close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայի ակնկալիքը Երևանից. Մեդվեդևի այցի իրական շարժառիթները

Թեմա

20 Մայիսի 2016, 20:24
 Մոսկվայի ակնկալիքը Երևանից. Մեդվեդևի այցի իրական շարժառիթները

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կրկին  ժամանել է Երևան։ Չնայած պաշտոնական առիթն այս անգամ Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելն է, սակայն կարծես թե Մեդվեդևը Հայաստան է եկել հիմնական այլ առաքելությամբ՝ կապված ԼՂ հարցի կարգավորման հետ։ Դրա մասին է վկայում երկու հանգամանք։

Նախ՝ նա ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետերից առանձին հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որին տեսնելու առիթ էր ունեցել ընդամենը մեկուկես ամիս առաջ, ապրիլի 7-ին՝ Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացված հարձակումից օրեր անց։ Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իր նախորդ այցելության ժամանակահատվածի բարդությանը և ԼՂ կարգավորման գործընթացին, ՌԴ վարչապետն ասել է․ «Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»։ Այստեղ  էականը կարգավորմանն «օգնելու» Ռուսաստանի վճռականության մասին Մեդվեդևի հայտարարությունը չէ։ Մոսկվան ապրիլի 5-ին կրակի դադարեցման շուրջ Երևանի և Բաքվի համաձայնությունը Մոսկվայում ստանալուց հետո իրականացված ահռելի դիվանագիտական գործունեությամբ արդեն իսկ ցուցադրել է իր այդ վճռականությունը։ Էականն այն է, որ Մեդվեդևը, փաստորեն խոստովանում է, որ եկել է Սերժ Սարգսյանի հետ հենց ԼՂ բանակցային գործընթացը քննարկելու նպատակով։  Հարցն այն է՝ ի՞նչ հրատապ խնդիր կարող է ունենալ Մոսկվան, երբ Վիեննայի բանակցություններում կարծես թե որոշակի համաձայնություններ էին «ձեռք բերվել»՝ կապված մինչ այդ Երևանի ներկայացրած նախապայմանների կատարման առաջնահերթության հետ։

ԼՂ հիմնահարցի շրջանակներում Երևանի ու Մոսկվայի օրակարգում կարող է լինել հիմնականում երկու հարց։ Դրանցից մեկը բխում է Հայաստանի, մյուսը՝ Ռուսաստանի հետաքրքրություններից։ Հայաստանի պարագայում խոսքը վերաբերում է ուղիղ մեկ տարի առաջ ստորագրված 200 մլն դոլարի վարկային պայմանագրով ՌԴ-ից զինտեխնիկայի ձեռքբերման գործարքին, որը ռուսական կողմից հարուցված խնդիրների պատճառով չի կայանում առ այսօր՝ նույնիսկ ապրիլին ՀՀ վարչապետի կողմից Երևանում գտնվող Մեդվեդևին հասկացնելուց և հարցը կարգավորելու խնդրանքից հետո։ Թերևս հենց այս հարցը նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ այսօր ՌԴ վարչապետին ասում էր, թե պետք է շարունակեն «օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերի» քննարկումը։

Ռուսական կողմին այս պահին հետաքրքրում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումը, որը նախատեսված է վերսկսել արդեն հունիսից։ Պետք է ենթադրել, որ Մեդվեդևի այցի հիմնական նպատակը հասկանալն էր, թե որքանո՞վ է Սերժ Սարգսյանը պատրաստ, հիմք ընդունելով Վիեննայի բանակցությունների արդյունքները, հունիսից մտնել մադրիդյան սկզբունքների վերջնական համաձայնեցմանն ուղղված բանակցությունների մեջ։ Մեդվեդևը թերևս, փորձում է երաշխիքներ ստանալ, որ Երևանը փոխզիջումներին ուղղված այդ բանակցություններն սկսելու համար նոր խոչընդոտներ չի ստեղծելու՝ պնդելով իր առաջ քաշած նախապայմանների կատարումը և բավարարվում է նրանով, որ շփման գծում պահպանվում է հրադադարը։

Այս իմաստով հարկ է թերևս ուշադրություն դարձնել Մեդվեդև-Սարգսյան հանդիպմանը նախորդած և հաջորդելիք երկու կարևոր իրադարձության։ Առաջին՝ երկու օր առաջ կրկին Բաքու էր այցելել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նպատակն էր նախապատրաստել առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Ադրբեջան։ Սակայն Ռոգոզինի հետ Իլհամ Ալիևի հանդիպման մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում այդ մասին ոչ մի անկարկ չկա։ Առհասարակ՝ ադրբեջանական լրահոսից տպավորությունն այնպիսին է, թե Ռոգոզինը Բաքու էր գնացել Ալիևի հետ հաճոյախոսություններ փոխանակելու կամ թեյ վայելելու համար։ Ակնհայտ է, որ Բաքուն այդպիսով ուղղակի թաքցրել է Ռագոզինի այցի իրական նպատակները, քննարկումների օրակարգը, գուցե՝ նաև ձեռբերված պայմանավորվածությունները։ Մինչդեռ ինքնին արդեն Ռագոզինի այցը, խիստ ինտրիգային է՝ հաշվի առնելով, որ նա հանդիսանում է ռուս-ադրբեջանական միլիարդավոր դոլարների հասնող ժամանակակից հարձակողական զինտեխնիկայի առուվաճառքի հիմնական ճարտարապետն ու սիմվոլը։ Եվ չի բացառվում, որ նա հենց այս համատեքստում է Բաքու այցելել։ Օրինաչափ է, որ հենց նրա այցից հետո Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ ավելացնում է 2016թ․ ռազմական ծախսերը։ Այսինքն՝ մինչ Մոսկվան փորձում է Երևանից երաշխիքներ ստանալ փոխզիջումներին ուղղված բանակցություններին Սերժ Սարգսյանի մասնակցության առումով՝ արհամարհելով Հայաստանին  զինտեխնիկա մատակարարելու իր պայմանագրային պարտավորությունը, Ռագոզինը Ադրբեջանի հետ նոր ռազմական գործարքների պլաններ է մշակում։ Սա նմանվում է հայկական կողմի նկատմամբ հոգեբանական նոր էքսպանսիա իրականացնելուն։

Երկրորդ՝ մայիսի 31-ին Աստանայում տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին երեկ ասել է, թե չի բացառվում, որ Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպում ունենա Սերժ Սարգսյանի հետ։ Նման հանդիպման հավանականությունն իսկապես մեծ է Պուտինի՝ Ադրբեջան հնարավոր այցի լույսի ներքո, ինչի մասին խոսակցությունները չեն դադարում արդեն երկու շաբաթ շարունակ։ Որևէ կասկած չկա, որ Պուտինի այդ հնարավոր հանդիպման հիմնական օրակարգային հարցը լինելու է ԼՂ հիմնախնդիրը և ապագա բանակցությունները։

Դատելով ամենաբարձր մակարդակով ձեռնարկվող քայլերի ինտենսիվությունից, Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ այս հարցում եթե ոչ վերջնական, ապա գոնե միջանկյալ այնպիսի լուծման հասնելու համար, որը կերաշխավորի տևական խաղաղությունը Հարավային Կովկասում։ Ահա թե ինչու է ռուսականա կողմը պնդում, որ համապարփակ կարգավորման բանակցություններն առանց որևէ խոչընդոտի սկսվեն արդեն հունիսից։ Իսկ թե որն է, դրանով հանդերձ, հայկական կողմին նման հոգեբանական ճնշման ենթարկելու պատճառը, մնում է միայն ենթադրել։

Գևորգ Դարբինյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica