close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհին

Թեմա

31 Մայիսի 2016, 21:11
 Գերմանիան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհին

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, ամենայն հավանականությամբ, քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Դրանով ոչ միայն Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերն անվանվում են «ցեղասպանություն», այլև ամրագրվում է դրանում Գերմանական կայսրության պատասխանատվությունը։

Ցեղասպանության ճանաչման գործընթացը Գերմանիայում փաստացի սկսվել է դեռ  նախորդ տարի, երբ Բեռլինի Մայր տաճարում նախագահ Յոահիմ Գաուկը  դարասկզբին հայերի հետ կատարվածը որակեց որպես ցեղասպանություն։ Դրանից հետո շրջանառության մեջ դրվեց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը։ Դրա ընդունման հավանականությունը մեծ էր համարվում հատկապես այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին։ Ապրիլի սկզբին ՀՀ նախագահի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինքն էր նշել, որ բանաձևն առաջիկայում հավանաբար կդրվի քվեարկության։ Սակայն վերջին պահին այն օրակարգից հանվեց ապրիլի 23-ին Մերկելի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցին չխոչընդոտելու պատճառով։

Որևէ երաշխիք չկա, որ Գերմանիան այս անգամ կկատարի բանաձևի ընդունման պատմական քայլը։ Այս երկրում բնակվում է մոտ 3 մլն թուրք, դա վերածվել է հզորագույն հասարակական, քաղաքական, սոցիալական և մշակութային գործոնի և էապես ազդում է Գերմանիայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի շահերին։

Որքան մոտենում է բանաձևի քվեարկությունը, այնքան մեծանում են Բեռլինի նկատմամբ պաշտոնական Անկարայի ճնշումների մասշտաբները։ Նախօրեին, անդրադառնալով Բունդեսթագում բանաձևի ընդունման հնարավորությանը, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ասել է, թե Գերմանիան պետք է զգույշ լինի Թուրքիայի հետ իր հարաբերություններում, և որ ինքը չի կարծում, թե մի քանի պատգամավորների նախաձեռնության պատճառով Գերմանիան կփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ:

Սակայն որոշ գործոններ թույլ են տալիս ասել, որ, չնայած ճնշումներին, Բունդեսթագը կարող է ընդունել բանաձևը։ Նախ՝ «1915 և 1916 թվականներին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» վերնագիրը կրող բանաձևի նախագիծը ներկայացրել են ինչպես իշխող կոալիցիայի, այնպես էլ ընդդիմադիր Կանաչների կուսակցության պատգամավորները։ Դա վկայում է, որ Գերմանիայի քաղաքական իսթեբլիշմենթում վաղուց հասունացած են համարում Հայոց ցեղասպանության ճանաչման պահը։

Երկրորդ՝ Գերմանիայի ներկայիս կանցլերն իսկապես չափազանց մեծ խնդիր ունի՝ սեփական հեղինակությունը հասարակության աչքում բարձրացնելու, իր անկախությունը վերահաստատելու առումով։ Մերկելին այս տարվա փետրվար-մարտին սուր քննադատության ենթարկեցին այն բանի համար, որ թույլատրել էր, որպեսզի Էրդողանի փաստաբանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ծաղրող բանաստեղծության հրապարակման համար դատական գործ սկսի գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի նկատմամբ։ Նրա այդ որոշումը որակվեց թուլության և խոսքի ազատության եվրոպական արժեքների պաշտպանության հարցում անսկզբունքայնության, Էրդողանի և երկրում թուրքական համայնքի ճնշումներին տուրք տալու դրսևորում։ Այս իմաստով իշխող կոալիցիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի պաշտպանությունը կարող է դառնալ Մերկելի և նրա կառավարության խաթարված հեղինակությունը վերականգնելու միջոց։

Երկրորդ՝ Գերմանիայի և Թուրքիայի քաղաքական հարաբերությունները հիմա լավագույն օրերը չեն ապրում։ Երկու բարեկամ երկրների ղեկավարությունների միջև վստահություն գրեթե չկա։ Առաջին հերթին դա պայմանավորված է Գերմանիայում և ԵՄ-ում արաբ փախստականների մեծ կուտակումների գործոնով, ինչում Բեռլինը և Բրյուսելը մեղադրում են Անկարային։ 2015թնոյեմբերին Բրյուսելում կայացած Թուրքիա-ԵՄ գագաթաժողովում որոշվեց, որ ԵՄ-ն 3 մլրդ եվրո է հատկացնում Թուրքիային՝ Սիրիայի և Իրաքի փախստականներին իր տարածքում տեղակայելու և Սիրիայի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար՝ խոստանալով նաև արագացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, վիզային ռեժիմի հանմանն ուղղված բանակցային գործընթացը։ Անկարան, սակայն, ստանալով հանդերձ ֆինանսավորումը, ոչ միայն չկատարեց իր պարտավորությունը և շարունակեց Եվրոպան փախստականներով միտումնավոր հեղեղելու իր քաղաքականությունը, այլև, գրեթե շանտաժի ենթարկելով ԵՄ-ին, նրանից ցինիկաբար ևս 5 մլրդ եվրո պահանջեց։ Արդյունքում` անգամ Գերմանիան, որը պաշտպանում էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը, հիմա բացահայտ դեմ է հանդես գալիս։

Երրորդ՝ Գերմանիայում և ԵՄ-ում նման տրամադրությունների զարգացմանը նպաստում է մարդու իրավունքների տոտալ ոտնահարմամբ, քրդերի դեմ լայնածավալ արշավ սկսելու, արդարադատությունը, այլախոհությունը երկրում վերացնելու, Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ ներդնելու միջոցով իր անձնական դիկտատուրան հաստատելու` Էրդողանի վերցրած կուրսը։ ԵՄ-ի համար դա վտանգավոր է նրանով, որ Անկարան արագ քայլերով դուրս է գալիս իրենց վերահսկողությունից։ Եվ այս առումով Ցեղասպանության ճանաչումը դիտվում է որպես Թուրքիային պատժելու միջոց։ Դրա համար ստեղծվել է, թերևս, ամենահարմար, բարենպաստ քաղաքական և հոգեբանական պահը։

Անկախ նրանից, որ Գերմանիան Ցեղասպանության հարցը դարձնում է  քաղաքականության գործիք, եթե ճանաչի Ցեղասպանությունը, հայկական պահանջատիրության հարցում կհաղթահարվի կարևորագույն հոգեբանական պատնեշ։ Խնդիրն այն է, որ, խոստովանելով սեփական պատմական պատասխանատվությունը նաև հայերի ցեղասպանության համար, որպես Օսմանյան Թուրքիայի ամենամոտ դաշնակցի՝ Գերմանական կայսրության ժառանգորդ, ներկայիս Գերմանիան ուղղակի կավերի թուրքական ժխտողականության հիմքերը։ Դրանով նա մի կողմից կխթանի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իսկ մյուս կողմից կամրապնդի հայկական պահանջատիրության փաստական հիմքերը։ Մնում է, որ  Բունդեսթագը երկու օր անց կարողանա բավարար քաղաքական կամք ցուցաբերել։

Գևորգ Դարբինյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica