close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օձություն մի´ արեք, տղե´րք

Թեմա

6 Հունիսի 2016, 19:00
 Օձություն մի´ արեք, տղե´րք

Ես չգիտեի, թե Սամվել Բաբայանի մականունն ինչ է, նոր իմացա: Վստահ էի, որ, ինչպես գրեթե բոլորը, մանավանդ` նրանք, ովքեր կռվել են, Բաբայանը` եւս, մականուն պետք է ունենան, բայց թե ի՞նչ է նրա մականունը, կոնկրետ չգիտեի: Բայց դա կարեւոր չէ, նկատի ունեմ մականունը, եթե, իհարկե, վարկաբեկիչ չէ, իսկ Բաբայանի պարագայում վարկաբեկիչ չէ: Շատ ավելի կարեւոր մի բան կա «բաբայանական» այս օրերի մեջ: Մարդը ոչ միայն «Արի տուն» կոչին է հետեւել, այլեւ՝ «Եկ Արցախ»-ին: Հատկապես Բաբայանի պարագայում սա շատ կարեւոր է, քանի որ բոլորս հիշում ենք, թե ինչու եւ ինչպես Բաբայանը լքեց Արցախն էլ, տունն էլ: Ուրեմն հիմա կա'մ իրավիճակ է փոխվել՝ հօգուտ Բաբայանի, կա'մ էլ Բաբայանն է փոխվել՝ հօգուտ մեզ: Ինձ թվում է, որ երկրորդ տարբերակն ավելի ճշմարտամոտ է:

Ինձ այդպես է թվում, քանի որ ես ուշադիր եւ մի քանի անգամ նայեցի մեկ ժամից ավելի տեւող այն տեսագրությունը, որը նկարահանվել է 1993-ին Մոսկվայում. Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի պատվիրակները, ՌԴ ՊՆ նախկին նախարար Գրաչովի «հրամանատարությամբ», բանակցում էին, ու Արցախի պատվիրակությունը գլխավորում էր Բաբայանը: Այս տեսագրությունը նայելուց հետո, երբ նայեցի «Սիվիլնեթ»-ին տված` Բաբայանի հարցազրույցը, հասկացա, որ Բաբայանն ինքն է փոխվել, առնվազն՝ ծերացել է: Բացի այդ եւ ամենակարեւորը` արդեն խոսում է: 1993-ին Մոսկվայում, Գրաչովի դիմաց նստած, նա լուռ էր, ինչ ասում էին, գլխով էր անում, մի անգամ էլ, երբ ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գիծն էին ճշտում, քարտեզը հանեց՝ ցույց տալու, որ գիծը մի քանի մետրով տարբերվում է Գրաչովի ներկայացրած գծից, բայց Գրաչովը չթողեց` ասելով` եթե մետրերի հարց է, թողնենք: Բաբայանն էլ թողեց, քարտեզը ծալեց, դրեց կողքը. իսկապես, եթե մետրերի հարց է, ի՞նչ տարբերություն՝ մի քանի մետր այս կողմ, այն կողմ:

Հիմա Բաբայանը հակառակորդի կողմն անցած մետրերից է խոսում` նշելով, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեին, ասում է՝ ստրատեգիական, այսինքն` ռուսերեն խոսել էլ է սովորել` այսքան տարի Մոսկվայում ապրելով, ընդ որում` ռուսերեն հենց խոսել, քանի որ ռուսերեն գրել Բաբայանը միշտ է իմացել ու ՀՀ ՊՆ նախկին նախարար Վազգեն Սարգսյանին նամակները հենց ռուսերեն էր գրում, քանի դեռ Սարգսյանը դրանք հետ չի ուղարկել՝ պահանջով, որ հայերեն գրի: Սա լավ է, սա նշանակում է, որ Բաբայանն ինքն է փոխվել: Իրավիճակն էլ, անշուշտ, հանգամանքներն էլ, դերակատարներն ու նրանց նպատակներն էլ, բայց նախ եւ առաջ ու ամենակարեւորը՝ Բաբայանը, ով, ինչպես ինքն է ասում, Արցախում առաքելություն ունի, ավելի ճիշտ իր առաքելությունն Արցախում է տեսնում եւ պատրաստ է իր ուժերի ներածին չափով օգնել: «Օգնելը» կարեւոր բառ է, մանավանդ` երբ օգնելու պատրաստակամություն հայտնում է Բաբայանը, մանավանդ` երբ Բաբայանը պատրաստակամություն է հայտնում օգնել նրանց, որոնց բոլորին ճանաչում է, ու որոնք, ինչպես ինքն է ասում, բոլորն էլ իր ենթակայության տակ են եղել:

Ի դեպ, ՊՆ-ն կիսապաշտոնապես արդեն արձագանքել է Բաբայանի՝ օգնելու պատրաստակամությանը` ասելով, թե ՀՀ ՊՆ-ում թափուր հաստիքներ չկան, սա այն պարագայում, երբ վերջին օրերին ՊՆ-ն մեր բոլոր գերատեսչությունների բացարձակ առաջատարն էր պաշտոնազրկումների քանակով: Երեւի ավելի ազնիվ կլիներ ասել, թե ՊՆ-ում ոչ թե թափուր հաստիքներ չկան, այլ ՊՆ-ում Սամվել Բաբայանի համար հաստիք չկա, հակառակ պարագայում` ստացվում է, որ տղերքն իզուր են ռազմական կրթություն ստանում:

Իմիջիայլոց, ՊՆ-ն տեղակայված է Երեւանում, մինչդեռ Բաբայանն իր առաքելությունը տեսնում է Արցախում, որի ՊԲ-ից դեռ պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել այս կապակցությամբ, եւ դա լավ է, գոնե հույս տալիս է: Հույս այն կապակցությամբ, որ անցած տարիներին ոչ միայն Բաբայանն է փոխվել, այլև մեր պաշտպանական գերատեսչությունները, ավելի ճիշտ` մեր ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների մտածելակերպը, դեմքը, որին ասես գրված լինի՝ մեզ խորհուրդ պետք չի, մենք ամեն բան գիտենք: Չգիտեք, տղե'րք, անգամ եթե գեներալ եք, չգիտեք, ու դա ամոթ չէ: Կարծեմ` մարդ եք, մարդ ենք, ու նորմալ է, որ շատ բան չգիտենք, չենք հասկանում: Մեկը հասկանում է, մյուսը չի հասկանում: Մեկը փորձ ունի, մյուսը՝ տեսական գիտելիք, մեկը պատերազմ է անցել, մյուս հաղթանակ է պահում, մեկը «Սմերչ» է ուզում, որ հարձակվի, մյուսը հակաօդային պաշտպանական սարքավորումներ, որ զսպի հակառակորդի հարձակումը: Ու սա հրաշալի է, նկատի ունեմ այն, որ բոլորս նույն բանը չենք ուզում, նույն բանը չենք մտածում: Սա հրաշալի է, քանի որ տարբեր կարծիքներն ու դիրքորոշումները հանդիպեցնում են, որովհետեւ հանդիպում ես ոչ թե նրա հետ, ով քեզ պես է մտածում, այլ` նրա, ով ավելացնելու, լրացնելու, առաջարկելու բան ունի:

Ի վերջո, երբ պատերազմ լինի, բոլորս էլ հանդիպելու ենք առաջին գծում, խնդիրն այն է, որ եթե բոլորս հանդիպենք նախքան պատերազմը, հնարավոր է պատերազմ չլինի:

Ամեն դեպքում Բաբայանն արդեն Արցախում է: Անցյալ կիրակի նրան Ստեփանակերտում դիմավորել են արցախցիներ, հնչել է անգամ պահանջ՝ Բաբայանին նշանակել ԼՂՀ ՊԲ հրամանատար: Ինքը` Բաբայանը, իր առաքելությունը կատարելու է մեկնել թիկնապահներով: Թիկնապահները Բաբայանի վերադարձի կարեւոր մանրուքն են: Բանն այն է, որ դժվար է ասել, թե ո՞րն է ավելի կարեւոր` այն, որ հազարավորները գնացել են նրան դիմավորելո՞ւ, թե՞ այն, որ նա Արցախ է գնացել թիկնապահներով, որտեղ ժամանակին մեկը չկար, որ իրեն ասեր՝ աչքիդ վերևը ունք կա: Հիմա, փաստորեն, կա այդ մեկը: Համենայն դեպս, թիկնապահներով տուն չեն վերադառնում: Երբ տուն թիկնապահներով ես վերադառնում, նշանակում է` գիտես, որ անգամ տանը քեզ համար անվտանգ չէ: Ու խնդիրը հենց սա է, ավելի ճիշտ՝ սա խնդիր է` այն, որ Բաբայանն իրեն անվտանգ չի զգում Արցախում, այն, որ Արցախում իրենց անվտանգ չեն զգում՝ Բաբայանի վերադարձով:

Հովիկ Աֆյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica