close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փողկապի գույնը

Թեմա

16 Մայիսի 2016, 16:52
 Փողկապի գույնը

Անցյալ գիշեր էլ չքնեցին, չնայած անցյալ գիշեր խաղաղ էր: Մի երկու անգամ, մի երկու ժամով կրակեցին, բայց, երբ մի քանի օր սահմանին կանգնում ես, գիտես, որ մի երկու անգամ, մի երկու ժամով կրակելը խաղաղություն է: Հոգնած չեն, համենայն դեպս, կանգնելուց չեն հոգնել, եթե առաջ հրաման լինի, կապացուցեն, որ չեն հոգնել: Իրավունք չունեն հոգնելու, քնելու, կարոտելու, հիվանդանալու, զարկվելու, զարկվելն իրավունքով է, չկա այդ իրավունքը:

Սպասում են` լուռ, ուժեղ, հպարտ, սպասում են, ոչ թե նրանց, ովքեր պետք է գան ու փոխարինեն իրենց, ոչ թե նրան, որ պետք է տուն գնան եւ մի քանի օր քնեն, այլ սպասում են վերջին: Փոխարինողն ու տուն գնալը վերջը չեն:

Սպասում են ոչ միայն նրանք, այլեւ՝ նրանց: Գիտեն, որ դեռ շատ կա, որ գան, բայց սպասում են, հենց ճանապարհելու օրից սպասում են, գիտեն, որ այնտեղ երկու տարով են գնում, բայց երկու րոպեից են սպասում: Սպասում են` ամեն օր մի աման ճաշ ավելի պատրաստելով, մի քիչ ավելի գեղեցկանալով, մեկ ժպիտ ավելի ժպտալով: Սպասումի ժպիտը մի հոմանիշ ունի՝ թաց ժպիտ, եւ հականիշ՝ տխուր ժպիտ:

Սպասում են նաեւ նրանք, ովքեր պետք է խոսեն հետո: Լուրջ-լուրջ դեմքերով, մի մասը՝ ասելու, թե տեսա՞ք, որքան ճիշտ էինք մենք, մյուս մասն էլ պնդելու, թե` իրականում եկեք սպասենք դեռ, քանի որ այն, ինչի շուրջ պայմանավորվել են, դեռ ոչինչ չի նշանակում:

Ու բոլորս միասին սպասում ենք Վիեննային, որ հետո նորից սպասենք: Անգամ նրանք, ովքեր ասում են, թե ոչինչ էլ չեն սպասում, սպասում են: Բա որ բան ստորագրե՞ն, ախր Քերին, Լավրովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարը` /որի անունը քչերը գիտեն Հայաստանում/ Ժան Մարկ Էյրոն, հո հենց այնպես չե՞ն գնացել Վիեննա, եթե գնացել են, ուրեմն մի բան ստորագրելու են: Բայց ի՞նչ փաստաթուղթ է դա, կամ կա՞, արդյոք, նման փաստաթուղթ: Չգիտենք, սպասում ենք, մի մասն ասում է՝ կա, բայց պարզ չէ, թե մեջն ինչ է գրված, մյուս մասն ասում է՝ չկա:

Նախագահի կայքէջն առհասարակ չի ասում, որ Սերժ Սարգսյանը Վիեննա է գնացել, որպեսզի հանդիպի Իլհամ Ալիեւի հետ, այնտեղ գրված է, որ նախագահ Սարգսյանը աշխատանքային այցով Վիեննայում է, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դե հիմա, եթե Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպի, օրինակ, Ժան Մարկ Էյրոյի հետ` միայն նրա, եւ խոսի Ղարաբաղի մասին, դա էլ է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այնպես որ` գոնե մեր նախագահականից հստակ չենք իմանում` Սարգսյանը հանդիպելո՞ւ է Ալիեւի հետ, եթե հանդիպելու է, ապա ի՞նչ գույնի փողկապով է ներկայանալու հանդիպմանը՝ կարմի՞ր /որը դիվանագիտական արարողակարգում խորհրդանշում է այն կրողի կողմից ուժի արտահայտումը/, թե՞ կապույտ /որն էլ խորհրդանշում է խաղաղասիրությունը/, գուցե` սե՞ւ, որը դիվանագիտական արարողակարգում խորհրդանշում է նույնը, ինչ կյանքում:

Ոչինչ չգիտենք, բայց սպասում ենք, սպասում ենք, որովհետեւ ոչինչ չգիտենք: Հույսեր չենք կապում, բայց հույս ունենք, խանդավառված չենք, բայց խանդավառություն ունենք, ժպիտներս չի գալիս, բայց ժպտում ենք... Մեկ բառով՝ սպասում ենք վերջին, որը չի երեւում:

Վիեննան վերջը չէ, այն չափազանց գեղեցիկ քաղաք է վերջ լինելու համար: Վաղը, երբ Սարգսյանն եւ Ալիեը հանդիպած կամ չհանդիպած լինեն, մենք էլի ենք սպասելու` սահմանին անքուն կանգնած, սահմանին կանգնածին, հաջորդ «Վիեննային», անգամ` երբ Հռոմի պապը ժամանի Հայաստան, Գյումրի, այնտեղ պատարագ մատուցի, մենք էլի ենք սպասելու` այս պարագայում գուցե ավելի շատ Քրիստոսի երկրորդ գալստին: Մենք ժողովուրդների սպասող տեսակից ենք, բայց մի լավ բան էլ կա` ժողովուրդների մյուս տեսակը կոչվում է կործանված:

Հովիկ Աֆյան

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica