close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ կզիջի առաջինը․ Երևա՞նը, թե՞ Բաքուն

Թեմա

26 Մայիսի 2016, 20:21
 Ո՞վ կզիջի առաջինը․ Երևա՞նը, թե՞ Բաքուն

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԺ-ում մի քանի ուշագրավ մանրամասներ է հայտնել հունիսից մեկնարկող ԼՂ բանակցությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ դրանց արդյունքում հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Ըստ Նալբանդյանի, նախ տեղի են ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որից հետո միայն կարող է կազմակերպվել հանդիպում՝ նախագահների մակարդակով։

 Դատելով Նալբանդյանի պարզաբանումներից՝ կարելի է եզրակացնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հետ արտգործնախարարների հանդիպումից գոնե հայկական կողմի ակնկալիքը լինելու է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կամ Սերժ Սարգսյանի կողմից որպես կարգավորման բանակցություններն սկսելու նախապայման ներկայացված պահանջների կատարումը։ Նալբանդյանը կարծես թե հասկացնում է, որ Երևանը կարող է հրաժարվել որևէ մակարդակով բուն կարգավորման բանակցություններին մասնակցելուց, եթե այդ պահանջները չկատարվեն։ «Պետք է ստեղծվի մշտադիտարկման հնարավորությունը, և ԵԱՀԿ ներկայացուցչի անձնական գրասենյակի կամ նրա թիմի կարողությունները ընդլայնվեն, և բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այս ուղղությամբ։…Միգուցե այդ հանդիպումների ժամանակ շարունակվեն քննարկվել այդ հնարավորությունները, և լիակատար իրականացվեն պարտականությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում: Դա հնարավորություն կտա հարթելու ճանապարհը դեպի ապագա բանակցությունների փուլ։ Եթե ոչ, ապա հնարավոր է, որ լինի ավելի բարձր մակարդակի հանդիպում»,- ասել է ՀՀ արտգործնախարարը` ավելացնելով, որ համանախագահների՝ Վիեննայում արած հայտարարությունից պարտադիր չի հետևում, որ հունիսին կայանալիք հանդիպումն անպայման պետք է նախագահների մակարդակով լինի:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելուվ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, տեղեկացրել է, որ համանախագահները նախ մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Նալբանդյանի հետ հանդիպումը նախատեսված է հունիսի 2-ին՝ Փարիզում։ Ուշագրավ է, որ համանախագահները ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում են նախատեսում, այլ առանձին հանդիպումներ նրանցից յուրաքանչյուրի հետ։ Սա նշանակում է, որ իրականում կողմերը ցանկություն չունեն որևէ հարց քննարկելու միմյանց հետ, և նրանց միջև առկա բացարձակ անվստահությունը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Դա նաև նշանակում է, որ կողմերի ակնկալիքները ոչ թե միմյանցից են, այլ միջնորդներից։ Բաքուն ցանկանում է մի կողմից շուտափույթ սկսված տեսնել կարգավորման բանակցությունները և հասնել ԼՂ հարցում ստատուս քվոյի կտրուկ փոփոխության։ Սակայն շահագրգռված չէ հրադադարի ամրապնդման հայկական կողմի պահանջների կատարման հարցում։ Ալիևը Վիեննայում հրաժարվել է ստորագրել բանակցությունների ամփոփիչ հայտարարությունը։ Իսկ համանախագահների հետ Մամեդյարովի հանդիպումից երեք օր առաջ ադրբեջանական զինուժը կրկին սկսեց հրազենային միջոցներից բացի հրթիռային կայանքներ կիրառել։

Ադրբեջանի խնդիրը Հայաստանին բանակցային սեղանի մոտ նստեցնելն է՝ պատերազմի սպառնալիքի պայմաններում՝ առանց որևէ պարտավորություն իր կողմից ստանձնելու։ Երևանի ակնկալիքը, ինչպես Նալբանդյանն է ձևակերպել, նախ՝ հրադադարի ամրապնդման ուղղությամբ վիեննական պայմանավորվածությունների կատարմանը հասնելն է։ Չնայած Նալբանդյանը նշում է, թե դրանք նախապայմաններ չեն, սակայն ակնհայտ է, որ Երևանը պնդում է դրանց առաջնահերթ իրականացումը՝ փաստացի հող նախապատրաստելով առանց դրա հունիսին նախագահների մակարդակով հանդիպումից հրաժարվելու համար։

Համանախագահները միաժամանակ աշխատում են ազդել երկու կողմերի վրա էլ։ Այն փաստը, որ համանախագահներն առաջինը հանդիպելու են Մամեդյարովի հետ, նշանակում է, որ Բաքվից ակնկալում են ստանալ դրական ազդակներ հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման առումով։ Բոլոր դեպքերում համանախագահների՝ Մամեդյարովի հետ առաջինը հանդիպելը լավ է Երևանի համար այն առումով, որ կտա հընթացս կողմնորոշվելու և Բաքվի դիրքորոշումից կախված՝ իր մարտավարությունը ճշտելու, ավելի ճկուն խաղալու հնարավորություն։  

Դրա դիմաց Երևանի հետ աշխատում է ԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Այսօր Երևանում նա հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այդ մասին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են «Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համաձայնության իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»։ Հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ինչ արդյունքներ կան «ձեռնարկվող այդ քայլերից», կամ կա՞ն առհասարակ արդյունքներ, թե՞ ոչ։ Փոխարենը հանդիպման ընթացքում Կասպշիկը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։ Դատելով Վիեննայի բանակցություններից հետո մինչև նախորդ գիշերը պահպանված հրադադարից՝ կարելի է եզրակացնել՝ Կասպշիկը շեշտադրումը կատարել է նրա վրա, որ առանց հավելյալ միջոցառումների էլ Ադրբեջանը պահում է տված խոստումը։ Սա կարող է նշանակել, որ միջնորդները ևս ձգտում են Երևանին կարգավորման բանակցությունների մեջ ներքաշել՝ առանց հայկական կողմի պահանջած պայմանները փոքրիշատե կատարելու։ Դիվանագիտական խաղը, ըստ այդմ, հիմա ընթանում է այն հարթությունում, թե՝ մի կողմից կգնա՞ արդյոք Երևանը զիջման՝ հունիսից, առանց Բաքվի տված՝ հրադադարի պահպանման գործնական երաշխիքների, սկսելու կարգավորման բանակցությունները։ Մյուս կողմից՝ կգնա՞ արդյոք Ադրբեջանը զիջման՝ այդ մեխանիզմների ներդրումը փաստացի թույլատրելու հարցում՝ առանց Երևանից երաշխիքներ ստանալու, որ վերջինս կմտնի ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված բանակցություններ։

Մնում է հասկանալ՝ կողմերից որի նյարդերը երկար կդիմանան։

Գևորգ Դարբինյան

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica