close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս-թուրքական նոր «եղբայրության» մեկնարկը. ինչ պետք է սպասի Հայաստանը

Թեմա

27 Հունիսի 2016, 22:21
  Ռուս-թուրքական նոր «եղբայրության» մեկնարկը. ինչ պետք է սպասի Հայաստանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիվանագիտական խողովակներով ուղերձ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ ներողություն է հայտնել նախորդ տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանագոտում ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար: Ըստ ТАСС գործակալության՝ ուղերձում Էրդողանը մասնավորապես նշել է, թե իրենք իրականում ռուսական ինքնաթիռ խոցելու ցանկություն կամ մտադրություն չեն ունեցել, ապա հավելել. «Բոլոր ռիսկերը մեզ վրա վերցնելով և մեծ ջանքեր գործադրելով` մենք սիրիացի ընդդիմադիրներից վերցրեցինք ռուսաստանցի օդաչուի դին ու տեղափոխեցինք Թուրքիա: …Նախահուղարկավորային գործընթացների կազմակերպումն իրականացվել է կրոնական և ռազմական ընթացակարգերով: Այդ ամբողջ աշխատանքը կատարվել է թուրք-ռուսական հարաբերություններին հարիր մակարդակով»: Դիմելով  սպանված օդաչուի ընտանիքին՝ Էրդողանը նշել է. «Ասում եմ` ներեցեք: Ամբողջ սրտով կիսում եմ ձեր ցավը: Ռուսաստանցի օդաչուի  ընտանիքը մենք դիտարկում ենք որպես թուրքական ընտանիք: Հանուն ցավի ու վնասի ծանրության թեթևացման` մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության», ապա հավելել, որ օդաչուի սպանության կապակցությամբ Թուրքիայի քաղաքացու դեմ դատական հետաքննություն է ընթանում:

Դրա մասին հայտնի դառնալուց հետո թուրքական իշխանական կամ իշխանամերձ քարոզչամեքենան ակտիվորեն լծվել են Էրդողանի ուղերձների տոնայնությունը փոխելուն` փորձելով հասարակությանը համոզել, որ նա ոչ թե ներողություն է խնդրել, այլ ընդամենը կատարվածի համար ափսոսանք է հայտնել: Այս արշավի նպատակը պարզ է. փրկել Թուրքիայի նախագահի դեմքը, ով իր այս քայլով, ըստ էության, կատարում է ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման համար ՌԴ նախագահի առաջադրած բոլոր երեք պայմանները: Ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է գնալ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման, եթե թուրքական իշխանությունները նախ զոհված օդաչուի ընտանիքից ներողություն խնդրեն, փոխհատուցեն ռուսական կողմի և ընտանիքի կրած վնասները և երրորդ՝ պատժեն ինքնաթիռի խոցման պատասխանատուներին:

Էրդողանի ուղերձում, ըստ էության, այս երեք կետերի մասին էլ խոսվում էր: Բայց եթե անգամ չխոսվեր էլ, էականը ուղերձին Կրեմլի տված գնահատականն է: Իսկ այն հանգամանքը, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Էրդողանի ուղերձը գնահատել է որպես ներողություն խնդրելու ակտ, վկայում է, որ Մոսկվան դա դիտարկում է որպես Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման համար իրենց առաջադրած պայմանների կատարում: Սա վերացնում է քաղաքական խոչընդոտները, պայմանականությունները, որպեսզի Մոսկվան ևս իր հերթին պաշտոնապես հաստատի Անկարային ընդառաջ գնալը: Եվ պետք է սպասել, որ այդ ուղերձը չի ուշանա՝ սկզբնավորելով ռուս-թուրքական «բարեկամական»  հարաբերությունների նոր փուլի մեկնարկը:

Իրականում այս ընթացքը կանխատեսելի էր: Ողջ հարցն այն էր՝ կողմերից որն էր կատարելու առաջինը քայլը: Ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին, Պուտինը, Հունաստան այցի ընթացքում անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, հայտարարել էր, թե Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և Անկարայից այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է ակնկալում: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը  նշել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը հարկավոր են միմյանց, և այդ պատճառով կկարողանան հարաբերությունները կարգավորել երկխոսության միջոցով։ Իսկ որպես երկխոսության ձևաչափ՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկել էր համատեղ հանձնախումբ ստեղծել՝  կողմերի օրակարգում առկա բոլոր խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս առաջարկը, որն իրականում ռուսական պահանջները օրակարգից հանելու և դրանց կատարումից խուսափելու նպատակ ուներ, Մոսկվան մերժեց՝ պնդելով իր պայմանները: Իսկ հունիսի կեսերին Էրդողանը՝ Պուտինին, իսկ  նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էին հղել, որտեղ հարաբերությունների կարգավորման հույս էին հայտնել:

 Այս հայտարարությունները վկայում էին Թուրքիայի իշխանությունների ջանքերի մասին՝ առանց սեփական հեղինակությանը վնասելու, հասնել Մոսկվայի հետ խնդիրների կարգավորման, ինչը, փաստորեն չստացվեց: Էրդողանն ստիպված էր դիմելու բոլոր երեք պայմանները կատարելու խայտառակ քայլին, որ մասին անգամ լսել չէր ուզում: Սա վկայում է, թե որքան հուսահատ և անելանելի վիճակում էր գտնվում Անկարան: Վատացնելով Եվրոպայի հետ հարաբերությունները, խնդիրներ ունենալով արտաքին քաղաքականության մեջ, առևտրի, տուրիզմի ոլորտներում կրելով միլիարդավոր դոլարների վնասներ՝ Էրդողանն ստիպված էր կատարել այս քայլը: Որևէ կասկած չկա, որ ռուսական կողմը Էրդողանի այս ուղերձը մատուցելու է որպես իր դիվանագիտության տրիումֆալ հաղթանակ:

Անկախ դրանից, սակայն, ստեղծվել է նոր իրադրություն: Մի կողմից, Էրդողանի այս նվաստացուցիչ նահանջը թույլ է տալիս Մոսկվային հարաբերությունների կարգավորման գործընթացում հանդես գալ ավելի շատ պահանջողի դիրքերից: Մյուս կողմից՝ քանի որ հարաբերությունների կարգավորման հարցում երկու կողմերն էլ իրականում չափազանց շատ էին շահագրգռված և զգում էին միմյանց կարիքն առավել քան որևէ մեկինը, այդ գործընթացը կսկսվի խելահեղ տեմպերով և չի բացառվում, որ նոյեմբերին ստացած դասից հետո ունեցած զգուշավորությամբ հանդերձ՝ հարաբերությունները սերտանան շատ ավելի, քան կար մինչև նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցումը: Բացառությամբ Սիրիայի և Ղրիմի հարցում ունեցած խորքային տարաձայնությունների՝ Մոսկվայի և Անկարայի շահերը համընկնում են մնացած գրեթե բոլոր, այդ թվում նաև հարավկովկասյան տարածաշրջանային հարցերում:  

Ռուս-թուրքական նոր մերձեցումն ուղղակիորեն անդրադառնալու է նաև այս տարածաշրջանի վրա: Նրանց միջև լարման մեծացումը հանգեցրեց տարածաշրջանային ցնցումների, որի գագաթնակետը հանդիսացավ ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև: Այս իմաստով՝ ռուս-թուրքական լարվածության թուլացումը կամ վերացումը կարող է որոշակի առերևույթ կայունացման բերել: Ամենակարևորը՝ դա կարող է ակտուալությունից զրկել Ադրբեջանին ցանկացած գնով ռուսական ինտեգրացիոն նախագծեր ներքաշելու, դրանով Ադրբեջանին Թուրքիայից քաղաքական առումով բաժանելու ռուսական քաղաքականությունը: Մյուս կողմից, սակայն, այդ մերձեցումը բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ, նախ՝ Բաքուն ազատվում է երկու հզոր կենտրոնների՝ Մոսկվայի և Անկարայի միջև ընտրություն կատարելու կամ նույնիսկ մանևրելու անհրաժեշտությունից, իսկ մյուս կողմից՝ վերականգնվում է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հին եռանկյունին, որի «աքցաններում»  Հայաստանին ընդամենը ռուսական փոքրիկ պլացդարմի դեր է վերապահվում: Այսինքն, այդ մերձեցումից Հայաստանի մարտահրավերները չեն նվազի: Դրանք ընդամենը կենթարկվեն որոշակի տրանսֆորմացիաների, կվերադառնան նախկին՝ մինչ բախումային իրադրությանը:

 Սակայն ռուս-թուրքական այս յոթամսյա ցնցումը չափազանց կարևոր էր Հայաստանի համար: Այստեղ վերջապես տեսան, զգացին ու հասկացավ, որ որքան ռուս-թուրքական «եղբայրությունն»  է վտանգավոր, նույնքան էլ՝ «թշնամությունը»: Եվ սա անվտանգության դոկտրինի հստակ պահանջ է դնում:

Գևորգ Դարբինյան            

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica