close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիեննայի տված ռիսկերը և շանսերը

Թեմա

17 Մայիսի 2016, 20:01
 Վիեննայի տված ռիսկերը և շանսերը

Վիեննայում մայիսի 16-ի ուշ երեկոյան կայացած բազմակողմ բանակցություններում Ադրբեջանի մարտավարական կորուստները, իհարկե, ակնհայտ են։ Սակայն այդ բանակցությունները թաքնված ռիսկեր են պարունակում նաև Հայաստանի համար, որը հնարավոր չէ և չպետք է անտեսվի։

Չխորանալով այլ դետալների մեջ, փաստենք, որ այս պահին որևէ կոնկրետություն չկա, թե ի՞նչ ժամկետներում պետք է ԵԱՀԿ-ն մշակի հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված մեխանիզմները, ե՞րբ դրանք կտեղակայվեն շփման գծում, շփման գծի ո՞ր հատվածում կտեղակայվեն, որքանո՞վ այն կընդգրկի ամբողջ սահմանագիծը։ Սա իհարկե, դետալ է, սակայն՝ չափազանց կարևոր։

Բանն այն է, որ կարգավորման բանակցությունները, որոնք, ինչպես կարելի է ենթադրել Սերգեյ Լավրովի՝ բանակցություններից հետո Վիեննայում արված հայտարարություններից, ընթանալու են արդեն մշակված մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակների շուրջ, պետք է սկսվեն արդեն հունիսից։ Եվ քանի որ ժամանակը քիչ է, մեծ է հավանականությունը, որ ԵԱՀԿ-ն չհասցնի մինչ այդ մշակել հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմները և անցնել դրանք շփման գծում տեղակայելու պրոցեսին, մանավանդ` գրեթե կասկած չկա, որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտելու է դրան։ Այսինքն` կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ այդ գործընթացը ոչ թե նախորդի կարգավորման սկզբունքների համաձայնեցմանն ուղղված բանացկություններին, այլև իրականացվի դրանց զուգահեռ կամ չիրականացվի ընդհանրապես։

Այս տեսակետից Սերժ Սարգսյանի առաջարկը՝ կարգավորման բանակցություններն սկսել միայն շփման գծում մոնիթորինգի և կայունացման մեխանիզմների ներդրումից հետո, իհարկե, հուսադրող է։ Սակայն ուշադրություն դարձնենք՝ դա առայժմ զուտ առաջարկություն է, որի կապակցությամբ որևէ որոշում, համաձայնություն Վիեննայում չի կայացվել։ Իսկ դա նշանակում է՝ պահել ներկայիս սողացող պատերազմի իրավիճակը, թույլ տալ Ադրբեջանին պատերազմի դիմելու շանտաժը կիրառել հետագա կարգավորման բանակցություններում։ Վերջապես, դա նշանակում է, որ հայկական կողմի ներկայացրած նախապայմաններն այլևս ակտուալ չեն լինելու և քաղաքական նշանակություն չեն ունենալու։

Հետաքրքրական է, որ միջնորդները և հատկապես ՌԴ-ն՝ ի դեմս Լավրովի, արդեն խոսում է գործն արագ ավարտին հասցնելու մասին, մինչդեռ ապրիլյան պատերազմի հետևանքները բացարձակապես վերացված չեն։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ փորձ է արվում Վիեննայի այս բանակցություններն օգտագործել հայկական կողմի ներկայացրած նախապայմանների հարցը փակված համարելու համար, իսկ իրական նպատակը, անկախ շփման գծում առկա իրադրությունից, պատերազմի վերսկսման ռիսկից, կողմերին և հատկապես` Երևանին կարգավորման սկզբունքների համաձայնեցմանը մղելն է։

 Եթե այդպես է, ապա առաջիկայում հայկական դիվանագիտությանը լրջագույն փորձություն է սպասվում՝ չեզոքացնելու համար այդ սկզբունքներին Երևանին համաձայնության մղելու ճնշումները։ Հայկական կողմն ունի այստեղ մանևրելու հնարավորություն։ Մասնավորապես՝ Երևանը կարող է պնդել, որ քանի դեռ լուծված չէ Բաքվի նոր ագրեսիան կանխելու հարցը, որևէ բանակցության չի մասնակցելու, այսինքն` համառորեն և մինչև վերջ պնդի այն առաջարկի ընդունումը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը։ Դրան Բաքուն կփորձի պատասխանել` ինչպես միշտ, շփման գծում լարվարծությունը մեծացնելով, ինչը հնարավոր կլինի ծառայեցնել Երևանի այդ պնդումները փաստարկելուն։

Բացի դրանից՝ Երևանը լիարժեք քարտ բլանշ է ստանում բանակցությունների տապալման, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակման դեպքում, որպես այլընտրանքային լուծման տարբերակ,  ԼՂՀ-ի անկախության ճանաչման պահանջն ավելի հստակ ներկայացնելու համար։ Եվ եթե միջնորոդներն իսկապես ուզում են հասնել շուտափույթ վերջնական կարգավորման, ապա օրակարգային կարող է դառնալ նաև ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ներգրավելու խնդրի առաջադրումը։

Բացի դրանից` ինչպես հայտնի է, Բաքուն ևս մերժում է մադրիդյան սկզբունքները։ Բանակցությունները վիժեցնելու` նրա անցած 3 տարվա քաղաքականությունը միտված էր դրան։ Եթե Երևանին հաջողվի արագացնել հրադադարի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների ներդրումը, ապա դրանից հետո, խաղարկելով հենց կարգավորման սկզբունքները մերժելու` Բաքվի դիրքորոշումը, հնարավորություն կլինի ժամանակ շահել։ Իսկ այդ ժամանակը չափազանց կարևոր է բանակում առկա խնդիրները լուծելու և հատկապես ինտենսիվ սպառազինվելու համար։

Այնպես որ` որքան էլ այս բանակցությունները հայկական կողմի համար թաքնված ռիսկեր են պարունակում, նույնքան էլ նոր շանսեր են տալիս։ Մնում է լինել բավարար չափով շրջահայաց և ճկուն։

Գևորգ Դարբինյան   

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica