close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանն ու Թուրքիան գնում են հաշտեցման․ ի՞նչ պետք է սպասի Հայաստանը

Թեմա

30 Մայիսի 2016, 21:01
 Ռուսաստանն ու Թուրքիան գնում են հաշտեցման․ ի՞նչ պետք է սպասի Հայաստանը

Մայիսի 27-ին Աթենքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ռուս-թուրքական առնչությունների մասին, ասել էր, թե Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և Անկարայից այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է ակնկալում։

Պուտինի այս հայտարարությունն Անկարայում ընկալել են որպես իրենց հետ խնդիրների լուծման պատրաստակամության ակնարկ։ Նախ՝ Պուտինին արձագանքել է այդ երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝  հայտարարելով, թե Թուրքիան և Ռուսաստանը հարկավոր են միմյանց, և այդ պատճառով նրանք կկարողանան հարաբերությունները կարգավորել երկխոսության միջոցով։ Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելացրել է. «Պուտինն ասում է՝ Թուրքիայից առաջին քայլն ենք ակնկալում։ Մենք էլ ասում ենք՝ այդ քայլերն անելու համար եկեք համատեղ հանձնախումբ ստեղծենք։ Թող դրա անդամները միմյանց հետ խոսեն, մտքեր փոխանակեն, որոշեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, և արդյունքում` համատեղ ելք կգտնենք»:

Մոսկվայի պատասխանը չուշացավ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե  ոչ մի աշխատախումբ այդ խնդիրը լուծել չի կարող: «Դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը, որից Մոսկվայում ակնկալում են այն գործողությունները, որոնց մասին խոսել է նախագահ Պուտինը Աթենքում»։ Իսկ Պեսկովի ակնարկած գործողությունները երկուսն են` ներողություն խնդրել անցած տարվա նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու համար և փոխհատուցել հասցրած վնասը։

Թվում է, թե կողմերը հարաբերությունները կարգավորելու հրապարակային ցանկություններ հայտնելուց ավելին անել չեն ուզում։ Իրականում, հեռակա այս երկխոսությունը վկայում է, որ նրանք ոչ միայն ցանկանում են դուրս գալ քաղաքական առճակատումից, այլև արդեն իսկ մտել են դրա համար օպտիմալ միջոցներ գտնելու հեռակա քննարկումների մեջ։ Այս գործընթացի հիմնական նպատակն է գտնել ստեղծված իրավիճակը հաղթահարելու այնպիսի ձևեր, որոնք երկու կողմերին էլ հնարավորություն կտան ներկայիս ճգնաժամից դուրս գալու նվազագույն կորուստներով՝ փրկելով սեփական դեմքը։

Թուրքիան դրա համար առաջարկում է օգտվել համատեղ հանձնաժողով ստեղծելու փորձված մեթոդաբանությունից։ Դա ունի երկու պատճառ։ Նախ՝ թուրքերի համար կարևորը խնդիրների լուծումը չէ, այլ հանձնաժողովի ստեղծմամբ այդ խնդիրները թաղելը, օրակարգից հանելը։ Սա, ի դեպ, այն մեթոդն է, որը թուրքերը 2009թ. փորձեցին կիրառել նաև հայ-թուրքական «հաշտեցման» ցյուրիխյան գործընթացում։ Հիմա նույն տրամաբանությամբ թուրքերն ուզում են հանձնաժողովի ստեղծմամբ երկրորդական դարձնել ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքների վերացման` ռուսական նախապայմանները։ Երկրորդ պատճառն այն է, որ, ըստ ամենայնի, Անկարան փորձում է Մոսկվայի հետ հանձնախմբային ձևաչափում լեզու գտնել սիրիական հարցում։

Ո'չ մեկին և ո'չ էլ մյուսին ռուսական կողմը, սակայն, պատրաստ չէ։ Մոսկվայում հրաշալի հասկանում են, որ դա թակարդ է, որտեղ ընկնելիս վճարելու է սեփական հեղինակության կորստով։  Գնալ այդ տարբերակին՝ նշանակելու է առիթ տալ Էրդողանին մտածելու, որ մարսել է ինքնաթիռի ոչնչացումը, և որ հետագայում ևս կարող է, առանց մտավախությունների, դիմել նույնատիպ սադրանքի։ Բայց դրա փոխարեն Մոսկվան հող է նախապատրաստում իր պահանջների բավարարման հարցը քաղաքականից զուտ բարոյական հարթություն տեղափոխելու, դրանով թուրքական կողմի գործը հեշտացնելու համար։ Խնդիրն այն է, որ նախկինում, բացի վերոնշյալ երկու պայմաններից, Մոսկվան պահանջում էր նաև քրեական հետապնդման ենթարկել ինքնաթիռի խոցման պատասխանատու բոլոր անձանց։ Այդ պահանջը միտումնավոր հիմա մոռացության է տրվում։ Պատճառն այն է, որ իրականում հենց այս պահանջն էր ամրագրում ինքնաթիռի ոչնչացման հարցում Թուրքիայի քաղաքական ղեկավարության պատասխանատվությունը։ Հրաժարվելով դրանից՝ Մոսկվան «միջանցք» է թողնում Անկարայի համար` առանց այդ պատասխանատվությունն ուղղակիորեն ստանձնելու, գնալ իր մյուս պայմանների սիմվոլիկ բավարարմանը։ 

Գրեթե կասկած չկա, որ եթե Անկարան գոնե ինչ-որ անորոշ ձևակերպումներով, մանևրումներով լուծի ներողություն խնդրելու հարցը, Մոսկվան առանց հապաղելու կգնա Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման։ Իսկ նման մանևրի հնարավորություն կա։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին հայտարարել է, թե  ինքնաթիռը խոցելիս իրենք չեն իմացել՝ ում է այն պատկանում։ Չի բացառվում, որ անհրաժեշտ պահին Անկարան «կկախվի» այս չքմեղանքից՝ Մոսկվայի ակնկալած այդ բարոյական քայլը կատարելու համար։ Սա նշանակում է, որ հեռու չէ ռուս-թուրքական առճակատման վերացման օրը։ Երկու կողմերն էլ շահագրգռված են դրանում։ Իսկ երբ կա ցանկությունը, կգտնվեն նաև դրանց իրականացման ձևերը։

Թվում է, թե այս հեռանկարը պետք է բխեր Հայաստանի շահերից։ Ի վերջո, փաստ է, որ Արցախյան հիմնահարցի ներկայիս սրման հիմքերում ռուս-թուրքական առճակատման գործոնը բնավ երկրորդական չի եղել։ Եվ թվում էր, թե որքան թուլանա լարվածությունը տարածաշրջանի վրա ազդող երկու տերությունների միջև, այնքան կթուլանան պրկված նյարդերը հայ-ադրբեջանական ճակատում։ Բայց դա բերում է այն վիճակին, ինչ կար մինչև ռուսական ինքնաթիռի ոչնչացումը, այսինքն` ռուս-ադրբեջանա-թուրքական անտեսանելի եռանկյունուն։ Այն հույսերը, թե ռուս-թուրքական առճակատումը կստիպի Մոսկվային արժևորել Հայաստանի գործոնը՝ որպես իր համար միակ վստահելի և հուսալի գործընկերոջ, փաստորեն, չարդարացան։ Հայաստանի փոխարեն Մոսկվան արժևորեց Ադրբեջանի գործոնը՝ ելնելով առաջին հերթին Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում արհեստականորեն ստեղծած` անկանխատեսելի հետևանքներով հղի պատերազմի նախադրյալները վերացնելու առաջնահերթությունից։ Ձգտելով դա ապահովել Ադրբեջանին Թուրքիայից պոկելով՝ Մոսկվան, ավելի մեծ կախվածության մեջ ընկավ ադրբեջանական գործոնից՝ նախընտրելով պատերազմի ռիսկերը չեզոքացնել իր միակ դաշնակցի՝ Հայաստանի շահերը Բաքվին և, նրանով միջնորդավորված, Անկարային զոհաբերելու միջոցով։

2015-ի նոյեմբերից առ այսօր տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը հաստատեց, որ որքան  ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումն է մեծացնում Հայաստանի անվտանգության սպառնալիքները, նույնքան էլ այդ հարաբերությունների վատթարացումը։ Այդ դիմակայության ոդիսականը կարևոր էր՝ ի վերջո, տեսանելու և շոշափելու նաև մեդալի չերևացող կողմը և անելու դրանից բխող ճիշտ հետևություններ։

Գևորգ Դարբինյան 

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica