close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ Էրդողան

Թեմա

8 Հունիսի 2016, 22:01
 Արամ Էրդողան

Իսկ ի՞նչ պետք է աներ Աթեշյանը: Չէ, լուրջ, եթե մենք դատապարտում ենք Պոլսո պատրիարքի տեղապահին, որ նա դավաճան բովանդակությամբ նամակ է գրել Էրդողանին, ընդ որում դա ազգովի ենք անում, ապա մենք պետք է ասենք նաեւ, թե փոխարենն ի՞նչ պետք է աներ Աթեշյանը, եթե իհարկե, մենք չենք ուզում, որ մեր քննադատությունը ինքնանպատակ լինի:

Առաջինն ինչ անցնում է մտքով, հետեւյալն է` պարզապես չգրել: Այսինքն, Աթեշյանը Բունդեսթագի ընդունած որոշման հետ կապված որեւէ նամակ չի գրում Էրդողանին: Բայց մենք գիտե՞նք, թե Աթեշյանն ինչու է այդ նամակը գրել եւ հենց այդպես գրել: Գուցե Էրդողանը, ոչ անձամբ իհարկե, չնայած վերջինիս պարագայում անձամբն էլ չի բացառվում, ստիպե՞լ է Պոլսո պատրիարքի տեղապահին իրեն նամակ գրել, հակառակ պարագայում… Ի՞նչ, այս ինչն ամենակարեւորն է այս պատմության մեջ, այսինքն Աթեշյանն ինչի՞ց է վախենում: Եթե մահից, այսինքն նրանից, որ երբ ինքը Անկարային հակառակ քայլ անի կամ խոսի, ապա Անկարայից կգան ու իրեն մանրամասն կհիշեցնեն 1915 թվականը, ապա սա զուտ մարդկայնորեն հասկանալի է: Մարդը հիմա վախենում է սպանվելուց, այն էլ դաժանաբար, ու քանի որ ինքը Թուրքիայում է ապրում, գիտի, որ թուրքերը միայն դաժանաբար են սպանում: Վախի դեմ ոչինչ չես կարող անել, անգամ երբ վախն անընդունելի է: Բայց եթե իրոք Աթեշյանը վախենում է եւ հենց սպանվելուց, ապա ինչո՞ւ է մնում Պոլսում: Ես հասկանում եմ, որ Պոլիսը, անգամ երբ Ստամբուլ է դարձել, գեղեցիկ քաղաք է, հատկապես երեկոյան ժամերին, երբ Բոսֆորի եվրոպական ափին նստում ես ու նայում Ասիայի ուղղությամբ, մեղմ քամին էլ քնքուշ շոյում է մորուքդ, բայց աշխարհում այլ գեղեցիկ քաղաքներ էլ կան, օրինակ` հոլանդական Հաագան: Ճիշտ է, այնտեղ չես կարող Եվրոպայում նստած Ասիային նայել, կամ հակառակը, ճիշտ է, այնտեղ քամին հազվադեպ է մորուքդ քնքուշ շոյում, քանի որ քամի հազվադեպ է լինում, բայց փոխարենը միջազգային դատարաններ կան, որտեղ կարելի է դիմել՝ հայցով, որ Թուրքիայի բարձրագույն իշխանությունները սպառնում են սպանել: Դիմել ու ներկայացնել ապացույցներ, եթե իհարկե նման ապացույցներ Աթեշյանն ունի: Այնպես որ, չնայած սպանվելու վախը մարդկայնորեն հասկանալի է, բայց ընդհանուր առմամբ անհասկանալի է, ավելի ճիշտ՝ անընդունելի է:

Իսկ գուցե Աթեշյանն ուրի՞շ բանից է վախենում, դե, օրինակ, ունեզրկումից: Այսինքն նրանից, որ Անկարայից կգան ու կպետականացնեն Պոլսո պատրիարքարանի ողջ ունեցվածքը, Աթեշյանի ունեցվածքի վրա էլ կալանք կդնեն, նրան կմեղադրեն ֆինանսական մեքենայությունների մեջ, բանտ կնետեն, որի թուրքականն, ասում են, հատկապես դժոխք է: Ո՞ր քրիստոնյան, այն էլ` հոգեւորականը կցանկանա դժոխքում հայտնվել, պարզ է, որ ոչ ոք: Բայց, եթե այդպես է, ապա ի՞նչն է խանգարում Աթեշյանին այս մասին բարձրաձայնել, եթե Հաագան դուրը չի գալիս, ապա, օրինակ Ստրասբուրգում, կամ, ենթադրենք Բրյուսելում, լավ, Եվրոպան «Սոդոմ-Գոմոր» է, թող Պեկին գնա, գնա եւ բողոքի, որ` մարդիկ՝ աշխարհի, կապ չունի քրիստոնյա եք, թե մահմեդական, բուդդիստ եք, թե սինտոիստ, աթեիստ եք, թե հուդայական, օգնեք ինձ, քանի որ Թուրքիայում այդ երկրի բարձրագույն իշխանությունները ապօրինի կերպով փորձում են շորթել Պոլսո հայոց պատրիարքարանի ողջ ունեցվածքը, ինձ էլ բանտ նետել: Վստահեցնում եմ, որ եթե Աթեշյանն այս գրառումը Ֆեյսբուքում անի, առնվազն կես միլիոն լայք կստանա, եւս մեկուկես միլիոնն էլ պատրաստակամություն կհայտնեն՝ օգնելու, բացի հայերից՝ այսքանը, նվազագույնը այսքանը:

Ուրեմն Աթեշյանի նյութական վախն էլ հիմնավոր պատճառ չէ՝ հասկանալու, թե ինչու է Աթեշյանը գրել այդ նամակը: Ի դեպ, նյութական կամ առհասարակ վախ ունենալը քրիստոնյային հարի՞ր է: Չէ՞ որ ամեն անգամ, երբ դու վախենում ես, ապացուցում ես, որ Աստծուն չես հավատում:

Ուրեմն գուցե Աթեշյանը չի՞ վախենում, այլ ուղղակի էլ հայ չէ: Բայց աշխարհի ոչ մի երկրի առաջնորդ կամ հոգեւոր առաջնորդ, ընդ որում՝ նաեւ մահմեդական, Էրդողանին Բունդեսթագից հետո նամակ չի գրել, թե կիսում ենք ձեր ապրումները, միայն Աթեշյանն է գրել, այսինքն հայ չլինելը հիմնավոր պատճառ չէ՝ Էրդողանի վիշտը կիսելու:

Էլ ի՞նչ մնաց, երեւի ոչինչ, ու սա ամենասարսափելին է: Քանի որ, եթե Աթեշյանը Էրդողանին այս նամակը գրել է՝ ոչ որովհետեւ ստիպված է եղել, ոչ որովհետեւ վախեցած է, ոչ որովհետեւ էլ հայ չէ, այլ ուղղակի` դա ավելի սարսափելի է: Քանի որ, եթե Աթեշյանը, օրինակ, վախեցած լիներ, կամ ստիպված, կամ ոչ հայ, ապա փրկությունը նրան էր պետք, քանի որ սրանցից ոչ մեկն էլ չէ, փրկել է պետք Պոլսո հայոց պատրիարքարանը:

Սարսափելին էլ այն է, որ պատրիարքարանը փրկել է պետք ոչ թե Էրդողանից, այլ Աթեշյանից:

Հովիկ Աֆյան

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica