկ շոյում: Երկիրը «Նիվա»-ով այն տղաներն են, որ միշտ, շատ բարձր միացրած, ռաբիս են լսում ու անցորդ աղջիկների հետևից հաճոյախոսություն ասում /Աստված, իհարկե, հաճոյախոսություն համարի/, բայց ապրիլյան օրերին «Նիվա»-ները ավտոտնակներում կանգնեցրել ու Արցախ էին մեկնել, երկիրը դալաններում /ոստիկանների աչքից հեռու/ գունավոր ներկերով պատերին ինչ-որ բան նկարող-խզբզողներն են, երկիրն ինչ-որ տեղ և՛ իր հերթը ծանոթով առաջ գցողն է, և՛ հղի կինը, որ հերթում իր տեղը զիջում է տարեցներին: Երկիրը Ոսկան ձյաձյան է, ով գլխավորում էր մեր համայնքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքները և, «վերևների ականջը խուլ», մի մեքենա ասֆալտ բերել ու մանկապարտեզներից մեկի առջև եղած խորդուբորդ ճանապարհն էր ասֆալտել: Երկիրը նաև թոշակ բաժանող Անոն է, ով հստակ գիտի` ումից 200 և ումից 300 դրամ է վերցնելու` «իր բաժինը»: Երկիրն ամեն առավոտ «Ֆեյսբուք»-ում իշխանություններին հայհոյող օգտատերն է, և նա, ով իր պարտքն է համարում իշխանությունների գովքը կապել ցանկացած ընդդիմադիր գրառման տակ:

Ասածս ինչ է` երկիրը մարդիկ են`թեկուզև ոչ կատարյալ, բայց ոչ` համակարգը, որովհետև համակարգը կարող է լինել «էս», իսկ երկիրը եթե «էս» է, ուրեմն այն քոնը չի էլ եղել: Գնա՞լ, թե՞ մնալ` ձեր որոշելիքն է, բայց երկրին հանգիստ թողեք ու մի պիտակավորեք, պիտակների արժեքը մնացողը գիտի: 

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica