close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.70
GBP1610.72
EUR1549.12
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է վերցնել թե՛ կացինը, թե՛ զենքը

Հարցազրույց

13 Մայիսի 2016, 17:20
 Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է վերցնել թե՛ կացինը, թե՛ զենքը

Yerkir.am-ի զրուցակիցն է մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշընի տնօրեն Դավիթ Սահակյանցը:

 

Ապրիլյան դեպքերը բացահայտեցին մեր թույլ և ուժեղ կողմերը

Սահմանին ապրիլյան դեպքերը բացահայտեցին մեր թույլ և ուժեղ կողմերը: Ինքս պատրաստ չէի պատերազմի նոր փուլի, կարծում եմ` շատերը նույնպես պատրաստ չէին: Որոշ չափով պատրաստ չէր նաև բանակը: Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատրաստ չենք եղել որոշ դիրքերում, ընդհանուր առմամբ, պատրաստ են եղել: Իհարկե, շատերը կասեն` կարող էին ավելի լավ պատրաստ լինել, բայց դա իդեալիզմ է, որը բնորոշ է բոլորիս. ուզում ենք` ամեն ինչ անթերի լինի: Կյանքն առանց թերությունների չի լինում, բայց քանի որ բանակում թերությունները մարդկային կյանքեր են արժենում, կարծում եմ` բանակը պետք է լուրջ քայլերի դիմի, որ մինիմումի հասնեն մարդկային կորուստները:

Պետք է վերանայել վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ

Այս ամենից հետո հիմա առաջին հերթին պետք է վերանայել վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ` առհասարակ: Այսինքն` դժվարություններ ունեցող ընտանիքների հանդեպ պետք է շատ ուշադիր լինել, իսկ նրանց ընտանիքներին, ովքեր զոհվել են` զոհվել հերոսի մահով, պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնել, թեթևացնել այն հոգսը, որ տանում են այդ ընտանիքները: Մյուս կողմից` կարծում եմ, որ ծնողները, որոնք կորցրել են իրենց զավակներին, պետք է հպարտ լինեն, որ նման զավակներ են ունեցել, այդ աստիճան նվիրյալներ են դաստիարակել: Կառավարությունն ու իշխանությունն էլ պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեն այդ ընտանիքներին:

Մտավորականները նման պահերին չպետք է հետ քաշվեն

Ամեն մեկս մեր տեղում պետք է լինենք: Կարևոր մի հանգամանք էլ կա, երբ յուրաքանչյուրս մտածենք նաև մյուսի` դիմացինի մասին, շատ բան կփոխվի: Հասարակությունը պետք է ամեն ինչ անի, որ միգուցե մի քիչ մոռացված, բայց շատ հասարակ ու պարզ` հացը կիսելու գաղափարն ակտուալ լինի: Մենք ուղղակի պարտավոր ենք կիսել իրար հետ մեր ունեցածը: Մտավորականներն էլ անելիք ունեն, նրանք պետք է քարոզչությունը տանեն այն բարձր արժեքների, որոնք կան մեր մեջ: Նրանք չպետք է ոչ մի դեպքում հետ քաշվեն, այլ լինեն զինված ուժերի կողքին և հասարակության ակտիվ մասնիկը դառնան: Եթե դու ունես այդ առաքելությունը և քեզ տրված է մի քիչ ավելին, քան դու կարող ես անել, դա ավելի է քեզ պարտավորեցնում: Այդ խաչը /խաչը` լավ առումով/ պետք է կրես պարտադիր:

Թող զինվորները որոշեն` պե՞տք է հայտնի մարդիկ խրամատում իրենց կողքին լինեն, թե՞` ոչ

Այս օրերին բոլորն էլ, ովքեր գնում էին սահման, լուսանկարվում էին: Չեմ կարծում, որ լուսանկարվելն ամենամեծ խնդիրն է, կարևորը` լինեն զինվորների կողքին: Թող զինվորները որոշեն` պե՞տք է հայտնի մարդիկ խրամատում իրենց կողքին լինեն, թե՞` ոչ, այլ ոչ թե մենք, «Ֆեյսբուք»-ում նստած, որոշենք: Թող զինվորը որոշի` օգնե՞ց դա իրեն, թե՞, ընդհակառակը,  խանգարում էր: Բայց գիտեմ նաև, որ կային մարդիկ, ովքեր խրամատ չէին էլ հասնում: Ես, համենայն դեպս, այդպես չէի անի: Մյուս կողմից` ես դատելու իրավունք չունեմ, քանի որ ես մնացի Երևանում, ուրիշ գործ էի անում, իսկ նրանք գնացին: Բայց եթե մարդիկ գնացել են և ուղղակի Ստեփանակերտում ժամանակ անցկացրել, դա ուրիշ հարց է, ինձ համար` անընդունելի, ինչպես նաև` ձևականություն:

Հիացած եմ դրսևորումներից, որոնք այդ օրերին ի հայտ եկան

Ես հիացած եմ դրսևորումներից, որոնք այդ օրերին ի հայտ եկան. միասնականությունն ալիքի պես տարածվել էր այդ օրերին: Ես միշտ կռիվ էի անում նրանց հետ, ովքեր այս քսան տարվա մեջ ասում էին` էլ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 1992-ին: Անուշադրությունից կամ իշխանության կողմից անտեսվելուց վիրավորված մարդիկ, երբ կրկին, որպես կամավոր, մեկնում էին սահման, նշանակում է` հայրենասիրությունը մեր գենի մեջ է նստած: Երբ ռեալ տեսնում ես թշնամուն` շեմիդ կանգնած, ամեն ինչ մոռանում ես և պատրաստ ես քեզ զոհել, միայն թե թշնամին չհատի քո դուռը: Տարօրինակ չէր նաև այն, որ դասալքության ոչ մի դեպք չգրանցվեց այդ օրերին: Այլ հարց է, որ քարոզչության մեջ բացեր ունենք, որոնք եթե լրացված լինեին, ոչ մեկի մոտ էլ զարմանք չէր առաջացնի մեր տղաների սխրանքները: Ես հպարտ ու երջանիկ եմ, որ մեր ազգի մի մասնիկն եմ:

Այլընտրանք չունենք, պետք է վերանայենք մեր ապրելակերպն ու մոտեցումները

Կարևոր է եղածից դասեր քաղել և հասկանալ, որ մենք միշտ, ինչքան գոյություն ունեն այդ պետությունները, թշնամի ենք իրար և պետք է երբեք չթուլանանք: Իհարկե, տարբեր ատյաններում անհրաժեշտ է երկխոսել նրանց հետ, բայց նաև գիտակցել` նրանք մեր թշնամիներն են, զգոն լինել է պետք: Հակահայկական այն հիստերիան, որն արվում է Ադրբեջանում, չպետք է մեզ մոտ էլ լինի, բայց պետք է հասկանանք, որ ինչ էլ լինի, նրանք ցանկացած պահի կվերցնեն թե՛ կացինը և թե՛ զենքը, պետք է շատ ուշադիր լինել: Մենք այլընտրանք չունենք և պետք է վերանայենք մեր ապրելակերպն ու մոտեցումները. իշխանությունը պետք է հասկանա, որ շատ ուշադիր է պետք գտնվել ազգի նկատմամբ, իսկ ազգը պետք է ուշադիր լինի պետության նկատմամբ: Ընդհանուր գաղափարներ առաջ քաշելու կարիք կա, որոնց շուրջ էլ կմիախմբվենք: Ցեղասպանության հռչակագիրն ինչպես ընդունվեց, այ, այդպես էլ մեզ նոր հռչակագիր է պետք` մեր ապագա անելիքների հետ կապված:

Կլինեն և՛ տոներ, և՛ հարսանիքներ, ամեն ինչ իր տեղը կընկնի, բայց…

Կյանքն, իհարկե, շարունակվում է, բայց ինչ-ինչ փոփոխություններ պետք է լինեն մեր կյանքում: Երբ մենք անցնենք փողոցով և տեսնենք մարդկանց, որոնց զավակները զոհվել են մեր խաղաղությունն ապահովելու համար, և անտեսենք նրանց, դա մեզ ներսից կքանդի: Կլինեն և՛ տոներ, և՛ հարսանիքներ, ամեն ինչ իր տեղը կընկնի, բայց մենք պետք է հասկանանք, որ մշտապես գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և, եթե մեր զգոնությունը երբեք չթուլացնենք, շատ բաներ իրենց տեղը կընկնեն: Զինծառայողներին գնահատել, մեծարել է պետք, իսկ զոհերին` շնորհակալ լինել` բառի բուն իմաստով, ոչ թե զուտ բառերով շնորհակալություն հայտնել, այլ` աշխատանքով, երկիր կառուցելով:

 

Կարինե Հարությունյան

Ձուն թանկացել է
18 Դեկտեմբերի 2018, 12:09 Ձուն թանկացել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica