close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ կապ ունեն արձանները կյանքի հետ

Հարթակ

30 Մայիսի 2016, 17:01
 Ի՞նչ կապ ունեն արձանները կյանքի հետ

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ Գարեգին Նժդեհի արձանի հեղինակ` քանդակագործ Գագիկ Ստեփանյանը Պիտերում է սովորել: Նարեկ Սարգսյանը հենց այդպես էլ ասել է՝ Պիտերում: Այսինքն` այն ժամանակ, երբ ինքը Էրևանի, հենց՝ Էրևանի գլխավոր ճարտարապետն էր, Պիտերում սովորած Գագիկ Ստեփանյանը ներկայացրել էր Նժդեհի արձանի իր տարբերակը, ու քանի որ Ստեփանյանը Պիտերում է սովորել, այդքան էլ լավ չգիտի, թե, օրինակ, Վիեննայում արձաններն ինչ տեսք ունեն: Ավելին` գիտի միայն, թե Պիտերում արձաններն ինչ տեսք ունեն: Նարեկ Սարգսյանը հենց այդպես էլ ասել է, որ, հավանաբար, քանդակագործը կրկնում է Պիտերի քանդակագործության ազդեցությունը…

Ի դեպ, Նարեկ Սարգսյանը խոսել է նաեւ Բաբաջանյանի արձանի մասին նշելով, որ ինքը եւս այնտեղ որոշ թերություններ է տեսնում, օրինակ՝ ինչո՞ւ է մարշալը նստած աթոռին, ոչ թե… քարին: Այ, եթե քարին նստած լիներ Բաբաջանյանը, գոնե մի թերություն չէր լինի, քանի որ աթոռին է նստել, այն էլ՝ հիտլերյան ոճի, թերություն ունի: Մի խոսքով` Նարեկ Սարգսյանը խոսել է վերջին օրերին տեղադրված արձանների մասին, ավելի լավ կլիներ, որ չխոսեր, բայց եթե միշտ այնպես լինի, ինչպես ավելի լավ է, ապա Գագիկ Ստեփանյանը Հռոմում կսովորեր, իսկ մարշալ Բաբաջանյանն էլ քարին կնստեր…

Հիմա ունենք այն, ինչ ունենք, շատերը պնդում են, որ շուտով` որոշ ժամանակ անց, այլեւս ընդունելու ենք Բաբաջանյանի արձանը, այնպես, ինչպես ընդունեցինք կոմպոզիտոր Բաբաջանյանի արձանը: Իմ կարծիքով` նրանք, ովքեր կոմպոզիտոր Բաբաջանյանի արձանը չէին ընդունում, հիմա էլ չեն ընդունում: Այսինքն` հարմարվել են, հարմարվելն ու ընդունելը տարբեր բաներ են: Օրինակ` իշխանությանը կարելի է հարմարվել` առանց ընդունելու: Ընտրակեղծիքներին կարելի է հարմարվել՝ առանց ընդունելու, ամեն օր սահմանին տիրող լարվածությանը կարելի է հարմարվել՝ առանց ընդունելու, մի խոսքով` դրանք տարբեր բաներ են: Հարմարվելը, ի դեպ, ավելի վատ բան է: Օրինակ` երբ գործարարներից մեկը ձրի լավաշ է բաժանում, եւ մարդիկ հերթ են կանգնում, որ ստանան, նրանք հարմարվել են այն փաստին, որ ինչ-որ մեկն իրենց միշտ պետք է ձրի լավաշ տա: Եթե չհարմարվեին, հերթ չէին կանգնի, կգնային` կաշխատեին, հիմա աշխատանք կա, հիմա հնարավոր չէ ամեն օր երեք հատ լավաշ չկարողանալ գնել: Բայց նրանք ընտրություն են կատարել հարմարվելու եւ չհարմարվելու միջեւ եւ ընտրել են հարմարվելը, այդպես ավելի հեշտ է:

Նույնը արձաններն են, նկատի ունեմ՝ վատ: Իսկ արձանի վատն այն է, երբ արձանը հանճարեղ չէ, հենց հանճարեղ չէ, ուրեմն վատն է: Նորմալ արձան չի լինում, արձանը կա'մ արվեստի հանճարեղ գործ է լինում, կա'մ անընդունելի բան, ընդ որում՝ նաեւ Պիտերում: Այնտեղ նորմալ արձան չկա, բոլորն աննորմալ են, աննորմալ՝ հանճարեղ: Մենք հարմարվել ենք նորմալությանը` ուրեմն, տեսնում ենք՝ մարդու արձանը մարդու նման է, ուրեմն նորմալ է, տեսնում ենք՝ հերոսին նման է, ուրեմն նորմալ է, ընտրակաշառք են տալիս, նորմալ է, տեսնում ենք` ձրի լավաշ են տալիս, նորմալ է: Քչերն են հանճարեղություն պահանջում այսօր: Քչերն են նայում արձաններին եւ ասում, որ նման չէ, քանի որ բնավորությունները չկան: Նժդեհն էլ, Բաբաջանյանն էլ բնավորություն ունեին, ո՞ւր է, երեւո՞ւմ է: Լավաշի հերթ կանգնող մարդիկ էլ բնավորություն ունեն, ո՞ւր է, երեւում է… Չի երեւում, որովհետեւ մենք ֆոն ենք դարձել, անդեմք առաջ ենք գնում, ու քանի որ անդեմք առաջ չեն գնում, ուղղակի գնում ենք: Ուղղակի գնալը նորմալն է, առաջ գնալը՝ հանճարեղությունը: Հանճարեղության համար նորմալը պետք է չընդունել, այն միակը չսարքել: Չէինք էլ սարքում, եթե սարքեինք, Երեւանը կշարունակել մնալ գավառական փոքրիկ բնակավայր, որտեղ ավելի քիչ մարդ էր ապրում, քան Թիֆլիսում` հայ:

Այսօր մենք նորմալ քաղաք ենք դարձել, նորմալ՝ նոր արձաններով, նորմալ մարդկանցով, որոնց մի մասի արձանը պետք է ստեղծել: Չգիտեմ` ով կքանդակի, բայց քանդակը հետեւյալ տեսքը պետք է ունենա` մի խումբ մարդիկ լավաշի հերթ են կանգնել: Արձանն էլ կկոչվի «Նորմալ է»: Բայց մի խնդիր կա, քանդակագործը պետք է սովորած լինի ոչ թե Պիտերում, այլ քանդակագործություն, որը քանդակելուց տարբերվում է նրանով, որ քանդակում են մարդու մարմինը, սակայն քանդակագործում են մարմինն ու բնավորություն: Բարդ է, բայց հանճարեղ լինելն է բարդ: Երեւի դրա համար էլ այսօր ամեն բան նորմալ է:

Հովիկ Աֆյան 

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica