close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես աթոռին կառչելու խնդիր չունեմ, թատրոնն էլ չի փակվում. թատրոնի տնօրենը պարզաբանում է

Մշակույթ

29 Հունիսի 2016, 16:50
 Ես աթոռին կառչելու խնդիր չունեմ, թատրոնն էլ չի փակվում. թատրոնի տնօրենը պարզաբանում է

Տեղեկացրել էինք, որ լարված մթնոլորտ է Պետական կամերային երաժշտական թատրոնում: Թատրոնի գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել, վերջին ամսում եղել են աշխատանքից ազատումներ: Թատրոնը, ըստ գեղխորհրդի նախագահ Արա Խզմալյանի, կրկին կանգնած է փակման եզրին:

Yerkir.am-ի զրուցակիցը թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանն է: 

-Թատրոնի գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:

-«Գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել» արտահայտությունը չափազանցված է, քանի որ թատրոնի գեղարվեստական խորհրդի 8 անդամներից միայն 4-ն են հրաժարվել` նրանք, ովքեր թատրոնից չէին: Խնդիրն այն է, որ հունիսի 13-14-ի դրությամբ` թատրոնից ներգրավված գեղխորհրդի անդամների բազմաթիվ հորդորները, թե նիստ է անհրաժեշտ, չէին կատարվում: Ի վերջո, նրանք ինձ ասացին, որ ցանկություն ունեն գեղխորհրդից դուրս գալու, ինչին ի պատասխան, ես ասել եմ, որ գոյություն ունի գեղխորհրդի նախագահ, ում էլ պետք է ներկայացվի ձեր պահանջը: Թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Տաթևիկ Մանվելյանը պետք է կապ պահպաներ և խորհրդի նախագահին` Արա Խզմալյանին,  տեղյակ պահեր այդ մասին: Սակայն երկու օր անց Մանվելյանն ինձ ասաց, որ Խզմալյանը չի ընդունել հրաժարականի զեկուցագիրը և ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել: Բացի Խզմալյանից, մնացած անդամներից ես որևէ դիմում չեմ ստացել, ինչը ենթադրել է տալիս, որ ասել` գեղխորհուրդը հրաժարական է տվել, չափացանզություն է: Եթե գեղխորհրդի կազմը հաստատում է տնօրենը, ինչո՞ւ տնօրենը չգիտի հրաժարականների մասին:

-Այնուամենայնիվ, շրջանցելով թղթաբանական հարցերը, կարո՞ղ եք ասել` ի՞նչ հարաբերություններ եք ունեցել խորհրդի հետ, ո՞րն է հրաժարականի պատճառը:

-Չափազանց լոյալ հարաբերություններ են եղել: Նրանք, ովքեր թատրոնի ներսից են, ամենօրյա շփում կա, իսկ ովքեր ներգրավված են դրսից, նրանց հետ շփումներ գրեթե չեմ ունեցել: Վերջին նիստը եղել է ապրիլի 24-ին, բայց, առանձին վերցրած, զրույցներ, հարցադրումներ չեն եղել: Ընդ որում` գեղխորհրդի անդամները չափազանց պասիվ են ներկա գտնվել նիստերին: Շատ անգամ այդ մարդիկ տեղյակ չեն թատրոնում տեղի ունեցած իրադարձություններին, և երբ ասում ենք` գեղխորհուրդ, հասկանում ենք` գեղխորհրդի նախագահ, բայց ճիշտ չէ խոսել բոլորի անունից: Պատճառն ինձ համար անհասկանալի է, ես իրենցից որևէ բառ չեմ լսել: Ես պահանջեցի ժողով անել, որ խոսենք, թե ինչը չարվեց, ինչն էր պատճառը, բայց Մանվելյանն ասաց, որ դրսից հրավիրյալները հրաժարվում են մասնակցել նիստին: Ինչպե՞ս կարելի է հավատալ, որ անդամները հրաժարվել են, եթե որևէ դիմում չեմ ստացել:

-Այսինքն` Դուք դեռ չե՞ք հավատում, որ հրավիրյալ անդամները հրաժարական են տվել:

-Այո, ես որևէ հիմք չունեմ, եթե բանավոր անձամբ չեմ լսել, գրավոր որևէ հիմք չկա, ինչպե՞ս հավատամ: Դուք կհավատայի՞ք:

-Դե, եթե նրանք մամուլում արդեն հարցազրույցներ են տալիս ու ասում, որ հրաժարվել են, ինչի՞ մասին է խոսքը: Լավ, անդրադառնանք մի քանի խնդիրների, որոնք մատնացույց էր արել գեղխորհրդի նախագահը: Ըստ նրա` իրենք դրսից պարուսույց են հրավիրել, որին Դուք հետ եք ուղարկել` պատճառաբանելով ֆինանսների բացակայությունը:

-Ես մշակույթի նախարարությանն արդեն ներկայացրել եմ նրանց բողոքների պատասխանները` փաստարկներով: Մարտ ամսին «Կրիսպի մկնիկը» ներկայացման հայտը պատրաստեցինք և մշակույթի նախարարություն ներկայացրեցինք: Մենք պետք է պետական աջակցություն ստանայինք և ներկայացված հայտում ներառել էինք նաև բարձրախոսների հարցը, որ թատրոնը նաև մի քանի բարձրախոս կարողանա ձեռք բերել: Նախարարությունը կրճատեց գումարը` նշելով, որ տեխնիկական վերազինման հարցը չեն կարող ֆինանսավորել: Գեղխորհրդի նիստում ես ասացի, որ թատրոնն այս սուղ միջոցներով չի կարող ընդունել պարուսույցին և նրան վճարելու խոստում տալ, քանի որ հետո կստացվի, որ ես սուտ եմ դուրս գալիս: Եվ սա այն դեպքում, երբ առաջին եռամսյակում ստանձնած արտաբյուջետային պլանավորումը Տաթևիկ Մանվելյանի «ակտիվ» ջանքերով մենք պակաս թերակատարեցինք: Բայց, սրան զուգահեռ, մեր ներկայացրած հայտը երկու ամիս շարունակ նախարարությունը չէր քննարկել: Ապրիլյան դեպքերից հետո ինչ-որ տեղապտույտ եղավ, և ոչ միայն մեր հայտը, այլ նաև մյուսների հայտերը մնացել էին: Պարուսույցն Աիդա Սիմոնը պետք է լիներ, և ես մի օր հանկարծ լսեցի, որ նա փորձեր է անում թատրոնում, և ես չեմ էլ միջամտել: Բայց 3 օր անց ինձ է մոտենում բեմադրող ռեժիսորը և ասում, որ այսպես չի կարող լինել, և պարուսույցի ստեղծագործական ոճը չի համապատասխանում իր ոճին: Ես էլ պատասխանեցի, թե` ինչո՞ւ ես ինձ ասում, գեղխորհրդին պետք է դիմել: Արդյունքում` ռեժիսորը զեկուցագիր գրեց և գեղխորհրդի նախագահին առաջարկեց, որ փոխեն պարուսույցին: Ռեժիսորի ասելով` նա այդպես էլ չի ստացել պատասխան և չգիտեր իր անելիքը, դրա համար էլ նրան ասացի, թե` դու ես ռեժիսորը, և եթե դու գտնում ես, որ անհրաժեշտություն է, փոխիր պարուսույցին: Օրեր անց ինձ զանգում ու ասում են, որ պարուսույցը բողոք է ներկայացրել նախարարություն և ասել, որ տնօրենը 3 օր աշխատեցրել է իրեն և չի վարձատրել, և սա այն դեպքում, երբ նա չի էլ խոսել ինձ հետ:

-Թատրոնում նաև ազատումներ են եղել, և ասում են` դրանց իրավական հիմքը հստակ չէ: Արդյո՞ք կադրային ջարդ չի գնում թատրոնում:

-Այո, աշխատանքից ազատվել են հասարակայնության հետ կապերի պատասխանատուն` Նառա Եփրեմյանը, և գեղարվեստական մասով փոխտնօրեն Տաթևիկ Մանվելյանը: Ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա ցանկացած ոք, եթե գտնում է, որ կա իրավական խախտում, դրա համար գոյություն ունեն դատարաններ, կարող են դիմել դատարան: Ոչ մեկին առանց հիմքի և պատճառաբանության ինձ թույլ չեմ տվել ազատել աշխատանքից: Քանի դեռ ես չեմ համոզվել մարդու արդարացիության կամ մեղավորության մեջ, վճիռ կամ որոշում չեմ կայացնում:

-Ֆինանսական խնդիրներ բոլոր թատրոններն ունեն: Ֆինանսական խնդիրներ ունենալուն արդյո՞ք չէր հակասում այն, որ միևնույն ժամանակ երկու հասարակայության հետ կապերի աշխատակից և երկու փոխտնօրեն եք ունեցել:

-Քանի որ հասարակայնության հետ կապերի ղեկավարը կես հաստիքով էր աշխատում և թատրոն գրեթե չէր գալիս, և խնդիր կար, որ մեր կայքն ակտիվացներ, կար գրագետ մի երիտասարդ, որին ճանաչելով հրավիրել եմ թատրոն` կրկին կես հաստիքով: Ինչ վերաբերում է փոխտնօրեններին, ապա գեղարվեստական գծով փոխտնօրեն Տաթևիկ Մանվելյանը նշանակվել է ապրիլի 15-ին` իմ հրամանով, բայց այդպիսի հաստիք առհասարակ գոյություն չունի, և դա առաջարկվեց` ելնելով նախկին գեղխորհրդի պահանջից, որպեսզի նա ապահովի գեղխորհրդի հետ կապը: Փաստորեն, դա հորինվեց: Լավ, բա մնացած գործերն ո՞վ էր անելու` ադմինիստրատիվ, տնտեսական հարցերով: Բացի այդ` փորձը ցույց տվեց, որ աղջիկը փոխտնօրեն չի կարող լինել, դա տղամարդու գործ է, քանի որ շատ այլ հարցեր կան: Հետո ես փոխտնօրենի նոր թեկնածու առաջարկեցի` Մարատ Խաչատրյանին, ով, դերասանական աշխատանքներին զուգահեռ, պետք է նաև փոխտնօրեն աշխատեր: Տաթևիկ Մանվելյանը մարտ ամսին ադմինիստրատիվ պարտականություններն իր վրա էր վերցրել ու չէր կատարում. ադմինիստրատիվ մասով խայտառակ վիճակ էր տիրում, պռավալ էին գնում, ներկայացումներ էին հանվում, դահլիճները կիսադատարկ էին, և սա` դեռ փետրվար, մարտ ամիսներին:

-Այդ դեպքում ինչո՞ւ նրա` աշխատանքից ազատումը հենց այդ շրջանում չի եղել:

-Ես նպատակ չեմ դրել նրան ազատել:

-Բայց եթե ասում եք, որ աշխատանքը չի կատարվել, զուր տեղն ինչո՞ւ եք հաստիքը պահել:

-Պետք է եռամսյակն ամփոփվեր, որ պատկերը պարզ դառնար. ապրիլին պետք է ամփոփեինք եռամսյակը: Բայց մարտի վերջին, բարձր ղեկավարության ներկայությամբ, պահանջ դրվեց այդ աղջկան ներգրավել գեղարվեստական մասով փոխտնօրենի պաշտոնում: Ես նրան աշխատանքից չազատեցի այդ շրջանում, քանի որ նա իր դիմումով ազատվեց ադմինիստրատիվ աշխատանքից և իմ հրամանով նշանակվեց գեղարվեստական մասով փոխտնօրեն` գեղեցիկ ձևով ապահովագրելով իրեն այդ պատասխանատվությունից:

-Խոսակցություններ են գնում այն մասին, որ Դուք ֆինանսական խնդիրներ ունեք, սնանկ եք ճանաչվել: Որքանո՞վ են այդ խնդիրները կապվում թատրոնի հետ:

- Հայաստանի 80 տոկոսը ֆինանսական խնդիրներ ունի: Բոլորը գիտեն, որ ես խնդիրներ ունեմ, որոնք թատրոնի հետ ոչ մի կերպ չեն առնչվում: Վերջերս մոնիթորինգ է անցկացվել թատրոնում, և ոչ մի խախտում չի արձանագրվել: Ես կպահանջեմ նաև, որ գան ու ստուգումներ անցկացնեն, թե որքանո՞վ են տնօրենի անձնական ֆինանսական խնդիրներն առնչվում թատրոնի հետ: Չի կարելի մարդուն վարկաբեկել: Ինչպե՞ս կարող է ֆինանսական խնդիր ունեցող տնօրենը, որը 1,5 տարի է` աշխատում այս թատրոնում, վերանորոգումներ է կատարում, տեխնիկապես վերազինում և այդքանից հետո դեռ մի բան էլ պետք է օգտվի՞ թատրոնի միջոցներից: Ես իմ աշխատավարձից էլ եմ ներդրում անում: Ի՞նչ է նշանակում` թատրոնի մարդ չեմ, բա 5 տարի ո՞վ էր համակարգում թատրոնը պետական ապարատում: 2012-ին մշակույթի նախարարի հրամանով շնորհակալագիր եմ ստացել: Ինչպե՞ս է լինում` ես այն ժամանակ թատրոնի մարդ էի, հիմա` չմարդ:

-Լուրեր են շրջանառվում, որ վերջին շրջանում թատրանում վեճեր են եղել, և պատճառն այն է եղել, որ Դուք վարկ եք վերցրել, և երաշխավոր են կանգնել թատրոնի աշխատակիցները` չիմանալով, որ վարկը ոչ թե թատրոնի, այլ Ձեզ համար է:

-Երբ ասում են` լուրեր են շրջանառվում, ես դրանք բոլորը դիտարկում եմ որպես բամբասանք: Այս պահի դրությամբ տնօրեն և քաղաքացի Վարդան Գրիգորյանը որևէ բանկում որևէ վարկային պարտավորություն չունի, այս պահի դրությամբ չունի տուն և որևէ մեկին պարտք չունի: Ցավում եմ, որ ծրագիր է ստեղծվում` քանդվելու այս թատրոնը: Վարդան Գրիգորյանը որ փոխվեց, և մեկ ուրիշը եկավ, կարծում եք` խնդիրները կպակասե՞ն:

-Ամիսներ առաջ թատրոնի գլխավոր ռեժիսորին` Արմեն Մելիքսեթյանին ազատեցիք աշխատանքից, հետո արդեն գեղարվեստական մասով փոխտնօրենին ու հասարակայության հետ կապերի բաժնի աշխատակցին, դրան հաջորդեց գեղխորհրդի հրաժարականը: Չե՞ք կարծում, որ թատրոնում, համենայն դեպս, խնդիր կա:

-Գիտե՞ք` որն է խնդիրը. դա նախկինում էլ եմ ասել և նույնիսկ եթե այստեղ էլ չլինեմ, էլի եմ ասելու` խնդիրն անվան մեջ է, որը շփոթության տեղիք է տալիս: Երևանում ունենք «կամերային» անունով 3 մշակութային կենտրոններ: Անվան տեխնիկական մասով դա սխալմունք է, ժողովրդական խոսքով ասած` մի հիմար քարը գցել է փոսը` հազար խելոքով չենք կարողանում հանել:

-Խնդիր ասելով` ես անունը նկատի չունեի, խոսքն անվան մեջ չէ:

-Երբ ասում են` ի՞նչ խնդիր կա, բոլորն անխտիր պատասխանում են, թե տնօրենի մեջ է խնդիրը: Լավ, բա ինձնից առաջ 13 տնօրեն է եղել, այդ դեպքում` ում մեջ էր խնդիրը, բոլոր 13-ն էլ վա՞տ մարդիկ էին: Ելնելով այն հանգամանքից, որ Տաթևիկ Մանվելյանն իրեն լավ չէր պահում, շատ գռեհիկ և ցիկին էր պահում, ես ստիպված եմ եղել  հայտարարել, որ մեր աշխատանքային բոլոր տեսակի շփումներն ու խոսակցությունները բացառապես պետք է  ձայնագրության տեսքով լինեն, որովհետև այլ ճանապարհ չէի տեսնում: Դա արել եմ ոչ թե թաքուն, այլ` նախապես հայտարարելով:

-Արդյո՞ք թատրոնին ոչ հարիր մթնոլորտ չէ դա:

-Բա պե՞տք է ստեղծել նման մթնոլորտ տնօրենի հետ: Երբ նրան հարցնում ես` ինչո՞ւ ես այսինչ բանն անում, նա պատասխանում է` լավ եմ անում: Ես ինձ թույլ չեմ տա ճղճիմ հարցերի մեջ ընկնել: Փետրվար ամսից խնդիր են դրել ազատվել տնօրենից:

-Այսինքն` այս ամենը` ազատումներ, հրաժարականներ, Ձեր դեմ ուղղված արշա՞վ է:

-Այո, քանի որ ես թույլ չեմ տվել նրանց իրագործել իրենց բարբարոս ծրագիրը` թատրոնը ոչնչացնել: Թատրոնը հենց իրենք են փակուղի տանում: Նրանք խնդիր են դրել տրակտորով, տանկով, ամեն կերպ ինձ դուրս հանել: Ես աթոռին կառչելու խնդիր չունեմ, թող իրենք մտածեն` արդյո՞ք իրենց տեղում են: Ես շատ ազնիվ եմ աշխատել, չափազանց ազնիվ և օբյեկտիվորեն: 

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica