close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաղն էլ ես կզոհվեմ, մա՛մ. մայոր Մովսեսյանը կանխազգացել է ապրիլյան մարտերը

Հասարակություն

14 Մայիսի 2016, 22:00
 Վաղն էլ ես կզոհվեմ, մա՛մ. մայոր Մովսեսյանը կանխազգացել է ապրիլյան մարտերը

Դեռևս մի քանի ամիս առաջ անընդհատ ասում էր`ապրիլ-մայիս ամիսներին կռիվ է լինելու, երևի սրտին մի բան վկայում էր… Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհված մայոր Ռուդիկ Բախշիի Մովսեսյանի ընտանիքի անդամներն են պատմում: Մայորն արիաբար զոհվել է ապրիլի 4-ին` հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածներից: Մարտակերտի պաշտպանական զորամասի հետախույզ, մայոր Մովսեսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ է բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել է  իր ուղղությունը,  հարվածել է պատին ու պայթել:

Մովսեսյանը 22 տարի ծառայել է հայրենիքին, հետախույզ է եղել:  «Քանի որ հետախույզ էր, իր աշխատանքից ոչինչ չէր պատմում, ասում էր, որ դա հայրենիքի գաղտնիքն է և գաղտնիք էլ պետք է մնա: Իր գործին նվիրված, հայրենասեր, պատվով, հարգանքով տղա էր: Ինչպես ընտանիքն էր նվիրված, այնպես էլ` իր զինվորներին: Այնքան էր ներծծված զինվորական կյանքով, որ անգամ տանն էր մեզանից զինվորին հատուկ ճշտապահություն ու կարգապահություն պահանջում: Մենք էլ կատակով ասում էինք. «Կարո՞ղ ա մենք քո զինվորներն ենք», ինքն էլ էդ արտահայտությունից ուրախանում էր»,- պատմեց Ռուդիկ Մովսեսյանի մայրիկը` Ալինա Օհանջանյանը: Նա հպարտությամբ էր պատմում որդու մասին ցանկացած պատմություն ու ասում, որ, չնայած, կորստյան ցավը մեծ է, բայց հպարտ է, որ որդին հայրենիքին է իր կյանքը նվիրել: Տիկին Ալինայի խոսքով` իր որդին կյանքով լեցուն, եռանդով, երգով ու ծիծաղով ապրող էր. «Նա ուր գնում էր, իր հետ երգ ու ծիծաղ էր տանում, շատ էր սիրում պարել, ուրախանալ, բարեկամասեր էր ու ասես խաղաղություն աղավնի լիներ, շատ կատակասեր էր ու անչափ ծնողասեր»:  

Մայոր Մովսեսյանի մայրը հիշեց նաև մի դրվագ, որն ակամայից շատ է  դիպել իր սրտին ու հետո արդեն, ցավոք, իրականություն է դարձել. «Մինչև դեպքը տեղի ունենալը, երևի մի ամիս առաջ, չեմ հիշում` կոնկրետ երբ, եկավ տուն ու պատմեց, որ իրենց պոստում մեկը մահացել էր դիպուկահարի հարվածից, հետո էլ ասաց. «Այսօր նա է, վաղն էլ ես կլինեմ»: Նրա այդ արտահայտությունը շատ դիպավ սրտիս, բայց ես չբարձրաձայնեցի»:

Հերոսացած զինվորականի կինը ևս, հազիվ զսպելով հուզմունքը, հպարտությամբ հիշում էր ամուսնու նվիրվածությունը` հայրենիքին, ընտանիքին, ընկերներին, բարեկամներին:

«Շատ նվիրված էր մեզ, ամեն ինչ անում էր, որ իր ընտանիքը լավ ապրի, նվիրված հայր էր, որդի, ամուսին, ընկեր: Մեզանից միայն սեր էր պահանջում, բայց փոխարենը մեզ ամեն ինչով ապահովում էր, հոգատար էր ու սիրալիր: Ամեն օր աշխատանքից հետո վերադառնում էր տուն ու ասում, որ առանց ընտանիքի չի կարող դիմանալ: Նրա հետ հեռախոսով հենց ամսի  չորսին եմ խոսել, մոտավորապես 15:30-ի սահմաններում: Ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, եթե մենք այստեղ ենք, դուք պետք է հանգիստ լինեք: Ձեզ լավ նայեք, երեխաներին լավ նայեք: Մեր խոսակցությունից ընդամենը մեկուկես ժամ հետո դեպքը տեղի է ունեցել»,- պատմեց Ռուդիկ Մովսեսյանի կինը`Նելլի Հայրապետյանը:

Հերոս զինվորականի դստեր` Էլենի  պատմությունները հոր մասին ևս սիրով ու երջանկությամբ էին լեցուն:

«Հայրիկը հանգստություն էր սիրում,  կարգուկանոն, բայց միևնույն ժամանակ աշխույժ էր ու կատակասեր: Մեզ երբեք չէր նեղացնում, բայց եթե անգամ երբեմն  նեղացնում էր, այնպես էր անում, որ մոռանայինք շուտ, նենց բաներ էր անում, որ ծիծաղեինք:  Շատ էր սիրում հայրենասիրական, ազգագրական երգեր լսել: Երբ ես ժամանակակից, արտասահմանյան երաժշտություն էի լսում, ինձ  չնեղացնելու համար չէր ասում, որ անջատեմ կամ ձայնը իջեցնեմ, բայց մի անգամ էլ, երբ ես ազգագրական երգ էի միացրել ու մեծ սիրով լսում էի, ինձ ասաց. «Պապայի աղջիկ, արդեն մեծացել ես, ուրեմն»: Վերջին շաբաթներին անընդհատ, իրար հետևից, օրը մի քանի անգամ լսում էր «Նորավանքի մոմերը» և «Մայրիկ» երգերը: Հենց տուն էր մտնում, իր հետ ծիծաղ ու ուրախություն էր բերում ու երաժշտություն էր միացնում ու մեզ պարացնում: Եթե չէինք ուզում  պարել, մեր ձեռքից զոռով քաշում էր ու պարացնում»,- պատմեց 16-ամյա աղջիկը:

Էլենի քույրը` 18-ամյա Տաթևիկը հոր ստացած մեդալներն ու պատվոգրերն էր հպարտությամբ ցուցադրում և, արցունքները զսպելով, ասում, որ իր հայրիկն այդ բոլորը վաստակել է իր նվիրված ու հայրենասեր լինելու շնորհիվ:

Նշենք նաև, որ մայոր Ռուդիկ Մովսեսյանի բազմանդամ ընտանիքն ապրում է Ստեփանակերտում:  Բացի կնոջից ու երկու աղջիկներից, նույն տանն են ապրում նաև նրա հայրը, մայրը, հորեղբայրը, եղբայրն ու քույրը` իրենց ընտանիքներով:

Մովսեսյանի կնոջ խոսքով`ամուսինը դեռևս վեց տարի առաջ դիմել է համապատասխան կառույցներին, որ իրենց բնակարանով ապահովեն, բայց մինչ օրս որևէ նորություն չկա: «Լավ կլիներ, որ տան հարցը լուծվեր, իր երեխաների համար եմ ասում»,- ասաց Նելլի Հայրապետյանը:

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica