close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ հույսը надежда չէ

Թեմա

20 Մայիսի 2016, 17:45
 Երբ հույսը надежда չէ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր Հայաստանի նախագահին ասել է. «Կարող եք չկասկածել` Ռուսաստանը միշտ օգնել եւ օգնելու է այս դժվարին հակամարտության լուծման հարցում»:  Հենց այդպես էլ ասել է՝ կարող եք չկասկածել…

Կասկածում ենք, քանի որ եթե անգամ Ռուսաստանը օգնել եւ օգնում է, ապա ո՞ւմ: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե, օրինակ, ռուսները կողմերից կոնկրետ մեկին են օգնում, ասենք` մեզ, ապա այս հակամարտությունը երբեք էլ չի լուծվի, քանի որ հակառակ կողմը երբեք չի հաշտվի պարտության հետ` անկախ նրանից Ռուսաստանին հակառակ կողմն ով է: Իսկ եթե ոչ թե կողմերից կոնկրետ մեկին է օգնում, այլ պարզապես կողմերին օգնում է լուծում գտնել, ապա, միեւնույն է, այս հակամարտությունը երբեք էլ չի լուծվի, քանի որ Ռուսաստանի խնդիրը ոչ թե այս հակամարտությունը մեկընդմիշտ լուծելն է, այլ այս հակամարտության կողմերին «միշտ օգնելը»: Չկա ղարաբաղյան հարց, եւ այս հակամարտության կողմերը օգնության, առավել եւս՝ Ռուսաստանից, կարիքը չունեն, կա՝ ունեն, բոլոր կողմերն էլ ունեն: Այսինքն` երբ Մեդվեդեւն ասում է՝ մի' կասկածեք` օգնել ենք եւ օգնելու ենք, մենք կասկածում ենք, ոչ թե ՌԴ վարչապետի «օգնել» բառն օգտագործելու անկեղծությանը, այլ «օգնել» բառի իմաստին: Օգնելու ցանկություն եւ պատրաստակամություն հայտնելը չի նշանակում օգնել, այն շատ հաճախ նշանակում է օգնել սիրել, իսկ նրանք, որոնց մենք օգնում ենք, մեզնից կախվում են, որքան երկար ենք օգնում, այնքան երկար են կախված մնում, որքան երկար են կախված մնում, այնքան հզոր ենք մենք, որքան հզոր ենք մենք, այնքան մեզնից օգնության կարիք ունեն, մի խոսքով…

Իսկ ի՞նչ պետք է անել կամ ի՞նչ էր պետք անել, որը չի արվել: Ասենք` կարիք կա՞ր, որ ՀՀ նախագահը, երբ Մեդվեդեւն իրեն ասում է՝ օգնելու ենք, կարող եք չկասկածել, պատասխաներ շատ կոշտ՝ մենք կասկածող չենք, բացի այդ` մեզ ձեր օգնությունը պետք չէ: Կարծում եմ՝ հասկանալի է, որ սրա կարիքը չկա: Իսկ կարիք կա՞ այդ օգնությունը ստանալ, դե, այսինքն, երբ Պուտինը կամ Մեդվեդեւը զանգում, ասում են՝ տղե'րք, էսինչ ամսի էսինչ օրը ԵՏՄ էսինչ քաղաքում հավաքվում ենք, եթե ուզում եք ձեր Ղարաբաղն էլ մի քիչ կքննարկենք, ելնել-գնալ: Ընդհանրապես, ռուսների կանչած տեղը գնալու կարիք կա՞, ընդ որում` ռուսները տարին մեկ անգամ չեն կանչում, հաճախ են կանչում, իսկ երբ չեն կանչում, իրենք են գալիս, կոնկրետ Մեդվեդեւն անցնող ամսվա մեջ արդեն երկրորդ այցն է կատարում Հայաստան: Իմ կարծիքով` օգնություն ստանալու կարիքն էլ կա, նկատի ունեմ՝ ռուսներից, չմոռանալով, որ էժան գազը եւս ռուսական օգնություն է, այսինքն նրանց օգնությունից հրաժարվելը նշանակում է էժան գազի կորուստ, եթե ոչ՝ գազի կորուստ`առհասարակ:

Բայց ի՞նչ անել, երբ բոլորս էլ զգում, հասկանում ենք, որ պետք է ինչ-որ բան անել: Իմ կարծիքով` չպետք է սպասել, նկատի ունեմ՝ օգնության` օգնողները լինեն ռուսները, թե` ամերիկացիները, ֆրանսիացիները, անգամ` Չիլին: Սա չի նշանակում՝ հույսը կտրել օգնությունից, որի կարիքն ունենք, սա նշանակում է հույսը միայն այդ օգնության վրա չդնել: Փոխվել ազգովի` փոքրից՝ մեծ: Օրինակ` երբ Ռուսաստանի հավաքականը շվեդների հետ տափօղակով հոկեյ է խաղում,  ռուսներին պարտադիր «բալեծ» չանել` նշելով, թե` մերոնք են: Մերոնք չեն, մերոնքը էն տղերքն են, որ, կանգնած սահմանին, ռուսական զենքին են սպասում, որը, կարծես, տեղ չի հասնում, դե երեւի շատ է, դժվար է: Մերոնք անգամ էն տղերքն են, որ էնքան ոտքով չեն քայլել, որ փորները հաստացել է, եւ որոնցից մեքենաներն այս օրերին խլում են: Խլողներն էլ մերոնք են: Մերոնք նաեւ էն տղերքն են, որ սոցցանցերում պաթոսային հայրենասիրության նոպաների մեջ են՝ դեմքի` «Բաքվում չայ խմենք» արտահայտությամբ: Մերոնքը, տիկնայք եւ պարոնայք, հայերն են, զարմանալի է, չէ՞: Բա չիմացա՞ք` Սովետն էլ չկա, ռուսներն արդեն օտարերկրացի են, Ռուսաստանն էլ՝ արտասահման: Բարեկա՞մ, բայց ո՞ւմ, նրանք ասում են, որ մեզ, բայց նաեւ ասում են ադրբեջանցիներին, այսինքն` ե'ւ մեզ, ե'ւ նրանց, մենք եւ նրանք էլ պատերազմում ենք, այսինքն` ռուսները ո'չ մեզ վրա են կրակելու, քանի որ բարեկամներ են, ո'չ էլ` նրանց, քանի որ բարեկամներ են: Ավելի ճիշտ` ե'ւ մեզ վրա են կրակելու, քանի որ Ադրբեջանն իրենց բարեկամն է, ե'ւ ադրբեջանցիների վրա են կրակելու, քանի որ Հայաստանն իրենց բարեկամն է: Կրակելով՝ օգնելու են, օգնելու են ե'ւ մեզ, որ նեղություն չքաշենք, կրակենք ադրբեջանցիների վրա, ե'ւ նրանց, որ նեղություն չքաշեն, կրակեն մեզ վրա:

Նրանք դա կարող են անել, նրանք ամեն բան կարող են անել, նրանք Ղրիմ ունեն, Տոլստոյ ունեն, մենք Տոլստոյ չունենք, Տոլստոյ ունենալու համար պետք է Նապոլեոնին հաղթել: Մենք Լեւոն Տեր-Պետրոսյան ունենք, որն էլի «Պատերազմ եւ խաղաղություն» է գրել, բայց Տոլստոյինի նման վեպ չէ, հոդված է, ընդ որում՝ վիճահարույց:

Մի խոսքով` պետք է հասկանալ, որ մենք ու ռուսները տարբեր բաներ ենք, տարբեր մտածողություններ, աշխարհայացք, հոգեվիճակ, պատկերացումներ: Ու հույսներս դնենք մեզ վրա: Բայց կոնկրետ ո՞ւմ` կհարցնեք: Չէ՞ որ «մենք»-ը սահմանապահն էլ է, հաստափորն էլ է: Ուրեմն` երբ ասում ենք` հույսներս դնենք մեզ վրա, այդ «մենք»-ը կոնկրետ ովքե՞ր են:

Ես մի հեշտ պատասխան գիտեմ` «մենք»-ը յուրաքանչյուրս ենք, այսինքն` ո'չ ռուսներն են, ո'չ ամերիկացիները, ո'չ ֆրանսիացիները, ո'չ Չիլին, ո'չ Շվեյցարիան, ո'չ էլ անգամ Շառլ Ազնավուրը, ո'չ պապան, ո'չ մաման, ո'չ Սարատովում ոսկերիչ աշխատող քեռին, ո'չ Գերմանիայում բժիշկ աշխատող հորեղբայրը, ո'չ չամուսնացած դիզայներ հորքուրը՝ Սան Դիեգոյից: «Մենք»-ը «ես»-ն է: Մեզ միշտ հակառակն են ասել, բայց այն երկիրը, որտեղ մեզ հակառակն են ասել, էլ չկա: Չկա, քանի որ հանուն «մենք»-ի «ես»-ը կոտրելը չի ստացվում: «Ես»-ը անկախությունն է,  անկախությունն էլ այնպես ապրելու պատասխանատվություն է, որ չօգնեն, անգամ` զենքով: Հարգելով, բայց երբ հարգվում ես, իսկ հարգում են, երբ անկախ ես, իսկ անկախ ես, երբ «ես» ես:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica