close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոտրել Երևանի համառությունը. ի՞նչ էր Ալիևն ուզում ստանալ Մերկելից

Թեմա

8 Հունիսի 2016, 20:48
 Կոտրել Երևանի համառությունը. ի՞նչ էր Ալիևն ուզում ստանալ Մերկելից

Դատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակներում Բեռլինից հնչած հայտարարությունների բովանդակությունից՝ այցը հիմնականում կապված էր ԼՂ կարգավորման առաջիկա զարգացումների հետ:

Ալիևի այս այցին նախորդել էր մայիսի վերջին և հունիսի սկզբին նախ` Ադրբեջանի, ապա` Հայաստանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը, որից հետո, սակայն, այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ե՞րբ է պլանավորվում նախագահների հերթական հանդիպումը: Հունիսի 2-ին Փարիզում երեք համանախագահների հետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկումը վերաբերել է «զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասներին»։ Դրանից պարզ է դառնում, որ համանախագահներն արդեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջոցառումների առումով առաջարկությունների ինչ-որ փաթեթ են փոխանցել կողմերին: Ըստ ամենայնի՝  ներկայումս թե' Երևանը և թե' Բաքուն այդ փաթեթի վերաբերյալ դիրքորոշումները հստակեցնելու փուլում են:

«Ինտերֆաքս»-ին երեկ տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է. «Գերմանիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահող և ՄԽ մաս կազմող երկիր, անմիջական մասնակցություն ունի վիեննական պայմանավորվածությունների իրականացման գործընթացում, որը կապված է հակամարտող կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդմանը»: Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հրադադարի ամրապնդման մեխանիզմների ստեղծմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ նախագահող Գերմանիան: Պետք է ենթադրել, որ Ալիևի՝ Գերմանիա կատարած այցը պայմանավորված է եղել հենց շփման գծում խաղաղության ամրապնդմանն ուղղված առաջարկվող միջոցառումների կապակցությամբ Բեռլինից որոշակի պարզաբանումներ ստանալու հետ: Դրանցից էլ, թերևս, կախված կլինի առաջարկությունների վերաբերյալ պաշտոնական Բաքվի վերջնական դիրքորոշումը:

Բեռլինում կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է «օկուպացված տարածքների» վերադարձման և ստատուս քվոն փոխելու անհրաժեշտության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ նա գերմանական կողմից փորձել է երաշխիքներ ստանալ, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մոնիթորինգային թիմի ընդլայնման միջոցառումները չեն ծառայելու ներկայիս ստատուս քվոյի շարունակմանը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ թե' Մերկելը և թե' Ալիևը հատուկ շեշտել են, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում վճռորոշ դերակատարություն է ունենալու Ռուսաստանը: Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես իր ռազմավարական գործընկեր, և որ Մոսկվայի ներկայիս վարքագիծը լիովին համապատասխանում է այդ կարգավիճակին: Ընդ որում` ո'չ Մերկելը և ո'չ էլ Ալիևը որևէ ակնարկ չեն արել հրադադարի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների մասին: Այս ամենից հետևում է, որ պաշտոնական Բեռլինը բանակցությունների շարունակման և հանգուցալուծման հիմնական պատասխանատվությունը, անկախ կողմերին ներկայացված հրադադարի ամրապնդման մեխանիզմների գործարկման հանգամանքից, գցում է Ռուսաստանի վրա: Ակնարկն ավելի քան պարզ է՝ որպեսզի Հայաստանը, առանց այդ մեխանիզմների ներդրման կամ դրա ընթացքին զուգահեռ, մտնի հայտարարված` հունիսից մեկնարկող ԼՂ կարգավորման, այսպես կոչված, «սուբստանտիվ» բանակցությունների մեջ, ապա Բաքուն պետք է հոգա, որ Մոսկվան ճնշում գործադրի Երևանի վրա:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Գերմանիան այսպես վարվում:  Պետք է ենթադրել՝ դա պայմանավորված է նրանով, որ Երևանը փորձում է չհրաժարվել հրադադարի ամրապնդման մեխանիզմների տեղակայումը որպես մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու նախապայման ներկայացնելու՝ դեռ Վիեննայի գագաթաժողովում արտահայտած դիրքորոշումից: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ համանախագահների և Էդվարդ Նալբանդյանի՝ հունիսի 2-ին Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չկար նախագահների մակարդակով բանակցությունների կազմակերպման մասին: Բացի դրանից՝ արդեն հունիսի առաջին տասնօրյակն անցնում է, սակայն ո'չ կողմերը և ո'չ էլ միջնորդները չեն հստակեցնում, թե ե՞րբ են նախագահները հանդիպելու, կամ, ընդհանրապես, այս ամիս նման հանդիպում կկայանա՞, թե՞ ոչ:

Այն, որ բանակցությունների հարցում անորոշությունը պահպանվում է հենց հայկական կողմի համառության պատճառով, անուղղակի հաստատել է նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա, ըստ 1in.am-ի, նշել է, որ Գերմանիան հիմա փորձում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման համար ֆինանսական աղբյուրներ գտնել, ապա հավելել է. «Թեպետ պայմանավորվածությունից հետո շփման գծում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, եւ տիրում է հարաբերական անդորր, բայց իրականում 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է կայուն մնա: Միաժամանակ, առանց հետաձգելու պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները խնդրի կարգավորման շուրջ»: Քիսլերի ակնարկը Երևանին առավել քան թափանցիկ է՝ բավարարվել զուտ նրանով, որ հիմա սահմաններին, ընդհանուր առմամբ, խաղաղություն է և, չսպասելով իր առաջադրած նախապայմանների կատարմանը, որն ակնհայտորեն ուշանում է, գնալ նախագահների նոր հանդիպմանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է չկասկածել, որ վիեննական պայմանավորվածությունների պատճառով կաշկանդումների մեջ հայտնված Ալիևը Գերմանիայից վերադառնալուց հետո սկսելու է դրդել Ռուսաստանին՝ ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Ալիև-Սարգսյան հանդիպման կազմակերպմանը: Հարցն այն է՝ ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը: Չի կարելի բացառել, որ դրանից կախված կլինի, թե որքան կտևի շփման գծում տիրող անդորրը:

Գևորգ Դարբինյան       

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica