close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+19°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ են Էդվարդ Նալբանդյանին մեծ շուքով ընդունել Իրանում

Թեմա

6 Հունիսի 2016, 20:44
 Ինչո՞ւ են Էդվարդ Նալբանդյանին մեծ շուքով ընդունել Իրանում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Իրանում: Այցի հիմնական նպատակը Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի վերացման հուշագրի ստորագրումն էր: Այցի շրջանակներում, սակայն, Նալբանդյանին ընդունել են ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ում հետ ստորագրվել է վերոնշյալ հուշագիրը, Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին: Իսկ հունիսի 6-ին Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Նալբանդյանի համար ամենաբարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելով՝ իրանական կողմը փաստացի ընդգծել է, թե որքան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, գուցե նաև՝ որքան մեծ սպասելիքներ ունի վերջինիցս՝ այդ հարաբերությունները ցանկալի մակարդակի բարձրացնելու համար: Ցանկություն, որը, չնայած իրացման առումով ունեցած լրջագույն պոտենցիալին, ոչ մի կերպ ստրատեգիական բնույթ չի ստանում՝ մնալով ընդամենը ոլորտային համագործակցության շրջանակում: Այս առոմով հատկանշական է Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության, նախագահ Ռոհանիի արած այն դիտարկումը, թե՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ «Հասան Ռոհանին նշել է, որ թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եթե նախագահ Ռոհանիի այս դիտարկումները դուրս բերենք դիվանագիտական ձևակերպումներից, ապա նա, ըստ էության, բացահայտ դժգոհում է Իրան-Հայաստան թե տնտեսական և թե քաղաքական ու տարածաշրջանային գործակցության մակարդակից և դրանում մեղադրում է Հայաստանին, որից որևէ լուրջ, գործնական առաջարկ չի ստանում:

Թվում է, թե չափազանց կարևոր ձեռբերում է վիզային ռեժիմի վերացման շուրջ հայ-իրանական հուշագրի ստորագրումը, որը չափազանց կարևոր է հատկապես տուրիզմի զարգացման տեսանկյունից: Դեռ 2011թ. Իրանի արտգործնախարար Սալեհին, ով ներկայումս Իրանի փոխնախագահն է, հայտարարել էր, որ եթե Իրան-Հայաստան վիզային ռեժիմը վերացվի, յուրաքանչյուր տարի Հայաստան կարող է այցելել ոչ թե 100 հազար, այլ մեկ միլիոնի չափ իրանցի զբոսաշրջիկ: Եվ չնայած դրան՝ այս խնդիրը ոչ մի կերպ լուծում չէր ստանում: Ավելին. Իրանը մեկ տարի առաջ վերացրեց վիզային ռեժիմը միանգամից մի քանի տասնյակ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ, սակայն դրանց թվում Հայաստանը, անհասկանալի պատճառներով, չկար: Եվ քանի որ վիզաների հարցոմ Իրանն առաջնորդվում է փոխադարձության սկզբունքով, ապա ակնհայտ է, որ այն ժամանակ հենց հայկական կողմի վերապահումների պատճառով չէր այդ հարցը լուծվել: Իհարկե, դրական է, որ գոնե մեկ տարի հետո վերջապես Երևանը գնում է այս քայլին: Բայց նման ուշացումը ցույց է տալիս, թե հարավկովկասյան մյուս երկու երկրների համեմատ Իրանի հետ հարաբերությունների զարգացման առումով որքան է Հայաստանը հետ ընկել:

Սա երևում է նաև Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումից հետ Ադրբեջանի նախաձեռնողական քաղաքականության ֆոնին:  Այս տարվա փետրվարին կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Իրան, որի հիմնական ձեռքբերումներից մեկը երկու երկրների երկաթուղային գծերը միացնող Աստարա (Ադրբեջան) -Աստարա (Իրան) երկաթուղային կամուրջի շինարարության շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրումն էր: Ալիևի այցին հաջորդեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախ Ալիևի, ապա նաև Ռոհանիի հետ հեռախոսազրույցների կայացումը, որից հետո հայտարարվեց, որ երեք երկրների ղեկավարները պլանավորում են հանդիպել՝ տնտեսական համագործակցության հետ  կապված հարցեր քննարկելու նպատակով: Նախորդ շաբաթ արդեն պաշտոնական Մոսկվան, ի դեմս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, հաստատեց, որ Բաքվում նախատեսվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այսինքն մինչ Հայաստանը հայտարարություններ է անում Իրանը ԵՏՄ տարածքին կապող օղակ դառնալու իր հնարավորության մասին, Ադրբեջանն արդեն այդ «միջանցքը» դառնալու կոնկրետ քայլեր է կատարում: Իսկ 15-20 մլն տոննա թողունակությամբ Աստարա (Ադրբեջան) -Աստարա (Իրան) երկաթուղային կամուրջի շինարարության շուրջ համաձայնագրերի ստորագրմամբ Ադրբեջանը փաստացի ոչ միայն օրակարգից հանեց Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հարցը՝ համենայնդեպս զգալիորեն բարդացնելով այս նախագծում ներդրողների ներգրավման խնդիրը, այլև գրեթե չեզոքացրեց չինական Մետաքսի մեծ ճանապարհին Հայաստանի՝ իբրև տարանցիկ երկրի, միանալու հեռանկարները:

Այս իմաստով Իրան-Հայաստան այնպիսի գործակցությունը, որը կարող էր մեծացնել Հայաստանի տարածաշրջանային քաղաքական դերակատարությունը, առայժմ մնում է հիմնականում գեղեցիկ ցանկությունների դաշտում: ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Էդվարդ Նալբանդյանը Ռոհանիի հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը` «նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել և իրագործել, ինչպես ի շահ երկու հարևան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության»: Եթե երկկողմ փոխգործակցության ձևաչափի կտրվածքով կարելի է որոշակի կոնկրետ ծրագրեր նշել, ինչպես, օրինակ, Մեղրու տարածաշրջանը իրանական գազով ապահովումը, Մեղրու ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությունը, ապա անհասկանալի է մնում, թե ի՞նչ է նկատի առնվում «տարածաշրջանային համագործակցության» ներքո: Այս կտրվածքով առայժմ հաջողությամբ իրականացվող միակ ծրագիրը Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ «միջանցքի» ստեղծումն է եղել: Մնացած բոլոր նախաձեռնություններն այդպես էլ միս ու արյուն չեն ստանում:

 Մնում է հուսալ, որ Նալբանդյանը կոնկրետ առաջարկների առումով դատարկաձեռն չի մեկնել Թեհրան: Թե այս առումով ՀՀ արտգործնախարարի այցը որքանով կարելի կլինի հաջողված համարել, կախված է նրանից, թե ի վերջո կհաջողվի՞  կազմակերպել Իրանի նախագահի այցը Հայաստան: Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին ինքն է նման ցանկություն հայտնել՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու: Իսկ ժամկետները պարզ կլինեն միայն այն բանից հետո, երբ պարզ կլինի՝ կա՞ արդյոք Իրան-Հայաստան տնտեսա-քաղաքական առավել նշանակալից այնպիսի օրակարգ, որ կհամապատասխանի նախագահի մակարդակով այց կազմակերպելուն: Համենայնդեպս Թեհրանը հասկացնում է, որ առանց այդ օրակարգի, նման այցի սպասելիք Երևանում չպետք է ունենան:    

Գևորգ Դարբինյան  

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica