close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խայտառակ հարված` թիկունքից

Թեմա

7 Հունիսի 2016, 21:36
 Խայտառակ հարված` թիկունքից

Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» պարբերականի տեղեկացմամբ` Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում Աթեշյանը, ըստ էության, դատապարտել է այդ բանաձևի ընդունումը և, ըստ թերթի, նշել. «Որպես Թուրքիայի հայ համայնք` մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ»: Պատրիարքի փոխանորդը նաև նշել է, թե ինքն արտահայտում է Թուրքիայի հայ քրիստոնյա քաղաքացիների կարծիքը, ովքեր բարեխղճորեն կատարում են թուրքական պետության հանդեպ իրենց պարտավորությունները: Նա նաև կարծիք է հայտնել, թե դեռ պետք է հասկանալ՝ որքանո՞վ է Բունդեսթագի կողմից այդ բանաձևի ընդունումն արտահայտում Գերմանիայի ժողովրդի կարծիքը:

Առաջին անգամը չէ, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը Ցեղասպանության և դրա ճանաչման շրջանակներում հանդես է գալիս նման իշխանահաճո վարքագծով: Շատ դեպքերում նման վարքագծի հանդեպ որոշակի ըմբռնողականություն է ցուցաբերվել՝ նկատի առնելով, թե ինչպիսի բարոյա-հոգեբանական ճնշման պայմաններում է իր գոյությունը պահպանում ներկայիս թուրքահայությունը: Ընդամենը մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ի պատասխան Բունդեսթագի կողմից վերոնշյալ բանաձևի ընդունման, դարձյալ սպառնաց, թե երկրից կվտարի Թուրքիայում բնակվող և աշխատող` Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Իսկ այն, ինչ ներկայումս կատարվում է թուրքահպատակ քրդերի հետ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, անկասկած, իր հայրենիքում գտնվող, Ցեղասպանության արհավիրքն անցած հայության բեկորներին ստիպում է, ընդհուպ ֆիզիկական գոյությունը պահպանելու բնական կարիքից ելնելով, լինել ավելի զուսպ և զգուշավոր:

Բայց զուսպ և զգուշավոր լինելը բացարձակապես չի ենթադրում նման քծնողականություն և որոշ իմաստով՝ ստորաքարշություն: Այն դեպքում, երբ Օսմանյան Թուրքիայի ամենասերտ դաշնակիցը հանդիսացող Գերմանական կայսրության իրավաջորդը հանդիսացող ներկայիս դաշնային Գերմանիան, ընդունելով Ցեղասպանության իրականացման մեջ սեփական պատասխանատվությունը, ուղղակի Անկարային փախչելու և սեփական ժխտողականությունը հիմնավորելու տեղ չի թողնում, բանաձևի ընդունման կապակցությամբ ափսոսանք հայտնելը երիցս ժխտողականություն է, որը հատում է ազգային դավաճանության սահմանը: Այս իմաստով ուղղակի ամոթալի է արձանագրել, որ Ցեղասպանության ճանաչման հարցը գերմանական Բունդեսթագում բարձրացնում ու առաջ են մղում ազգությամբ թուրք պատգամավորները, մինչդեռ` Թուրքիայում հայության «դեսպանի» անուղղակի դերը կատարող Հայոց պատրիարքությունը հանդես է գալիս նման եղկելի նախաձեռությամբ՝ այն դեպքում, երբ կարծես թե բոլոր հնարավորություններն ուներ պարզապես լռելու և թուրքական շիկացած կրքերի թուլացմանը սպասելու:

Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ պատրիարքությանը պարզապես ստիպել են հանդես գալ նման նամակով՝ ինչպես միշտ պատրիարքին կամ նրա փոխանորդին դարձնելով ժխտողականության գործիք: Սակայն առնվազն երեք գործոն թույլ է տալիս ենթադրել, որ սա ոչ թե պարտադրանքի արդյունք է, այլ կամավոր կամաարտահայտում հենց պատրիարքի փոխանորդի կողմից:

Նախ՝ թուրքական կառավարությունը կամ Էրդողանի վարչակազմը պատրիարքարանին «օգտագործելու» կարիքն ամենևին չուներ, որովհետև գործ ունի մի բանաձևի հետ, որով ընդունող կողմն ինքն է ընդունում սեփական պատմական պատասխանատվությունը կատարված ոճրագործության մեջ: Պատրիարքարանին օգտագործելը իմաստ կունենար, եթե բանաձև ընդունելու նախաձեռնություն ցուցաբերեր Ցեղասպանության իրագործման հետ կապ չունեցող երրորդ երկիր: Հետևաբար, սա ոչ թե պոլսահայության կամ պատրիարքարանի հարցն է, այլ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների:

Երկրորդ՝ Թուրքիան ինքը դեռևս փաստացի չգիտի՝ ինչպես արձագանքել Բունդեսթագի կողմից այս բանաձևի ընդունմանը: Գերմանիայում Թուրքիայի դեսպանին ետ կանչելուց, Բունդեսթագի գերմանացի և ազգությամբ թուրք պատգամավորներին հայհոյելուց այն կողմ Անկարան դեռ չի անցել՝ շատ լավ հասկանալով, որ այնքան էլ հեշտ չէ գնալ հարաբերությունների վատթարացման այնպիսի երկրի հետ, որից հսկայական կախվածություն ունի թե' ներդրումների, թե' զբոսաշրջության և ԵՄ-ում լոբբինգի իրականացման առումով: Եվ բանաձևի ընդունումից հետո դիմել քաղաքական առումով այնպիսի մի թույլ գործիքի կիրառության, ինչպիսին Պոլսի պատրիարքության կողմից «ափսոսանքի» արտահայտումն է, ուղղակի անհեթեթ է և անիմաստ: Այն կարող էր ընդամենը մեկ հարց լուծել` նվաստացնել հայությանը, որը, սակայն, Գերմանիայի հետ որևէ կապ չունի:

Եվ վերջապես երրորդ պատճառն այն է, որ եթե իսկապես Թուրքիայի իշխանությունները նպատակ ունենային որպես զենք գործի դնել թուրքահայության և պատրիարքարանի գործոնը, ապա դժվար թե դրա համար որպես լավագույն տարբերակ ընտրվեր Էրդողանին «ափսոսական» բովանդակությամբ նամակով դիմելը:

Անկախ ամեն ինչից՝ տեղի ունեցածը պարզաբանման կարիք ունի: Եթե պատրիարքի փոխանորդի պահվածքը ճնշման հետևանք է, ապա այդ ուղերձը առնվազն Էջմիածնի Հայոց կաթողիկոսության խողովակով պետք է  հասու դառնա՝ ազգային խայտառակությունից ազատվելու համար: Եթե` ոչ, ապա վաղուց արդեն հասունացել է պատրիարքարանի նման վարքագծին հստակ գնահատականներ տալու ժամանակը: Պատրիարքարանն ինքը պետք է հասկանա, որ նման գործունեությամբ ոչ միայն հայության, այլև անգամ պոլսահայության անունից հանդես գալու որևէ իրավունք այլևս չունի:  

Գևորգ Աղաբաբյան  

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica