close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+13°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական նահանջ Սանկտ Պետերբուրգում. բանակցությունները կշարունակվեն

Թեմա

20 Հունիսի 2016, 21:55
 Ռուսական նահանջ Սանկտ Պետերբուրգում. բանակցությունները կշարունակվեն

ՌԴ նախագահ Վլադիմիրն Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի երկար սպասված հունիսյան հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվեց եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Արդեն հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Նրանք համաձայնել են  հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացմանը: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ  բովանդակային քննարկում է կայացել ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ, և կողմերը փաստել են «մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»: Կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները եռակողմ ձևաչափով՝ «ի հավելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի…»:

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպումից հետո  հրաժեշտ տվեցին թեթև ձեռքսեղմամբ: Ըստ ռուսական РИА գործակալության, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կառուցողական է գնահատել նախագահների հանդիպումը: «Ադրբեջանական կողմը հուսով է, որ այս հանդիպումը թափ կհաղորդի Լեռնայի Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա՝ չմանրամասնելով, թե ինչն է նման լավատեսության հիմքեր տվել:

Եռակողմ հանդիպումից առաջ նախագահ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Ալիևը շատ ավելի մարտական էր տրամադրված՝ հայտարարելով, թե  հակամարտությունը ձգձգվել է, ստատուս քվոն անընդունելի է, և այն փոխելու համար հարկավոր է Ադրբեջանի տարածքների ապաօկուպացում: Այդ կերպ Ալիևն արտահայտել է իր հիմնական ակնկալիքները սանկտպետերբուրգյան հանդիպումից: Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, շրջանցելով հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգը, կենտրոնացել է բացառապես սպասվող հանդիպման վրա: Նա նշել էր, որ հայկական կողմի  ակնկալիքը հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումն է և հույս էր հայտնել, որ եռակողմ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի արդյունք գրանցել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցում: Այդպիսով Սերժ Սարգսյանը պարզորոշ հասկացրել է, որ Երևանի համար առաջնահերթությունը հրադադարի ռեժիմի պահպանումն է, նոր միայն այդ հիմքի վրա կարգավորման բանակցությունների վերսկսումը:

Հայտնի չէ, թե փակ դռների ետևում ինչ է քննարկվել Պուտին-Սարգսյան և Պուտին-Ալիևի հանդիպումների ընթացքում: Սակայն այն արդյունքները, որոնք հայտնի դարձան նախագահների եռակողմ հանդիպումից հետո, թույլ են տալիս կատարելու որոշակի ընդհանրացումներ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ տևական դադարից հետո առաջին անգամ Սարգսյան-Ալիև հանդիպումն ավարտվում է համատեղ փաստաթղթի, տվյալ դեպքում`  հայտարարության ընդունմամբ: Նման ելք չէր եղել նույնիսկ Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնի է՝ ադրբեջանական կողմը Վիեննայում հրաժարվել էր ստորագրել համանախագահների առաջարկած ամփոփիչ հայտարարությունը: Սա նշանակում է, որ Պուտինին հաջողվել է գտնել կողմերին բանակցությունների տրամադրելու «բանալին» և օրինականացնել բանակցությունների «մոդերատորի» իր ստանձնած դերը: Այն փաստը, որ կողմերը պայմանավորվել են կանոնավոր հանդիպել հենց եռակողմ ձևաչափով, թույլ է տալիս ասելու, որ բանակցային գործընթացի թելերը տևական ժամանակով գտնվելու են Մոսկվայի ձեռքերում: Սա նշանակում է, որ Մոսկվան անուղղակի պատասխանատվություն է ստանձնում նաև ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի ներկայիս ռեժիմի շարունակման համար:

Չնայած դրան՝ Սանկտ Պետերբուրգում պարզ դարձավ, որ բանակցային գործընթացի «կառավարումը» չի դառնում Ռուսաստանի մենաշնորհը, շարունակելու է գտնվել ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ֆորմատում՝ չնայած վերջինիս ազդեցության չեզոքացմանն  ուղղությամբ վերջին մեկ ամսվա ընթացքում  Մոսկվայի գործադրած ջանքերին: Դրան նպաստեց նախ ԵԱՀԿ-ի հայտարարությունը, թե սանկտպետերբուրգյան հանդիպման հետ կազմակերպությունը որևէ առնչություն չունի՝ դրանով հասկացնելով, որ այդ հանդիպման ենթատեքստը դուրս է վիեննական պայմանավորվածությունների շրջանակից: Երկրորդը, թերևս, պաշտոնական Երևանի դիրքորոշումն էր: Պատահական չէր, որ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շեշտադրումը կատարեց հենց հրադադարի ռեժիմի պահպանման առաջնահերթության վրա, իսկ խաղաղ կարգավորմանը նպաստելու համար նա Պուտինին շնորհակալություն հայտնեց ոչ թե վերջինիս  բացառիկ դերակատարության համար՝ այլ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների» հետ միասին: Երևանը դրանով ցույց տվեց, որ ոգևորված չէ գործընթացը ՄԽ ձևաչափից հանելուն ուղղված միտումներով: Արդյունքում արդեն հանդիպման նախօրեին հայտնի դարձավ, որ դրան մասնակցելու են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սա ակնհայտ զիջում էր Մոսկվայի կողմից, և կարելի է ասել՝ տակտիկական որոշակի հաջողություն Հայաստանի համար, քանի որ այդպիսով չեզոքացվեց Վիեննայի արդյունքները զրոյացնելու միտումները: Եվ սա կարելի է սանկտպետերբուրգյան հանդիպումից հայկական կողմի համար տվյալ պահի համար ամենաէական ձեռքբերումը համարել:  

Սակայն այն հանգամանքը, որ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ԼՂ հիմնահարցի կարգավորմանն առնչվող հարցեր, վկայում է, որ Երևանին չի հաջողվել խուսափել բանակցություններից և սահմանափակվել միայն հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման խնդրով՝ որպես բանակցությունների վերսկսման նախապայման: Ավելին, չափազանց տարօրինակ է, որ եռակողմ հայտարարության մեջ այս առումով շեշտվում է միայն միջազգային դիտորդների թվի ավելացման շուրջ համաձայնությունների ձեռքբերման մասին, մինչդեռ Վիեննայում խոսքը գնում էր նաև միջադեպերի հետաքննության և դրանց արձագանքման մեխանիզմների ներդրման մասին: Արդյոք Ադրբեջանին հաջողվե՞լ է օրակարգից հանել այս բաղադրիչը, թե՞ այն ուղղակի բանակցությունների առարկա չի դարձել, առայժմ հայտնի չէ: Սակայն ինքնին հայտարարության մեջ դրա անտեսումը լավատեսություն չի ներշնչում: Տպավորությունն  այնպիսին է, որ Ադրբեջանը դրա դիմաց ընդամենը խոստացել է պահպանել ներկայումս շփման գծում առկա հարաբերական անդորրը, եթե բանակցային գործընթացը ավելի ինտենսիվ բնույթ ստանա:  

Ինչևէ,  թե ինչ իրական արդյունք կտա այս հանդիպումը, պարզ կդառնա առաջիկայում՝ առաջին հերթին շփման գծում իրադրության դինամիկայից: Առաջին անգամը չէ, որ կողմերը հրաժեշտ են տալիս ձեռքսեղմումով: 2015թ. դեկտեմբերին Բեռնում կայացած նախագահների հանդիպումից հետո հայկական և ադրբեջանական պատվիրակություները հրաժեշտ տվեցին`  շամպայնի բաժակներ բարձրացնելով: Բայց դա չխանգարեց Ադրբեջանին՝ որպեսզի ապրիլին սանձազերծի լայնածավալ հարձակում` Լեռնային Ղարաբաղի դեմ:

Գևորգ Դարբինյան    

 

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica