close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+18°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.62
GBP1638.83
EUR1558.03
RUB17.34
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ոչ ավելորդ թիզ հող ունենք, ոչ էլ ավելորդ կաթիլ արյուն. Նարինե Թուխիկյան

Հարցազրույց

18 Մայիսի 2016, 17:12
 Մենք ոչ ավելորդ թիզ հող ունենք, ոչ էլ ավելորդ կաթիլ արյուն. Նարինե Թուխիկյան

Yerkir.am-ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

 

18-20 տարեկան տղաները Դավթի, Մհերի ուժը ցույց տվեցին

Ապրիլին, երբ իրավիճակը լարված էր սահմանին, աննկարագրելի քաջություն տեսանք. տեղի ունեցավ մեծ համախմբում և մեր ազգային ամենալավ որակների ժայթքում: Տա Աստված, որ համախմբումը երբեք կանգ չառնի, որ կյանքի գնով հերոսությունների կարիք չլինի, ապրենք հանգիստ, ստեղծարար, կառուցողական ընթացքի մեջ լինենք և մտածենք զարգացման մասին: Ասում եմ` տա Աստված, քանի որ նրա ձեռքում է ամեն ինչը, քանի որ Աստված տեսնում է քայլ անողին: Մեզ պետք է ընդամենը ուժեղ լինել, մենք հասկացանք, որ մեր 18-20 տարեկան տղաները ֆանտաստիկ ուժեղ են, նրանք Դավթի, Մհերի ուժը ցույց տվեցին: Հիմա պետք է ուժեղ լինենք քաղաքականության մեջ, բայց, ամենակարևորը, մեր ներսում պետք է ուժեղ լինենք, որովհետև, ինչպես Թումանյանն է ասում` եթե ներսից ենք փտած, հնարավոր չէ, որ արտաքուստ փտած չլինենք: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է, որ պատկան մարմինների կողմից լինի հարգանք հասարակության, պետության յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Պատկան մարմինը պարզապես իշխանություն է, պետություն չէ դեռ, պետությունը յուրաքանչյուր քաղաքացին է` այստեղ ապրող: Այս օրերին ակնհայտ էր 18-20 տարեկան տղաների հերոսությունը, որոնք պատերազմ չէին տեսել, ապրում էին անհոգ և, շատերի կարծիքով, անտարբեր` վիրտուալ աշխարհում կամ աչքերը Հայաստանից դուրս, բայց, արի ու տես, որ հենց նրանք փրկեցին մեզ:

Արմենչիկը հո չպե՞տք է զենքը վերցներ ու գնար կռվելու, ո՛չ, նա պետք է պեչենի բաժաներ

Այս օրերին մենք նաև բացասական երևույթներ տեսանք: Մի կողմից թվում է, որ ձևականությունը հիմա պետք է տեղի տա, բայց, մյուս կողմից, այդ որակի մարդիկ երբեք էլ չեն փոխվելու: Մենք իզուր հույս չպետք է փայփայենք, որ, օրինակ, Արմենչիկը կարող է հասկանալ, թե ինչ է արել: Այստեղ Արմենչիկի խնդիրն էլ չէ, Արմենչիկը ստացավ վաստակավոր արտիստի կոչում և հիմա ենթադրում է, որ իրավունք ունի նման բան անելու: Երբ մեր արժեքային համակարգը ոտքից գլուխ շրջված ու ապականված է, բա ի՞նչ պետք է լիներ, Արմենչիկը հո չպե՞տք է զենք վերցներ ու գնար կռվելու, ո՛չ, նա պետք է պեչենի բաժաներ ու նվաստացներ զինվորներին: Լավ կլիներ, որ հերոսներն ուղղակի ծեծեին նրան: Կարդացի, որ տվյալ զորամասի հրամանատարին նկատողություն են արել, բայց, կներեք,  նկատողության հարց չէր սա, նկատողությունով խնդիրը չի լուծվի: Բացի այդ` այս օրերին մի շարք մարդիկ ազատվեցին պաշտոններից, իսկ պատասխանատվության ո՞վ պետք է ենթարկվի, չէ՞ որ, նրանց աշխատանքից ազատելով, հարցը լուծում չի ստանում: Պետք չէ կուլակաթափություն անել, այլ գողոնը վերադարձնել պետությանը: Այս օրերին մեր երկու տեսակն էլ ջրի երես դուրս եկավ: Իհարկե, հզոր է մյուս տեսակը` ազնիվը, ազգայինը, մաքուրը, պետականամետը, բայց դրա հետ մեկտեղ տեսանք ուղղակի դավաճանական քայլեր, և նման մարդիկ պետք է պատասխան տան: Կարծում եմ` մեր հասարակությունը հասավ գիտակցության այն աստիճա նթարմացման, որ դա պահանջելու է անպատճառ: Այնպես չի, որ մտածենք` ժամանակը կանցնի ու ամեն ինչ կմոռացվի, կգնա, ես չեմ ուզում հավատալ, որ մոռացվելու են նրանց` այս օրերին պետությունից գողացողների արարքները:

Փոխվել է պետք, թե չէ` հեշտ չի լինելու ֆեոդալների ճակատագիրը

Իշխանության գործիչների աշխատանքն իրականում պետք է շատ ծանր լինի և ոչ շահութաբեր, նրանք նվիրյալներ պետք է լինեն, որոնք, չմտածելով ոչ մի շահի մասին, պետք է աշխատեն հանուն պետության կայացման, հանուն հասարակության: Այսինքն` այս խեղաթյուրված համակարգը` ֆեոդալական-սուլթանական, նախկին դարերում էր ակտուալ, իսկ հիմա 21-րդ դարն է արդեն, և մեր հերոս` 18-20 տարեկան տղաները 21-րդ դարի երեխաներ են: Մի խոսքով` փոխվել է պետք, թե չէ` հեշտ չի լինելու ֆեոդալների ճակատագիրը:

Պետք է ուղղակի չխանգարեն մեզ, չբռնաբարեն հասարակությանը

Ամեն դեպքում` սրտիս խորքում ինչ-որ կասկած կա` բա որ հանկարծ կոտրվի մեր այս ոգևորությունը, բայց դա մեր ողնաշարի վերջնական կոտորածը կլինի: Չեմ ուզում այդ ուղղությամբ մտածել: Ամեն դեպքում` տեսանք, որ երիտասարդների մի լավ սերունդ կա հիմա, և բացի նրանցից, կա մեկ այլ սերունդ, տարիքով մի քիչ ավելի մեծ, որոնք միշտ էլ եղել են ավելի բաց, ոչ այնպիսին, ինչպիսին մեծամասնությունն է: Նրանք, այո, կարող է թվով քիչ են, բայց որակը գերակշռում է: Սիներգետիկայի օրենքով` անպայման չէ, որ 1+1=2, կարող է 1+1 –ի արդյունքը լինել միլիոն: Հիմա ես մեծ հույս ունեմ և հիմքեր եմ տեսնում, որ 1+1-ը միլիոն կդառնա: Բացի այդ` չի կարող հետընթաց լինել, ուղղակի բնության օրենքն է այդպիսին, պետք է առաջ գնանք, իսկ առաջադիմությունը դեպի լույսը գնալն է, չես կարող դեպի մութը գնալ: Առաջադիմությունն այն է, երբ մթան մեջ լույսը վառում են անընդհատ, որքան էլ այն հանգչի: Ուրիշ ելք չկա, մենք «դատապարտված» ենք ապրելու և պետք է լավ ապրենք: Եթե մենք մինչև հիմա սոցիալական առումով վատ ենք ապրել, օբյեկտիվ պատճառներով չէ այդպես եղել, այլ սուբյեկտիվ ֆեոդալական կարգերի հետևանքով, քանի որ անհնար է ժողովրդին չկարողանալ ապահովել մարդկային տարրական պայմաններով: Շատ դեպքերում մեզ քիչ բան է անհրաժեշտ, պետք է ուղղակի չխանգարեն մեզ, չբռնաբարեն հասարակությանը:

Շատերը կասեն` բա ո՞ւր մնացին եվրոպական արժեքները, տոլերանտությունը… Ո՛չ, պետք է անհանդուրժող լինենք

Պետք է անհանդուրժող լինենք Ադրբեջանի` նման վայրագ քաղաքականության հանդեպ:  Շատերը կասեն` բա ո՞ւր մնացին եվրոպական արժեքները, տոլերանտությունը… Ո՛չ, պետք է անհանդուրժող լինենք: Թումանյանն էլ էր ասում` չի կարելի հանցագործի նկատմամբ տոլերանտ լինել: Եթե նա իր մեղքն ընդունում է և սկսում քավել այն, դա ուրիշ հարց է, քրիստոնեության մեջ էլ զղջման գաղափարը կա, բայց սա այդ դեպքը չէ: Հիմա պետք է անհանդուրժող և  ոչ ներողամիտ լինենք, որովհետև ոչ թե անձի նկատմամբ է հանցագործություն կատարվել, այլ պետականության, և չի կարելի ուղղակի աչք փակել կամ ներել, եթե նրանք չեն զղջացել, իսկ զղջումը պետք է պատասախանատվության տեսքով լինի:

Մենք այդքան արյուն չենք կարող ծախսել

Կարծում եմ` ԼՂ հարցը պետք է մեկընդմիշտ լուծվի. եթե պատերազմով, ուրեմն` պատերազմով, եթե բանակցությունների սեղանի շուրջ, ուրեմն` այդպես: Մենք այդքան արյուն չենք կարող ծախսել, մենք դրա իրավունքը չունենք: Մենք ո'չ ավելորդ թիզ հող ունենք, ո'չ էլ ավելորդ կաթիլ արյուն: Այս հարցը պետք է վերջնականապես լուծվի: Հույսը մենք մեզ վրա պետք է դնենք, բայց նախ մեզ պետք է հարգեն. եթե քեզ չեն հարգում, քեզ համար ոչինչ չի արվի: Տեսեք` թուրքերը մտան ու Կիպրոսը գրավեցին, ի՞նչ եղավ դրանից հետո, ոչ մի բան չեղավ: Ադրբեջանցիներն էլ այս օրերին էս արեցին, էն արեցին, ի՞նչ եղավ, դարձյալ` ոչ մի բան: Համաշխարհային պարագլուխները հարգում են ուժեղներին, և հիմա կապ չունի` այդ ուժեղն արդա՞ր է, թե՞ ոչ, նրանք հաշվի են նստում ուժեղների հետ: Նեմեսիսի կնքահայր Շահան Նաթալին /Հակոբ Տեր-Հակոբյանը/ ասել է, թե գազանների հետ են հաշվի նստում, ուրեմն մի օր էլ թող մենք գազան լինենք: Եթե դու ուժեղ ես, պինդ ես, ուրեմն քեզ հետ հաշվի են նստում, բայց եթե դու կարծում ես, որ դու քոսոտ ես, ինչպես ինքն իրեն որակեց Ռադիկ Մարտիրոսյանը, նրա հետ ի՞նչ նստես` խոսես: Մենք անընդհատ ասում ենք` թուրքերը փոխվում են, ո՛չ, նրանք չեն փոխվելու, այդ մենք պետք է փոխվենք: Թումանյանն իր հոդվածներից մեկում ասում է` նրանք միակ ցեղն են, որոնք ժողովրդի մակարդակով են վայրենի, նրանց առածներից ելնելով, քանի որ առածներից մեկում ասվում է, թե այնտեղ, որտեղ թուրքի ձիու սմբակը կկոխոտի, այնտեղ ծաղիկ չպետք է աճի: Եվ սա ժողովուրդն է ասում, ոչ մի ժողովուրդ նման վայրագ ասացվածքներ չունի, բոլորը կառուցողական են: Նրանց թվում է` անապատներից եկել են և, ոտքի տակ տալով, պետք է գնան, հասնեն չգիտեմ` ուր: Նրանց ճանաչելու համար պետք է բանահյուսությունը ուսումնասիրել: Մի խոսքով` լավ կլինի, որ մենք էլ հարկ եղած դեպքում գազան դառնանք:

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica