close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ չձերբակալելով՝ վիրավորում են

Հարթակ

21 Հունիսի 2016, 15:02
 Մեզ չձերբակալելով՝ վիրավորում են

Մենք կարող ենք հավատալ, որ Ժիրայր Սեֆիլյանը ապօրինի զենք ու զինամթերք էր պահում, կարող ենք եւ չհավատալ: Կարող ենք հավատալ, որ Սեֆիլյանը զինված խմբավորում էր ստեղծում, կարող ենք եւ չհավատալ: Ես, օրինակ, չեմ հավատում, որ Սեֆիլյանը ապօրինի զենք եւ զինամթերք էր պահում, որ զինված խմբավորում էր ստեղծում, թեև հավատում եմ, որ Սեֆիլյանն այս ամենը կարող էր անել: Ու խնդիրը ոչ թե Սեֆիլյանի անձն է, այլ այն, որ ապօրինաբար զենք պահել, զինված խմբավորում ստեղծել կարողանում են անգամ Նորվեգիայում, որը ո'չ ռեժիմի տիրապետության տակ է, ո'չ 800 հեկտար տարածք է զիջել հարեւան շվեդներին, ո'չ էլ արտագաղթ ունի՝ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող: Ճիշտ հակառակը` շատ էլ բարեկեցիկ երկիր է:

Ուրիշ բանի եմ հավատում: Հավատում եմ, որ Սեֆլյանն, իրոք, անկեղծ է, երբ ասում է՝ ոչ մի թիզ թշնամուն, բայց բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Սեֆիլյանը կալանավորվել է, որովհետեւ նա հայտարարում էր՝ ոչ մի թիզ թշնամուն, այն պարագայում, երբ թշնամուն մի քանի թիզ տալու ենք, ես այդ մարդկանց չեմ հավատում: Մի պարզ պատճառով` բանն այն է, որ «թշնամուն ոչ մի թիզ հող» ձեւակերպումը Սեֆիլյանինը չէ, նա ոչ առաջինն է այս մասին հայտարարել, ոչ էլ վերջինն է լինելու, որ հայտարարելու է: Կա՞ մի հայ մարդ, որը գտնում է, որ թշնամուն պետք է հող տալ: Եթե կա, ու միայն Սեֆիլյանն է դեմ, ուրեմն նրա կալանավորման պատճառը հենց այն է, որ նա դեմ է հող տալուն, երբ մեծամասնությունը կողմ է: Եթե ոչ ոք կողմ չէ, այդ թվում՝ Սեֆիլյանը, ուրեմն ինչո՞ւ են հենց նրան կալանավորում: Ապօրինի զենք, զինված խմբավորում` դնենք մի կողմ, այս մեղադրանքներին հավատալ մի տեսակ չի լինում, կա'մ` որովհետեւ ծիծաղելի է, կա'մ` քանի որ ողբերգական է, կա'մ էլ` որովհետեւ ուղղակի հավատալու ցանկություն չկա:

Ուրեմն` ինչո՞ւ: Միանգամից ասեմ, որ ես չգիտեմ, թե ինչու են կալանավորել Սեֆիլյանին: Բայց ես մի բան գիտեմ` Սեֆիլյանի համար տարբերություն չկա` ինքը ազատության մե՞ջ է, թե՞ անազատության: Ազատությունը նրա համար Հայաստանն է, որը ռեժիմի /ինչպես ինքն է սիրում կրկնել այս բառը/ գերիշխանության տակ է, այսինքն` ազատությունը նրա համար արդեն իսկ անազատություն է: Բայց, մյուս կողմից, Սեֆիլյանի համար դեռ այն ժամանակը չէ, երբ նա պետք է նոթեր գրի ազատության մասին, նա պետք է փորձի ստեղծել այդ ազատությունը` առանց զենքի, իհարկե, եւ առանց զինված խմբավորումների օգնության, անշուշտ, գաղափարապես, ինչպես Մինսկի խումբն է Ղարաբաղյան հակամարտության մասին ասում՝ բացառապես խաղաղ ճանապարհով: Ազատությունն այլ կերպ չի էլ ստեղծվում, քանի որ ցանկացած զինված խմբավորում ներքին կամ արտաքին պատերազմ է, որի առաջին զոհը ճշմարտությունն է, իսկ անհայտ կորածը՝ ազատությունը՝ բոլոր առումներով:

Գիտի՞ Սեֆիլյանն այս ամենը: Կարծում եմ, որ գիտի: Առհասարակ, նա շատ բան գիտի, սա չեմ կարծում, սրանում վստահ եմ: Գիտի, թե որքան ենք կորցրել, ինչու ենք կորցրել, եւ որ երբեք պետք չէ կորցնել ոչ մի թիզ: Բայց, մարդի'կ, սրանք մեզանից յուրաքանյուրն էլ գիտի, բայց մեզ չեն ձերբակալում: Ձերբակալում են Սեֆիլյանին, որը չէր թողնում, որ հող հանձնեն: Իբր բոլորս թողնո՞ւմ ենք կամ թողնելո՞ւ ենք…

Այսպես վիրավորում են մեզ, այսպես վիրավորում են մեզ՝ մեզ չձերբակալելով:

Հովիկ Աֆյան

Կարեւոր՝ Հ.Գ.-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեֆիլյանի մասին իմ գրեթե բոլոր հոդվածներից հետո ինձ անձնական նամակներ են գրում՝ մեղադրելով ծախված լինելու մեջ/մեղմ ասած/, ուզում եմ շեշտել երկու բան՝ ես ուզում եմ, որ Սեֆիլյանը ազատություն ստանա, ընդ որում՝ հնարավորինս արագորեն, եւ ես ուզում եմ, որ ձերբակալվեն բոլոր նրանք, ովքեր ապօրինի զենք են պահում եւ զինված խմբավորումներ են ստեղծում:

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica