close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+16°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.35
GBP1629.32
EUR1556.13
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհում միայն ատամ ցույց տալն է գնահատվում. Լևոն Չաուշյանը` ԼՂ դեպքերի մասին

Հարցազրույց

29 Ապրիլի 2016, 17:20
 Աշխարհում միայն ատամ ցույց տալն է գնահատվում. Լևոն Չաուշյանը` ԼՂ դեպքերի մասին

Yerkir.am-ի զրուցակիցը կոմպոզիտոր Լևոն Չաուշյանն է:

 

Սահմանին կանգնած տղաներից յուրաքանչյուրը ոսկու, ադամանդի քաշ ունի

Քառօրյա պատերազմն ուներ և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն էր, որ տեղի ունեցավ շատ անսպասելի միավորում` չնայած նրան, որ վերջին շրջանում բավական պառակտված իրավիճակ էր: Այս օրերին ազգը նորից մի բռունցք դարձավ, և նման պահերին ուղղակի հպարտ ես զգում, որ հայ ես: Նման պատկեր էր նաև 1988-ին, բայց սա ավելի հզոր էր: Երկրորդ հրաշքն ինձ համար մեր երիտասարդներն են. զոհվածների նկարներին նայելիս կամ նրանց, որոնք շարունակում են ծառայությունը, հասկանում ես, որ կարծես ընտրված տղաներ լինեն, մաքուր հայացքներ ունեն, նվիրյալներ են, որոնք չվախեցան, չընկճվեցին: Կային նաև բացասական պահեր, որոնք հատկապես զգացվեցին վերջերս` նախագահը սկսեց փոխել բարձրաստիճան ղեկավարների, ինչը փաստում է այն մասին, որ այդ մարդիկ իրենց տեղում չէին: Պատերազմը հետաքրքիր բան է` ցույց է տալիս` ով է իր տեղում, ով` ոչ: Ես գիտեմ, որ շատ մարդիկ սխրանքներ են գործել, որոնց անունն էլ չտվեցին, օրինակ` մի գեներալ կա, որի շնորհիվ Մարտունիի շրջանում հարձակումը կանխվեց, բայց որի անունն այդպես էլ ոչ ոք չտվեց: Մյուս կողմից` ցավալի էին մեր կորուստները, և համոզված եմ, որ եթե զինանոցն ավելի արդիական լիներ, կորուստները քիչ կլինեին, մանավանդ, որ մեր տղաներից յուրաքանչյուրը ոսկու, ադամանդի քաշ ունի: Մեր յուրաքանչյուր կորուստը մեզ համար ցավ է, իսկ այն կողմից պայքարում էին վարձկաններ, Թուրքիայում ուսում ստացած մարդասպաններ, և նրանց կորուստը աշխարհին միայն օգուտ է:

Հայաստանին այս սերունդը պետք է փրկի, դրանում կասկած չունեմ

Այս ընթացքում Ստեփանակերտ էին գնում նաև մարդիկ, ովքեր ավելի լավ կլիներ, որ ոչինչ չանեին: Նրանց մեջ շոուբիզնեսի աստղերն էլ կային, իմ կարծիքով` դա նրանց տեղը չէր, ինչպես նաև մարդիկ, ովքեր անցյալ պատերազմում հերոսականության անվան տակ գնացին իբր թե սահման, բայց գործնականում ոչ մի բան էլ չարեցին. նրանք միայն խանգարում են մեր երիտասարդներին: Ես համոզվել եմ, որ Հայաստանին այս սերունդը պետք է փրկի, դրանում կասկած չունեմ: Ճիշտ է, իսկական նվիրյալների թիվը շատ չէ, բայց նրանց որակը շատ բարձր է: Պատերազմը ցույց տվեց նաև, որ պատերազմին մասնակցում էին միայն աղքատ ընտանիքի երեխաները, մենք այդպես էլ մի օրինակ չտեսանք, որ ապահով ընտանիքից մեկը լիներ աչքի ընկած տղաների մեջ: Մյուս կողմից` ասում են, որ Արցախի զինվորականների երեխաները կռվում են. Արցախում, այո, հնարավոր է: Կուզեի հիշեցնել միայն, որ Ստալինի 2 տղաներն էլ մասնակցում էին պատերազմին, գուցե դա որոշիչ չէ, բայց ժողովուրդն ամեն ինչ տեսնում է:

Առաջինը սահման գնացին նրանք, ովքեր ասում էին, թե էլ չեն գնալու

Առաջինը գնացին նրանք, ովքեր, սոցիալական, քաղաքական իրավիճակից ելնելով, ասում էին, որ եթե նորից կռիվ լինի, չեն գնալու: Բայց չէ, նրանք առաջինը գնացին ու ամբողջ ծանրությունն իրենց վրա վերցրին, ինչը նաև տրամաբանական է, քանի որ, ճիշտ է, նրանք աղքատ են, բայց կեղտոտ չեն: Մեզ մոտ հարստանալ, ցավոք, նշանակում է կեղտոտվել: Իհարկե, հարստանալ կարելի է և ճիշտ ճանապարհով, հարստությունը մի տարում չի գալիս, խելքի, տաղանդի կուտակումն է, որ տարիներ անց միայն ինչ-որ բանի է քեզ հասցնում, բայց մեզ մոտ չկան նման դեպքեր, մեզ մոտ միանգամից են հարստանում:

Ոչ մի կոպեկ չխնայելով` զինանոցը պետք է վերազինենք

Այս ամենից հետո մնում է, որ դասեր քաղենք: Առաջին հերթին զինանոցը պետք է վերազինենք և դրա համար չպետք է խնայենք ոչ մի կոպեկ: Ես տեսնում եմ, որ հիմա զուգահեռ էլի ինչ-որ շռայլություններ ենք թույլ տալիս մեզ, որը կապ չունի բանակի հետ: Օրինակ` Դիլիջանում կառուցվել է մի հրաշք հանգստյան տուն: Իհարկե, կարելի է կառուցել, բայց ոչ այդ շռայլությամբ: Բացի այդ` նոր նախարարության շենքեր են կառուցում: Եղբա'յր, հնում էլ կարելի է աշխատել, չէ՞, կարևորը աշխատանքի որակը և մարդիկ են, ոչ թե կահույքն ու շենքի տեսքը: Կարծում եմ` մեծահարուստներն անպայման պետք է մասնակից լինեն բանակը վերազինելու գործընթացին, քանի որ մեր զինված ուժերը պետք է շատ արագ ձևով վերակառուցել: Եվ հետո` սպայական կազմում էլ պետք է ճիշտ մարդիկ լինեն, թե չէ` մի քիչ տարօրինակ է, որ նայում ես գեներալին և տեսնում` հղիության 9-րդ ամսի որովայնով:

Հույսը դնել նրա վրա, որ աշխարհը պետք է գնահատի քեզ, սխալ է

Արվեստագետները բարձր կապեր ունեն ամբողջ աշխարհում, և նրանք պարտավոր են տեղեկացնել այս ամենի մասին աշխարհին` հանդիպումներ պետք է կազմակերպեն, համերգներ տան: Գիտեք`  աշխարհը չի փոխվում, և հույսը դնել նրա վրա, որ աշխարհը պետք է գնահատի քեզ, սխալ է, բայց տեղեկացնելն անհրաժեշտ է: Արվեստագետները պարտավոր են իրենց արվեստով էլ իրենց ասելիքն ասել: Օրինակ` կարծում եմ, որ մենք` կոմպոզիտորներս, մինչև հիմա շատ մեծ պարտքի մեջ ենք մեր զինված ուժերի նկատմամբ. 25 տարի է անցել` մի հատ իսկական մարշ չի ստեղծվել: Երևի մի քիչ ավելի խաղաղ պայմաններում պետք է արդեն հստակ քայլեր անենք և կապ ստեղծենք արվեստագետների և զինված ուժերի մեջ, կազմակերպվեն այցեր զորամասեր:

Առաջին հերթին զոհված զինվորների ընտանիքների բնակարանի խնդիրը պետք է լուծեն

Հիմա խաղաղություն չունենք մենք, պատերազմի մեջ ենք, սա ուղղակի դադար է: Կարծում եմ, որ մարդիկ, որոնք զոհողություններ են արել ու սահմանին կանգնել, պետք է գնահատվեն ըստ արժանվույն: Տղային` Քյարամ Սլոյանին, որին հակառակորդը գլխատել էր, բոլորս էլ տեսանք` ընտանիքն ինչ խայտառակ պայմաններում էր ապրում: Նախ պետք է զոհված զինվորների ընտանիքի բնակարանի խնդիրը լուծեն, չնայած գիտեմ, որ ոչ մի հատուցում չի կարող փոխարինել մարդկային կորուստը, բայց գոնե պետք է այդ ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահել: Ղարաբաղյան նախորդ պատերազմի տարիներին էլ շատերը գնացին ու չվերադարձան, և կանայք մնացին երեխաների հետ աղքատության մեջ, իսկ մարդիկ, որոնք նույնիսկ չէին էլ մասնակցել պատերազմին, հերոսական կոչումների արժանացան և մինչև հիմա վայելում են դրանք: Դա բնորոշ է բոլոր պատերազմներին, բայց մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի արժանին գնահատվի:

Պետք է գնանք մինչև վերջ, ուրիշ ճանապարհ չկա

Այս պատերազմի օրերին էլ մենք տեսանք, որ մեր հույսը մենք ենք: Ավելին` եթե 1915-ին հայերը հույսները միայն իրենց վրա դնեին, հնարավոր է` նման ջարդ չլիներ: Մենք հույսներս կապում ենք ռուսի, ֆրանսիացու կամ ամերիկացու հետ, բայց նրանց շահերն ավելի բարձր են, քան ուղղակի մեզ օգնելը, ճշմարիտի կողքին լինելը: Տեսանք, որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, այո, հասկանալի է, որ եթե իրենք չծախեն, ուրիշներից կգնեն, բայց այդ ամենը բարոյական մի տեսակ անդունդ է թողնում: Հասկանում եմ, որ այսօր մեր վիճակը բավականին բարդ է: Սերժ Սարգսյանը բավականին կոշտ հայտարարություններ արեց, ինչը շատ ճիշտ է, չի կարելի հանդուրժել այս վիճակը, մենք պետք է գնանք մինչև վերջ, իսկ մինչև վերջ գնալ` նշանակում է հաղթել թշնամուն, որովհետև ուրիշ ճանապարհ չկա: Ամեն օր զոհեր ենք ունենում և գիտենք, որ աշխարհը չի կանգնի մեր մեջքին` շատ պարզ է բոլորի համար, իսկ թշնամին ունի իր թիկունքին կանգնած պետություն, որը, ցավոք, էլի մեր թշնամին է: Մեր վիճակը բավականին բարդ է, բայց աշխարհում միայն ատամ ցույց տալն է գնահատվում, լաց լինելը չի գնահատվում, դա արդեն 100 տարի է` մեր փորձից գիտենք:

Այդ ո՞ր հաղթողն է իր տարածքը հանձնում

Մադրիդյան սկզբունքների երեք կետերը` տարածքների վերադարձ, Ղարաբաղի կարգավիճակ /անորոշ/ և խաղաղապահ զորքերի տեղակայում, ինձ համար անընդունելի են: Տարածքների հանձնումը ո՞րն է: Ընդհանրապես, պատմության մեջ նման բան չկա, այդ ո՞ր հաղթողն է իր տարածքը հանձնում: Մադրիդյան սկզբունքներում այնքան անհասկանալի է Ղարաբաղի կարգավիճակը  նշվում, որ մի բան է պարզ դառնում` դիվանագիտական խաղ է ընդամենը, բայց արդեն վաղուց ժամանակն է, որ հասկանանք և չխաբվենք: Մյուս կողմից է`լ պետք է հաշվի առնենք, որ Ալիևի կլանը չի գնա փոխզիջման, այսինքն` մինչև Ադրբեջանում ղեկավարությունը չփոխվի, ոչինչ չի փոխվի, քանի որ Ալիևը գիտի` եթե մի քայլ հետ գնա, իրեն իր երկրում կուտեն: Այդ ընտանիքը թալանել է երկիրը, բոլորը գիտեն օֆշորային պատմությունները, և ալիևյան կլանի միակ փրկությունը պատերազմն է: Ադրբեջանն այն պետությունն է, որը տականքին, ով քնած մարդու է սպանում, հերոսացնում է: Չեմ կարծում, որ որևէ ազգ նման տականքին հերոս կդարձներ: Այո, իրավիճակը հիմա բավականին բարդ է, և մեր հույսը մեր տղաներն են: Սակայն ես լավատես եմ, քանի որ այն չորս օրվա մեջ լույս կար` «հետո»-ի հանդեպ հույս տվող լույս: Ուղղակի ամենավատն այս անորոշ վիճակն է, որ չգիտես` վաղը ինչ կլինի, բայց վստահ եմ, որ այս կռվում մենք ենք հաղթող լինելու, և ես դա ասում եմ` 4-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաների արածը տեսնելով:

 

Կարինե Հարությունյան

 

Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica