close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիեննան չի նվազեցրել պատերազմի վերսկսման վտանգը

Թեմա

18 Մայիսի 2016, 21:44
 Վիեննան չի նվազեցրել պատերազմի վերսկսման վտանգը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով մայիսի 16-ին Վիեննայում կայացած բանակցություններին, հայտարարել է, թե գլխավորն այն է, որ այսուհետ պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, չլինեն պրովոկացիաներ, և հունիսին սկսվի բանակցային գործընթացը։ Մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման շուրջ Վիեննայի բանակցություններում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝  նա նշել է. «Անջեյ Կասպրշիկի լիազորությունների էական փոփոխություններ լինել չեն կարող։ Հայտարարությունում ասվածը ՄԽ-ի դիրքորոշումն է, մենք այդ առումով պարտավորություններ չենք ստանձնել»։ Եթե ավելի պարզ ներկայացնենք Մամեդովի այս հայտարարությունների իմաստը, ապա նա ասում է, որ թեև կարևորը շփման գծում սադրիչ գործողությունների չդիմելն է, սակայն իրենք չեն երաշխավորում և չեն պարտավորվում, որ նոր սադրանքների չեն դիմելու։

Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնումը համարվում է ԵԱՀԿ-ի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման մեխանիզմ։ Հետևաբար, եթե պաշտոնական Բաքուն անգամ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունից հետո է պնդում, որ դեմ է այդ մեխանիզմի ուժեղացմանը, բացահայտ կերպով վերահաստատում է, որ չի պատրաստվում հրաժարվել պատերազմի վերսկսման սպառնալիքը ակտուալ պահելուց և որ այս առումով Վիեննայում իր վրա որևէ պարտավորություն չի վերցրել։ Այս իմաստով հարկ է ուշադրություն դարձնել մի քանի փաստի։

1. Վիեննայի բանակցություններն ամփոփվեցին ոչ թե բանակցող բոլոր կողմերի, այլ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությամբ։ Այս հայտարարությամբ են նշվում հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջադեպերի հետաքննության, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային ռեսուրսներն ընդլայնելու շուրջ ձեռք բերված` իբր համաձայնությունների մասին։ Եթե նման երաշխավորված համաձայնություններ իսկապես լինեին, ապա Երևանն ու Բաքուն կմիանային համանախագահների հայտարարությանը։ Այդ հայտարարությունում նշվում է, որ 1994 եւ 1995թթ. հրադադարի համաձայնագրերի պահպանման կարեւորությունը պնդել են համանախագահները։ Այնտեղ չի նշվում, որ հակամարտության կողմերը համաձայն են այդ պնդմանը։ Հետևաբար, Մամեդովը ճիշտ է՝ Բաքուն հրադադարի ռեժիմի պահպանման, 1994 և 1995թթ. համաձայնագրերին հավատարիմ մնալու որևէ պարտավորություն, բացի բանավոր կեսբերան խոստումներից, իր վրա չի վերցրել։

2. Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ինստիտուտը՝ որպես շփման գծում իրականացվող մշտադիտարկման մեխանիզմ, ձևական բնույթ էր ստացել և ոչ մի խնդիր այլևս չէր լուծում։ Բանը նրան էր հասել, որ անգամ, երբ ադրբեջանական կողմն ամենատարբեր նկատառումներով հրաժարվում էր դիտորդներին առաջնագիծ հանել, ո'չ Կասպրշիկը և ո'չ էլ ԵԱՀԿ ՄԽ-ն չէին արձագանքում։ Նման ինքնանպատակ մեխանիզմի գոյությունը հրաշալի ծխածածկույթ էր Ադրբեջանի համար՝ լիակատար անպատասխանատվության պայմաններում ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ սադրանքներ իրականացնելու և, ինչպես ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, ընդհուպ բլից կրիգ նախաձեռնելու համար։ Ահա, թե ինչու է ադրբեջանական կողմը պնդում, որ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի մոնիթորինգային լիազորությունները չեն կարող ավելանալ։ Դրանում Բաքվում տեսնում են այս գործիքն ըստ նշանակության կիրառելու և դրա միջոցով իրեն կապանքների մեջ դնելու իրական վտանգ։ Եթե Բաքուն իսկապես հրաժարված լիներ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու տարբերակից, նրա համար որևէ նշանակություն չպետք է ունենար՝ քանի դիտորդով կավելանա Կասպրշիկի գրասենյակը և քանի կետում մշտադիտարկում կանցկացվի։

3. Նախագահ Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս օդանավում տված հարցազրույցում նշում է, որ Ադրբեջանի նախագահը, նայելով իրեն և միջնորդներին, հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ապրիլյան ռազմական գործողությունները հայկական կողմն է սկսել։ Իհարկե, միամիտ պետք է լինել` կարծելու համար, որ Ալիևն ինքնակամ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ պետք է խոստովաներ, որ իրենք են սկսել հարձակումը և պաշտոնապես ստանձներ հրադադարի համաձայնագրերը խախտելու պատասխանատվությունը։ Բայց հայկական կողմին նման մեղադրանքներ ներկայացնելն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմը պահպանելու, հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու տրամադրվածության մասին նրա հայտարարությունները զրոյական արժեք ունեն, և որ առանց որևէ կաշկանդման Բաքուն շարունակելու է պատերազմի շանտաժը։

4. Վիեննայի հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ անխտիր բոլոր կողմերի լավատեսական հայտարարությունների ֆոնին ո'չ ադրբեջանական և ո'չ էլ,  բնականաբար, հայկական կողմերը առաջնագծից չեն հեռացնում ապրիլյան սրացումից հետո կուտակած հրետանային միջոցները, զրահատեխնիկան և զորքերը։ Որքան էլ տարօրինակ ու աբսուրդային է թվում, բայց թե' հակամարտող կողմերը և թե 'ՄԽ համանախագահներն այս կապակցությամբ այնպիսի լռություն ու անտարբերություն են պահպանում, կարծես միանգամայն նորմալ է խոսել հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին առաջնագծի նման ռազմականացվածության պայմաններում։ Վիեննայում այս հարցի շուրջ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, համանախագահների հայտարարության մեջ այս խնդրին որևէ` անգամ թաքնված անդրադարձ չի արվել։ Մինչդեռ ցանկացած խաղաղ գործընթացի սկսման կամ վերսկսման նախապայմանն առաջին հերթին առաջնագիծը «բեռնաթափելն» է։ Եթե դա չի արվում, ինչ-որ բան այն չէ։

Այս փաստերը թույլ են տալիս ասել, որ իրականում Վիեննայի բանակցությունները ոչ մի գրամով չեն նվազեցրել պատերազմի վերսկսման հնարավորությունները, և միջնորդները կա'մ չեն կարողացել, կա'մ չեն ցանկացել այս առումով Բաքվին դնել կապանքների տակ։ Պատերազմը ինչպես մինչև մայիսի 16-ը կարող էր սկսվել ցանկացած պահի, այնպես էլ՝ հիմա։ 

Գևորգ Դարբինյան    

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica