close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հույսով երեխա չի ծնվում

Թեմա

10 Հունիսի 2016, 15:11
 Հույսով երեխա չի ծնվում

Բոլորովին վերջերս Ադրբեջանում, Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, տեղի ունեցավ «համայն աշխարհի ադրբեջանցիների»  համաժողով: Թե ե՞րբ են հասցրել ադրբեջանցիները ցրվել համայն աշխարհում, ընդ որում` հիմնականում աշխարհի այն հատվածներում, որտեղ հայկական՝ հայտնի պատճառներով առաջացած գաղթօջախներ կան, պարզ չէ, ավելի ճիշտ` պարզ է, բայց հետաքրքիր չէ: Այստեղ կարեւորն այն է, որ ադրբեջանցիները եւս, ինչպես մենք, փորձում են դառնալ համաշխարհային ազգ: Չի բացառվում, որ շուտով Բաքվում բացվի նրանց սփյուռքի նախարարությունը, նախարարն էլ պարբերաբար «արի տուն» կոչի:

Կատակը՝ կատակ, բայց «համայն աշխարհի ադրբեջանցիների» հերթական համաժողովն ու, առհասարակ, «համայն աշխարհի ադրբեջանցիներ» գոյացությունը խիստ վտանգավոր է: Բանն այն է, որ, տարիների ընթացքում ադրբեջանցիներին աշխարհով մեկ ցրելով, Բաքուն փորձելու է աշխարհում ստեղծել ներքին Ադրբեջան` աշխարհում եւ առանձին պետություններում: Օրինակ` Ֆրանսիայում կամ Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում… Մենք ունենք ներքին Հայաստան: Ճիշտ է` սփյուռքահայերն իրենց երկրների օրինապահ քաղաքացիներն են՝ հիմնականում, բայց փաստ է, որ նրանց գոյությունն ու գործունեությունը տվյալ երկրներում նպաստում է այդ երկրի՝ եթե ոչ հայամետ, գոնե ոչ հակահայ քաղաքականության դրսեւորմանը եւ, որն ավելի կարեւոր է, հասարակական վերաբերմունքի գոյացմանը: Ադրբեջանը սա տեսնում եւ հասկանում է, ու ինքն էլ փորձում է իր ներքին Ադրբեջանը ձեւավորել՝ իր շահերն աշխարհով մեկ առաջ տանելու նպատակով՝ նախեւառաջ ու զուգահեռաբար հայկական սփյուռքին /որին համարում է իր թիվ մեկ թշնամին/ հակակշիռ դառնալու հստակ ակնկալիքով: Կհաջողվի՞, դժվար է ասել, գուցե չհաջողվի, օրինակ` Թուրքիային Գերմանիայում եւ Եվրոպայում ներքին Թուրքիա ստեղծել չհաջողվեց: Ապացույցը` Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որին կողմ են քվեարկել, այդ թվում` ազգությամբ թուրք բունդեսպատգամավորներ: Այսինքն` նրանք, ովքեր պետք է կոնկրետ Գերմանիայում նպաստեին թուրքական շահին, ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցան՝ ինտեգրվելով գերմանական հասարակությանը եւ դառնալով գերմանական պետության շահերի ու համաեվրոպական արժեհամակարգի կրողներ: Սա շատ կարեւոր է, քանի որ Բունդեսթագում Թուրքիան պարտվել է ոչ թե այն պատճառով, որ գերմանական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ` քանի որ այդ գործում մեծ ավանդ են ունեցել ազգությամբ թուրք պատգամավորները: Պատահական չէ, որ պաշտոնական Անկարան Բունդեսթագի մասին այնքան չի խոսում, որքան այնտեղ աշխատող թուրքերի:

Այսինքն` շատ հնարավոր է, որ համայն աշխարհում ներքին Ադրբեջան ստեղծելը դատապարտվի ներքին Թուրքիայի ճակատագրին: Իսկ եթե հակառակը լինի՞… Մենք մտածո՞ւմ ենք այս ուղղությամբ, ռազմավարություն ունե՞նք: Ի դեպ, Սփյուռքի նախարարության համար աշխատելու հրաշալի առիթ է` սեփական գոյությունն արդարացնող: Աշխատո՞ւմ են… Նկատի չունեմ միայն Սփյուռքի հետ, նկատի ունեմ՝ դեսպանատները: Բոլորովին վերջերս ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով Մոսկվայում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին, ասել էր, թե նա լավ կանի` երգի: Այսկերպ Բալայանը հիշեցրել էր ադրբեջանցի դեսպանին, նրա` նախկինում երգիչ լինելը: Իսկ նախկինում ի՞նչ են եղել մեր դեսպանները, օրինակ` Վրաստանինը…

Իհարկե, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան դրա մասին խոսում են: Օրինակ` Լիտվայում բոլորովին վերջերս քաղաքներից մեկի իշխանությունները թույլ չէին տվել ադրբեջանական համայնքին քաղաքում տեղադրել իրենց ուզած արձանը, փոխարենը թույլ էին տվել հայերին: Բայց սա չի նշանակում, որ միշտ է այդպես լինելու եւ ամեն երկրում է այսպես լինելու, օրինակ` Մեխիկոյում Հեյդար Ալիեւի արձան կա, ճիշտ է` այդ արձանի մոտ ոչ մի մեքսիկացի ծաղիկներ չի դնում, բայց այդ արձանը Մեխիկոյում չի դրվել, որ այնտեղ ծաղիկներ տանեն, դա Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի ներկայությունն է: Կարեւո՞ր է, նկատի ունեմ՝ Մեքսիկան: Իմ կարծիքով՝ այո, մանավանդ, երբ ՄԱԿ-ում ինչ-որ հարց պետք է ընդունել, որտեղ յուրաքանչյուր երկրի ձայն կարեւոր է:

Բայց ամենակարեւորը երեխաներն են, ընդ որում` ե'ւ մեր, ե'ւ նրանց: Այսինքն` եթե Ադրբեջանը Մեխիկոյում Հեյդար Ալիեւի արձանն է դնում, փոխարենը մենք մանկական միջազգային հեռուստաալիքով Հայաստանի մասին բան ենք պատմում երեխաներին, վերջում էլ հայկական օրորոցային ենք երգում, մեր արածն ավելի կարեւոր է, ավելի ճիշտ՝ ռազմավարական է: Բայց անո՞ւմ ենք, նրանք, օրինակ, դա էլ են անում. ռուսալեզու «Կարուսել» հեռուստաալիքով, որը կաբելայինով հեռարձակվում է նաեւ Հայաստանում, գրեթե ամեն օր ինչ-որ ժամի ալիքը նայող տարբեր ազգությունների երեխաները լսում են մոտ հինգ րոպեանոց հեքիաթ Ադրբեջանի մասին, գունեղ պատկերներով, տպավորիչ, վերջում էլ՝ ադրբեջանական օրորոցային: Ես չգիտեմ, թե որքա՞ն է նստել այս շքեղությունը ադրբեջանական բյուջեի վրա, բայց ես գիտեմ, որ գոնե ռուսաստանյան մեդիա ոլորտում մենք շատ բան առանց փողի էլ կարող ենք անել:

Ի դեպ, երեխաների մասին: Ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում յուրաքանչյուր ընտանիք, որտեղ մեկ երեխա է ծնվում, պետությունից ստանում է 95 մանաթ, որը մոտավորապես 62 ամերիկյան դոլար է: Իսկ երբ կով պահող ադրբեջանական ընտանիքում կովը հորթ է ծնում, տվյալ ընտանիքը պետությունից ստանում է 100 մանաթ, որը մոտավորապես 66 դոլար է: Այսինքն` շատ հնարավոր է, որ ապագայում Ադրբեջանում ավելի շատ կով լինի եւ հորթ ծնվի, քան մարդ ապրի եւ երեխա ծնվի: Սա մեզ հույս է տալիս, բայց միայն հույսով երեխա չի ծնվում:

Հովիկ Աֆյան

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica