close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն

Թեմա

4 Մայիսի 2016, 17:17
 Երբ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն

Ադրբեջանում նախօրեին հիստերիա էր բարձրացել ԼՂՀ-ն ճանաչելու մասին ՀՀ ԱԺ երկու պատգամավորների օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացությանը հավանություն տալու հարցը գործադիրի առաջիկա նիստի օրակարգում ներառելու որոշման շուրջ։ Բաքվում դա համարել էին Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման պաշտոնական գործընթաց սկսելու նախաձեռնություն։ Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե ԼՂՀ-ի ճանաչումը սադրանք է Հայաստանի կողմից, որն ուղղված է բանակցային գործընթացի անտեսմանը, և ԵԱՀՄ ՄԽ համանախագահող երկրները պետք է դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնեն։ ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն էլ, ավելի առաջ գնալով, հայտարարեց, թե ԼՂՀ-ի ճանաչումը Մինսկի խմբին կզրկի մանդատից, ինչը «կարգավորման մինսկյան գործընթացի, համանախագահողների և միջազգային հանրության նկատմամբ վիրավորանքի և ամենաթողության վառ դրսևորում է»։

Ավելի ուշ պաշտոնական Երևանն ստիպված եղավ արձագանքել այս հայտարարություններին։ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը panorama.am-ին  պարզաբանեց, որ խոսքն ընդամենը վերաբերում է այդ օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը: «Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»- ասաց նա։ News.am-ին որոշ պարզաբանումներ էր տվել նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։ Ադրբեջանական պաշտոնական շրջանակների վերոնշյալ հայտարարությունները որակելով «զառանցանքների շքերթ»` նա ասել էր, որ եթե Հայաստանն սկսի ԼՂՀ-ի ճանաչման գործընթաց, ապա այդ մասին առաջինը կհայտարարի ՀՀ նախագահը։

Այս հայտարարությունները հաստատում են, որ Երևանն այս պահին ԼՂՀ-ն ճանաչելու նպատակ չունի։ Սակայն երկու պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը օրակարգ բերելով՝ ՀՀ իշխանությունները զգալիորեն սրեցին հարցը, ինչն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ուներ և հավանաբար պայմանավորված էր վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կուտակումներով։ Դրանով Երևանը հասկացրեց, որ եթե այդ կուտակումների նպատակը նոր ռազմական հարձակում իրականացնելն է, ապա դրա առաջին իսկ քաղաքական պատասխանը լինելու է ԼՂՀ-ի ճանաչումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ այս ուղերձը Բաքվում կարծես հասկացան։ Որովհետև դրանից անմիջապես հետո հայտարարվեց, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ ադրբեջանական զինուժն սկսում է հրետանահրթիռային ուժերի զորավարժություններ՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե կուտակումների իրական նպատակը ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելն է, այլ հենց զորավարժությունների անցկացումը։

Իրականում հայկական կողմը ԼՂՀ-ի ճանաչման հեռանկարն օրակարգ է բերել դեռ ապրիլի 3-ին, երբ պատերազմի ամենաթեժ պահին նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին պարզ ասաց, որ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական գործողությունները, և լայնամասշտաբ պատերազմ սկսվի, Հայաստանը ոչ միայն ճանաչելու է ԼՂՀ-ի անկախությունը, այլև նրա հետ կնքելու է ռազմական փոխօգնության պայմանագիր և ստանձնելու ԼՂՀ-ի և արցախցիների անվտանգության երաշխավորման պարտավորությունը։ Ավելին` այն ժամանակ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ին հրահանգեց նախապատրաստել այդ պայմանագրի տեքստը՝ անհրաժեշտության դեպքում այն ստորագրելու համար։ Այսինքն` հարցը գտնվում է օրակարգում, և պատմական, իսկապես շրջադարձային այդ որոշումը ցանկացած պահի կարող է ընդունվել։ Հարցն այն է՝ ե՞րբ դա տեղի կունենա։

Իրականում այս պահին ԼՂՀ-ի անկախության ճանաչման քայլը կատարելու օբյեկտիվ քաղաքական նախադրյալներ չկան։ Խնդիրն այն է, որ վարվող քաղաքականության համատեքստում ճանաչումն իրականում ամենավերջին, հուսահատ քայլն է, որը կանխորոշում է բանակցություններում հայկական կողմի դիրքային պարտությունը։ Այն խիստ տրամաբանական կլիներ, եթե Երևանը հայտարարեր, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից։ Թեև Երևանն իսկապես հայտարարել է, որ այս պահին բանակցություններին պատրաստ չէ, սակայն դա հետապնդում է բանակցությունների համար հանգիստ պայմաններ ապահովելու, Ադրբեջանին ապրիլյան պատերազմի սանձազերծման մեղավոր ճանաչելու, նրան զսպաշապիկ հագցնելու առումով միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու միջոց և զուտ նախապայմանային նշանակություն ունի։

ԼՂՀ-ի ճանաչումը, պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից, նպատակահարմար է երեք դեպքում։ Առաջին՝ եթե միջազգային հանրությունը Ադրբեջանին ագրեսոր ճանաչեր ապրիլյան հարձակման համար, սակայն Բաքուն հրաժարվեր վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս դեպքում, միանշանակ, Երևանը պետք է գործարկեր ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման լեգիտիմ գործընթաց՝ առաջինն ինքն անելով այդ քայլը։

Երկրորդ՝ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ Գլխավոր ասամբլեայում 1994 և 1995թթ.` հրադադարի հաստատման պայմանագրերը չեղարկելուն ուղղված` Ադրբեջանի նախաձեռնությունն ինչ-որ ընթացք ստանար: Հրադադարի ռեժիմից դուրս գալը բանակցություններից հրաժարվել է նշանակում, ինչը, հետևանքի տեսանկյունից, գրեթե նույնն է, եթե այս պահին Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը։

Եվ երրորդ՝ եթե Ադրբեջանը ռազմական նոր ագրեսիա սկսի։ ԼՂՀ-ն ճանաչելու ամենաճիշտ պահը, թերևս, ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը բացարձակապես նոր իրավիճակ էր ստեղծել ԼՂ հարցում, և որի պատասխանատվությունը միջազգային հանրությունը, թեկուզ բարձրաձայն չխոստովանելով, դնում էր Բաքվի վրա։ Բայց այդ պահը կորսվեց այն պահին, երբ Մոսկվայում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության։ Դրանից հետո նման քայլի գնալը դիտարկվելու է որպես հայկական կողմի փակուղայնության և անելանելիության նշան, բանակցային գործընթացը «ջրելու» միջոց, ինչը դժվար դրության մեջ կդնի հայկական կողմին։ Մինչդեռ ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում այդ քայլին գնալն ընկալվելու է որպես ԼՂՀ-ի անվտանգության ապահովման անայլընտրանք քաղաքական միջոց, որից վերստին այս կամ այն պատճառով հրաժարվելն արդեն ընկալվելու է որպես անվճռականության, անհետևողականության դրսևորում։

Հարցն այն է՝ ի՞նչ է անում Երևանը` հասունացնելու համար այդ հեռանկարը։ Առայժմ ԼՂՀ-ի ճանաչման հնարավորությունը կիրառվում է ընդամենը որպես Ադրբեջանին զսպելու գործիք։

Գևորգ Դարբինյան         

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica