close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչն է անիծում կրթության եւ ինտելիգենցիայի հերը

Թեմա

28 Ապրիլի 2016, 20:24
 Ի՞նչն է անիծում կրթության եւ ինտելիգենցիայի հերը

Կառավարությունը պատրաստում է օրենքի նախագիծ, որով 18 տարին լրացած ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները/բացառությամբ որոշ մասնագիտություններ սովորողների/ պարտավոր են անցնել զինվորական պարտադիր ծառայության, անկախ նրանից՝ սովորո՞ւմ են բուհում, թե՞, ենթադրենք, ջութակահար են որոշել դառնալ: Այսինքն կառավարության նոր օրինագծով, որն, ի դեպ, դեռ պատրաստ էլ չէ, առաջարկվում է հանել զորակոչային տարիքում գտնվող ՀՀ արական սեռի քաղաքացիների տարկետման իրավունքը, եւ եթե անգամ այդ տարիքի քաղաքացին բուհ է ընդունվել` անկախ նրանից` վճարովի թե անվճար համակարգ, պարտավոր կլինի ուսումը կիսատ թողնել, գնալ բանակ, գալ, նոր շարունակել, եթե, իհարկե, ցանկանում է: Ցանկանալն այստեղ ամենակարեւորն է: Բանն այն է, որ մարդիկ գիտնական, ջութակահար, պարող, նկարիչ, ֆուտբոլիստ, պարզապես «բարձրագույն ավարտ» կամ որեւէ մասնագետ դառնում են միայն այն պարագայում, երբ ցանկանում են: Այսինքն, եթե մեկը հինգերորդ դասարանից որոշել է ֆիզիկոս դառնալ, օրինակ, եւ  շատ նպատակասլաց տղա է, նաեւ խելացի, ֆիզիկայից էլ միշտ գերազանց է ստանում, ապա նա հաստատ ֆիզիկոս կդառնա, եթե անգամ, մինչեւ դառնալը երկու տարով գնա բանակ:

Այսինքն, առնվազն անհասկանալի է այս՝ դեռեւս ոչ պատրաստ օրինագծի ընդդիմադիրների հիմնավորումները, ըստ որոնց, եթե ՀՀ 18 տարին լրացած արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ տանեն, ապա դրանով հիմնավորապես կխարխլեն, կփլուզեն մեր կրթությունը, կամ ինչպես նրանցից ոմանք են ասում՝ ինտելիգենցիան: Տպավորություն է առաջանում, որ կանայք չեն կրթվում Հայաստանում, կամ ինտելիգենցիայի հետ կապ չունեն, բայց սա` իմիջիայլոց:

Դառնանք տղաներին: Գիտե՞ք, ես անձամբ ճանաչում եմ հինգ մարդու /անշուշտ այդպիսի մարդիկ ավելի շատ են/, ովքեր ոչ մի բուհ չեն ավարտել, բայց ինտելիգենտ են, այսինքն` ինտելիգենտ լինելը բուհ ավարտելու հետ կապ չունի: Ավելին, եթե ամեն օր, մի քանի ժամով գնաս եւ կանգնես, ենթադրենք ԵՊՀ բանասիրության կամ իրավագիտության ֆակուլտետի դիմաց, բայց այնպես, որ մեծ դասամիջոց լինի, շատ քիչ ինտելիգենտ տղաների կհանդիպես, բայց տղաների, ավելի շատ տղաների, քան աղջիկների, կհանդիպես:

Հարց է առաջանում, մի՞թե մեր հասարակությունում բարձրագույն կրթության ավելի շատ տղաներն են ձգտում: Օրինակ Սովետական Հայաստանում, ըստ բաց աղբյուրների, ավելի վաղ տարիներին բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմել են եւ այն ավարտել են մոտավորապես նույն թվով աղջիկներ եւ տղաներ, իսկ ավելի ուշ սովետական տարիներին, բուհ դիմող եւ այն ավարտող աղջիկներն ավելի շատ են եղել տղաներից: Ուրեմն ի՞նչ է փոխվել: Նկատի ունեմ` անկախությունից հետո: Վարկածը, որ անկախ Հայաստանին բարձրագույն ավարտ տղերք են պետք, հասկանալի է, որ լուրջ չէ: Բոլորս էլ այս երկրում ենք ապրում եւ գիտենք, թե տղաների մեծ մասն ինչո՞ւ է բուհ ընդունվում` «ամեն գնով» փորձելով սովորել անվճար համակարգում, ընդ որում, ենթադրենք ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, այն պարագայում, երբ ինքը չգիտի, թե երկրաբանությունն ինչ է: Ուրեմն ինչո՞ւ: Պարզ է, որ դա նրան ազատում է բանակից, այսինքն շատ տղաներ բուհ են ընդունվում, ոչ թե որպեսզի բարձրագույն կրթություն ստանան /բարձրագույն կրթությունն ու դիպլոմը տարբեր բաներ են՝ ըստ շատ տղաների մամաների եւ պապաների/, ոչ թե որովհետեւ ուզում են ինտիլիգենտ դառնալ, այլ որպեսզի բանակ չգնան: Հետեւաբար, շատ տղաների, ավելի ճիշտ շատ տղաների ծնողների համար կրթությունը դարձել է կոռուպցիայի տեղ: Բանն այն է, որ երեխան պետք է անպայման ընդունվի բուհ եւ ամեն կերպ փորձի մնալ անվճար համակարգում` ուսման ընթացքում հավաքելով համապատասխան միավորներ, բայց երեխան բուհ ընդունվելու, մանավանդ այնտեղ սովորելու համար բավարար գիտելիքներ չունի եւ ամենակարեւորը չի էլ ուզում ունենալ, քանի որ ինքը հո գիտի՞, թե ինչի համար է բուհ ընդունվել, եւ որ սովորել իրեն պետք չէ. երկու բան է պետք՝ բանակ չգնալ եւ դիպլոմ: Կնշանակի տարկետման իրավունքը կոռուպցիոն ռիսկ է, բայց սա դեռ ամենասարսափելին չէ. այդ իրավունքը մեր գիտության եւ կրթության հերն անիծել է եւ շարունակելու է անիծել այնքան, քանի դեռ կա:

Պարզ է չէ՞, որ այս իրավունքի առկայությամբ ուսանող տղերքի որոշ մասին գիտություն-կրթությունը չի հետաքրքրում, եւ պարզ է չէ՞, որ նրանք բուհն ավարտելուց հետո անպայման պետք է ձգտեն ասպիրանտուրա էլ ընդունվել, որպեսզի արդեն վերջնականապես լուծեն բանակի հարցը, քանի որ գիտնականներին բանակ չեն տանում: Եւ վերջապես պարզ է չէ՞, որ այսպիսով մենք ունենում ենք նախ՝ միայն տղամարդ գիտնականներ, հետո էլ արդյոք գիտնականնե՞ր:

Կնշանակի տարկետման իրավունքի հանումը մի զարկով երկու նապաստակի որս է: Բանն այն է, որ այսպիսով տղաներն ու իրենց մամա-պապաները փող չեն հավաքի, որ տղուն «անվճար ընդունել տան ու ավարտացնեն», քանի որ միեւնույն է, տղան բանակ է գնալու, ինչն էլ լուծելու է բանակի՝ չբարձրաձայնվող համալրման խնդիրը: Բացի այդ, եւ երեւի ամենակարեւորը, գիտնական կդառնան նրանք, ովքեր ուզում են գիտնական դառնալ, ոչ թե նրանք, ովքեր չեն ուզում բանակ գնալ:

Իսկ գիտնական դառնալ կարելի է նաեւ բանակից հետո, ավելին, կարելի է նույն օրինագծում մի դրույթ մտցնել, որով այն արական սեռի քաղաքացիները, ովքեր վերադարձել են բանակից եւ ցանկանում են բուհ ընդունվել, ապա եւ ասպիրանտուրա, ընդունելության քննությունները հանձնում են ավելի մատչելի եղանակով: Սա կնշանակի, որ ոչ թե բուհն ազատում է բանակից, այլ բանակը բացում է բուհի դռները:

Նաեւ արվեստի: Ի դեպ, բանակում ես ընկերներ ունեի, ովքեր հենց զորամասում/երբեմն նաեւ դիրքերում/ ջութակ էին նվագում, որ չմոռանան եւ կամ նկարում էին, էլ չեմ խոսում երգիչների մասին, առանց որոնց լսելու, մեր դասակը չէր քնում:

Բայց մի բան էլ. բոլոր նրանց, ովքեր այս օրինագծի վրա աշխատողներին շարունակում են հայհոյել, իսկ այդպիսիք կան, առաջարկում եմ «ինտելիգենցիայի» շահերը ինտելիգենտ եղանակով պաշտպանել: Ի դեպ պաշտպանելը լավ բառ է, թեմայի հետ ուղիղ կապ ունեցող:

Հովիկ Աֆյան

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica