close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հո՞ղը, թե՞ մարդը

Հարթակ

14 Մայիսի 2016, 12:58
 Հո՞ղը, թե՞ մարդը

Թեև Սահարան անապատ է, բայց եւս հող է: Այնտեղ, սակայն, մարդ չի ապրում, մարդ չի ապրում, բայց հող է, ընդ որում` Սահարայում ոչ նավթ կա, ոչ անասնաբուծությունն է հնարավոր, ոչ` գյուղատնտեսությունը, ոչ էլ, ենթադրենք, քիմիական արդյունաբերություն կարող ես հիմնել: Ուղղակի հող է: Բայց դուք փորձեք այն վերցնել Սահարան կիսող երկրների բնակիչներից, ասենք` ալժիրցիներին ասեք` ձեր երկրի զգալի մասը պետք է հանձնեք: Տեսեք, թե ի՞նչ կպատասխանեն, ավելի ճիշտ՝ ի՞նչ զենքերով կպատասխանեն: Թքած, որ իրենց երկրների զգալի մասում մարդ չի ապրում, բայց դա իրենց հողն է:

Մեր հողերում, նկատի ունեմ՝ ազատագրված, մարդ ապրում է, քիչ, քան պետք է, քիչ, քան կարելի էր, բայց ապրում է: Այսինքն` երբ մենք ասում ենք՝ ազատագրված հողեր, մենք նկատի ունենք նաեւ /գուցե նախ եւ առաջ/ այդ հողերում բնակվող մարդկանց: Ու երբ ասում են՝ այդ հողերը պետք է տաք, մարդկանց մոռանում են: Մարդկանց մենք միշտ ենք մոռանում, երբ խոսում ենք հողի մասին, իսկ հողի մասին, ավելի ճիշտ՝ հողերի, մենք դարերով ենք խոսում: Մինչդեռ հարց է՝ հո՞ղը, թե՞ մարդը, այսինքն` կարեւորը ո՞րն է: Եթե պնդում եք, որ հողը, ուրեմն դուք տարածքային ամբողջականության կողմնակից եք, եթե գտնում եք, որ մարդը, ուրեմն ազգերի ինքնորոշման իրավունքի կողմնակից ենք: Բայց սա՝ մեծ, սառը հաշվով:

Ինքս դեմ եմ մադրիդյան սկզբունքներին եւ չեմ կարծում, թե Հայաստանում կա մեկը, ով կողմ է, անգամ` եթե այդ մեկը Բաղրամյան 26-ում է աշխատում կամ ՀՀ ԱԳՆ-ի նորակառույց, ի դեպ, գեղեցիկ շենքում: Դեմ ենք, քանի որ դրանցով ենթադրվում է, որ ազատագրված հողերը պետք է հանձնենք Ադրբեջանին՝ ստանալով Ղարաբաղի անորոշ կարգավիճակ, եւ դեռ մեծ հարց է, թե նույն մադրիդյան  սկզբունքներով ենթադրվող` փախստականների վերադարձից հետո հայ եւ ադրբեջանցի ղարաբաղցիներն ի՞նչ կարգավիճակ կորոշեն Արցախի համար՝ միջազգային խաղաղապահների ամենատես աչքի առջեւ: Եթե շատ կարճ, ապա մադրիդյան սկզբունքները հենց սա են ենթադրում: Մենք սա չենք ուզում, մենք ուզում ենք… Այստեղ կանգ ենք առնում մեր մտքերում, քանի որ մենք վերջնականապես չգիտենք, թե ինչ ենք ուզում` Արցախի անկախությո՞ւն, Արցախի՝ Մայր հայրենիքին վերամիավորո՞ւմ, ի՞նչ: Լավ, ենթադրենք, որոշում ենք կամ գիտենք՝ ինչ, բայց, Արցախ ասելով, ի՞նչ նկատի ունենք, սահմանը որտեղո՞վ է անցնում: Չգիտենք, այսքան տարի է անցել, բայց չգիտենք, չենք որոշել, մի մարդու պես կարծիք չունենք, բոլորս մեզ համար ունենք, բայց ընդհանուր կարծիք չունենք:

Իսկ ինչո՞ւ են որոշ մարդիկ  համաձայնում մադրիդյան սկզբունքներին: Հասանք ամենակարեւորին` համաձայնում են, որովհետեւ հենց այստեղ է ընտրությունը՝ կա'մ մարդը, կա'մ հողը: Ավելի պարզ ասեմ՝ կա'մ հող ես տալիս, եւ մենք երաշխավորում ենք, որ ոչ մի մարդ չի զոհվելու, կա'մ պատերազմում ես, եւ մենք չենք երաշխավորում, որ ոչ մի մարդ չի զոհվելու: Ընդ որում` երկու պարագայում էլ չգիտես, թե ինչ կլինի Արցախի հետ: Նա, ով վստահ է, որ պատերազմում հաղթելու ենք, շատ հեռու է պատերազմ հասկանալուց` պատերազմում /ցանկացած/ հաղթանակը վստահություն չէ, հույս է, հավատ է, բայց վստահություն չէ:

Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը. եթե երկու պարագայում էլ` ընդունել կամ չընդունել մադրիդյան սկզբունքները, Արցախի կարգավիճակը չի որոշվում հօգուտ մեզ, բայց եթե չենք ընդունում մադրիդյան սկզբունքները, ապա պատերազմ է վերսկսվում, ապա ինչո՞ւ չընդունել: Ավելի ճիշտ՝ ինչո՞ւ չհայտարարել, որ մենք ընդունում ենք /հայտարարել, որ ընդունում ենք, եւ ընդունել, տարբեր բաներ են/: Ո՞վ ասաց, որ եթե չենք ընդունում մադրիդյան սկզբունքները, Ղարաբաղի հարցը միանգամից լուծվում է հօգուտ մեզ, ո՞վ ասաց, որ հաջորդ անգամ Մինսկի խմբի ներկայացրած, ենթադրենք, փարիզյան սկզբունքներն ավելի լավն են լինելու մեզ համար: Ուրեմն հրաժարվե՞նք Մինսկի խմբից, լավ: Բա հետո ի՞նչ անենք, «հետո»-ն կա'մ պատերազմ է, կա'մ Մինսկի խմբի համանախագահության փոփոխություն, ասենք` Ֆրանսիային, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին փոխարինում են… Ի դեպ, ովքե՞ր, հո չե՞ք մտածում, որ Ուրուգվայը, Կիպրոսը եւ մեկ այլ եղբայր Հունաստանը: Վստա՞հ ենք, որ նոր կազմը մեզ հաճելի է լինելու, թեկուզ` միայն նրանց հետ հանդիպելու առումով: Իսկ վստա՞հ եք, որ մենք ենք ընտրել հենց այս համանախագահներին, ոչ թե նրանք են ընտրել մեզ, որ էլ երբեք բաց չթողնեն իրենց աշխարհի այս կտորը:

Ուրեմն երկու ընտրություն կա` առաջինը` կա'մ ընդունում ենք Մինսկի խմբի ներկայիս համանախագահության միջնորդական առաքելությունը, կա'մ չենք ընդունում: Եվ երկրորդը` եթե ընդունում ենք /չընդունելու մասին արդեն խոսեցինք/ Մինսկի խմբի ներկայիս համանախագահության միջնորդական առաքելությունը, ապա առնվազն լսում ենք, թե այդ մարդիկ ինչ են առաջարկում: Իսկ այդ մարդիկ այսօր, այս պահին առաջարկում են Հայաստանին /թքած՝ Ադրբեջանի վրա/` կա'մ հող, կա'մ մարդիկ: Որի՞ն ենք պատրաստ, ավելի ճիշտ՝ որեւէ մեկին պատրա՞ստ ենք…

Հովիկ Աֆյան

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica