close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի վերջին նախազգուշացումը` Մոսկվային

Թեմա

5 Մայիսի 2016, 18:40
 Երևանի վերջին նախազգուշացումը` Մոսկվային

Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, ըստ որի՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորվելու է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում` նաև արտաքին գործոնները։ 

Կառավարության այս որոշումը չի նշանակում, որ Հայաստանը ճանաչում է ԼՂՀ-ն և սկսում է նրա հետ դինավագիտական հարաբերությունների ձևավորման գործընթացը։ Այն ընդամենը նշանակում է, որ կառավարությունը միանգամայն հնարավոր է դա համարում՝ կախված առաջիկա զարգացումներից։ Երկու օր առաջ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, անդրադառնալով այս խնդրին, հայտարարել էր, որ եթե Հայաստանը որոշի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ապա դրա մասին առաջինը կհայտարարի ՀՀ նախագահը։ Սա նշանակում է, որ օրինագիծն առժամանակ «կանգ կառնի» խորհրդարանում՝ չդրվելով քննարկման, ցանկացած պահի հերթական կամ արտահերթ ռեժիմով օրակարգ բերելու նպատակով։ Բայց կառավարության այս քայլն էականորեն առաջ է մղում հնարավոր ճանաչման գործընթացը` փաստացի ստեղծելով մի վիճակ, երբ ընդամենը մեկ քայլ է մնալու հետագայում վերջնական որոշումը կայացնելու համար։ Սա չափազանց կարևոր է` ինչպես սահմանագծին ստեղծված պայթյունավտանգ, փաստացի նախապատերազմական իրավիճակի, այնպես էլ, դրանով պայմանավորված, Արցախին արագ ռազմաքաղաքական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի լեգիտիմ և հնարավորինս արագ միջամտության իրավական հիմքեր ապահովելու առումով։

Կառավարության այս որոշումը հոգեբանական-քաղաքական նշանակություն ունի՝ թե' Ադրբեջանին, թե' միջազգային հանրությանն ու հատկապես` միջնորդներին ցույց տալու, որ իրադարձությունների ներկայիս ընթացքը ստիպում է Հայաստանին սկսել ԼՂ-ի ճանաչման գործընթաց։ Իրավիճակը շատ պարզ է` ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն առաջնագծից չի հեռացնում ծանր զինտեխնիկան և զորքերը, հավելյալ ուժեր է կենտրոնացնում սահմանագծի ողջ երկայնքով, շփման գծի հարակից տարածքում ցուցադրաբար հրետանահրթիռային ուժերի զորավարժություններ է իրականացնում։ Ադրբեջանը բացահայտ սպառնում է լայնամասշտաբ պատերազմով և այդ սպառնալիքը կիրառում է որպես Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նկատմամբ շանտաժի միջոց։ Իր հերթին, միջազգային հանրությունը կատարելապես աչք է փակում այս ամենի վրա, միջնորդներից ոչ մեկը, չնայած հայկական կողմի բարձրացրած ահազանգերին, չի շտապում դատապարտել Բաքվի այս սադրիչ քաղաքականությունը։ Օրակարգ բերելով ԼՂՀ-ն ճանաչելու իրատեսականությունը՝ Երևանը փորձում է հակակշռել ադրբեջանական այդ քաղաքականությանը և իր հերթին, ըստ էության, ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, քանի որ հետևանքների իմաստով որևէ տարբերություն չկա զորքերը սահմանին կուտակելու միջոցով պատերազմ սկսելու սպառնալիք ստեղծելու և ԼՂՀ-ն ճանաչելու միջոցով բանակցային գործընթացը տապալելու միջև։ Ուղերձը շատ պարզ է` կարգի հրավիրեք Բաքվին, կանխեք պատերազմի վերսկսումը, որից հետո ինքնըստինքյան կվերանա նաև ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտությունը։

Ուղերձի հասցեատերն առաջին հերթին Ռուսաստանն է, որը ապրիլի 5-ից հետո ստանձնել է ինչպես հրադադարի պահպանման անուղղակի երաշխավորի, այնպես էլ կարգավորման բանակցությունների հիմնական միջնորդի դերը։ Կառավարության այս որոշումը հաջորդեց նախօրեին РИА Новости գործակալության հետ հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած այն հայտարարությանը, թե տագնապի և խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ ապրիլյան թեժացումից հետո Հայաստանի արտգործնախարարի հետ Երևանում և Մոսկվայում կայացած հանդիպումների ժամանակ հայկական կողմը հստակորեն հաստատել է խաղաղ կարգավորմանը Երևանի նվիրվածությունը։ Դա, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, նշանակում է, որ «Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում, այլ ոչ թե միակողմանիորեն»։

Կառավարությունը, հավանություն տալով օրինագծին, Լավրովին նրբանկատորեն բացատրում է երկու բան։ Նախ՝ որ ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հարցն իր համար առաջնային է, և բանակցությունների օրակարգից այն որևէ ձևով հանելու հետ հայկական կողմը չի համակերպվելու։ Երկրորդ՝ որ եթե Մոսկվային ադրբեջանական զինուժի պատերազմական շանտաժը չի անհանգստացնում ընդհանրապես, ապա չպետք է ակնկալի, որ Երևանը, այդ շանտաժին ենթարկվելով, ադրբեջանական հրետանու և տանկերի փողերի տակ պետք է շարունակի ԼՂ-ի կարգավիճակի հարցը քննարկել «ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում»։ Հետևաբար, եթե Մոսկվան իսկապես շահագրգռված է խնդրի խաղաղ լուծման, պատերազմ թույլ չտալու հարցում, ապա ոչ թե ԼՂՀ-ի անկախության միակողմանի ճանաչման հեռանկարը չեզոքացնելու ուղղությամբ պետք է աշխատի ու դրանից տագնապի, այլ Ադրբեջանի պատերազմական շանտաժի՝ համոզելով Բաքվին՝ զորքերը ետ քաշել սահմանագծից, համաձայնել շփման գծում հրադադարի հաստատմանն ու ամրապնդմանը և դրանից հետո միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Պատկերացնել միայն կարելի է, թե ինչպիսի դժվար կացության մեջ է սա դնում Մոսկվային։

Գևորգ Դարբինյան  

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica