close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը՝ վիեննական թակարդում

Թեմա

17 Մայիսի 2016, 15:20
 Ադրբեջանը՝ վիեննական թակարդում

Վիեննայում մայիսի 16-ի ուշ երեկոյան ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ կայացած բազմակողմ ձևաչափով բանակցություններն ավարտվեցին համանախագահների ընդունած համատեղ հայտարարությամբ։ Ըստ դրա՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերահաստատել են 1994 և 1995թթ. հաստատված հրադադարի ռեժիմին և հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու իրենց հանձնառությունը, հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հունիսին նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ բանակցությունների կոնկրետ ժամանակը և վայրը` համընդգրկուն կարգավորման հասնելու շուրջ բանակցությունների վերսկսման նպատակով։

Բանակցություններից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե իրենք նպատակադրել են գործը հասցնել ավարտին, որպեսզի սկսվի առաջընթացը հակամարտության ամբողջական կարգավորման ուղղությամբ։ «Դա պետք է արվի փուլերով, և կան հակամարտության կարգավորման առաջին փուլի չափանիշների համաձայնեցման հնարավորություններ»,- ասել է նա։

Հայաստան վերադառնալու ճանապարհին օդանավում հայաստանյան լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ բանակցություններում հայկական կողմի նպատակն էր պարզել՝ մտե՞լ են, արդյոք, բանակցությունները փակուղի, և չկա՞ այլ ելք, քան պատերազմը։ Սարգսյանը նշել է, որ ինքը բավարարված է արդյունքներով, սակայն հավատ  չունի Ադրբեջանի նախագահի այն հավաստիացումների հանդեպ, թե պատերազմով որևէ խնդիր լուծելու նպատակ չունի։ Հայկական կողմը, ըստ նախագահի, առաջարկել է հաջորդ բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ-ի կողմից հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմների ստեղծումից հետո։

Վիեննայի բանակցությունները, ըստ էության, կայացան զուտ այն պատճառով, որ դրանում անմիջականորեն ներգրավված էին ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Փաստը, որ Սարգսյան-Ալիև երկկողմ ձևաչափով հանդիպում չկայացավ, և որ մինչև վերջին պահը կողմերը չէին հստակեցնում՝ կլինի՞ նախագահների հանդիպում, թե՞ ոչ, հաստատում է, որ ոչ միայն կողմերի միջև չկա տետ ա տետ բանակցելու ցանկություն, այլև որ արդեն ՄԽ համանախագահների ռեսուրսը չի բավարարում` կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար։ Մյուս կողմից` Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի անմիջական ներգրավումը ու հատկապես նրանց միասնական հանդես գալու հանգամանքը բանակցային գործընթացը շարունակելու, այսինքն` լայնածավալ պատերազմից առժամանակ խուսափելու թույլ երաշխիքներ են ստեղծում։

Վիեննայի բանակցությունները քաղաքական իմաստով ամրագրեցին Բաքվի ժամանակավոր մարտավարական պարտությունը։ Նախ՝ Բաքուն կորցրեց բանակցային գործընթացը տապալելու, շանտաժային քաղաքականությունը շարունակելու իր խաղաքարտերը։ Հիմա Ալիևը ստիպված է համանախագահների միասնական ճնշման տակ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Երկրորդ՝ Վիեննայի հանդիպման նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե հրադադարի ռեժիմի պահպանման և հետաքննության մեխանիզմների ներդրմանը կհամաձայնի միայն «օկուպացված տարածքներից» հայկական ուժերի դուրս բերումից հետո։ Սակայն Վիեննայում Ալիևը ստիպված եղավ համակերպվել, առանց այդ պայմանի, հրադադարի ռեժիմը պահպանելու մեխանիզմների ներդրմանը։

Այն, որ բանակցությունների նման ելքը չէր բավարարում իրեն, Բաքուն հասկացրեց` հենց հանդիպման ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական շփման արևելյան և հարավարևելյան ուղղություններով ինտենսիվ արկակոծումներ սկսելով և հայկական կողմին պատասխան քայլերի դրդելով, ինչի հետևանքով թե' հայկական և թե' ադրբեջանական կողմերը մեկական զոհ ունեցան։ Պետք է ենթադրել, որ բանակցությունների սեղանի շուրջ ունեցած այս հանգրվանային անհաջողությունները Բաքուն առաջիկայում կփորձի փոխհատուցել` իրավիճակը սահմանին էլ ավելի սրելով, չի բացառվում՝ նաև նախքան հունիսին մեկնարկելիք կարգավորման բանակցությունները՝ նոր տարածքներ գրավելու փորձ կատարելով: Մանավանդ, որ կարծես թե պայմանավորվածություն ձեռք չբերվեց շփման գծից հրետանային միջոցները, զրահատեխնիկան և կուտակված զորքերը հեռացնելու վերաբերյալ։

Գևորգ Դարբինյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica