close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղջիկ տալու մասին

Հարթակ

26 Ապրիլի 2016, 20:28
 Աղջիկ տալու մասին

Երկու շատ կարեւոր հարց կա` առաջին` ի՞նչ են ասում ձեր մասին, երբ աղջիկ եք ունենում, երկրորդ` ի՞նչ եք երեք անգամ կրկնում եկեղեցում, երբ ամուսնանում եք: Օրինակ` երբ ես ամուսնացա, կրկնեցի՝ Տեր եմ, երեք անգամ: Իսկ երբ աղջիկ ունեցա, իմ մասին ասում էին՝ աղջիկ է ունեցել, ու ամեն անգամ, երբ ես աղջկաս ներկայացնում եմ որեւէ մեկին, ասում եմ՝ աղջիկս է: «Ս»-ն վերջին բառի վերջում շատ կարեւոր է, «ս»-ն պատկանելիություն է, ասենք՝ հայրենիքը ուրիշ բան է, հայրենիքս` այլ բան: Հայրենիքը կարող է լինել Նորվեգիան, հայրենիքս էլի կարող է լինել Նորվեգիան, եթե միայն այդ բառն ասում է նորվեգացին: Նույնը «Տեր եմ» բառերն են: «Տեր եմ»-ը հենց «ս»-ն է, այսինքն` երբ ես կնոջս ծանոթացնում եմ որեւէ մեկին, ասում եմ՝ կինս է: «Ս»-ն կարեւոր տառ է, շատ բան փոխող, բացահայտող:

«Տեր եմ»-ը, սակայն, չի նշանակում ստրուկի առկայություն: Օրինակ` երբ հայ դիրքապահ զինվորը, հենակետում կանգնած, նայում է հետ եւ ասում՝ հայրենիքս, չի նշանակում, որ հայրենիքը նրա ստրուկն է, բայց նշանակում է, որ նա հայրենիքի տերն է: Նույնը վերաբերում է կնոջն ու դստերը /նաեւ` որդուն, բայց դա ուրիշ պատմություն է/: Այսինքն` երբ քաղաքացի Պողոս Պետրոսյանը ասում է՝ կինս եւ աղջիկս, նշանակում է, որ նա իր կնոջ եւ դստեր տերն է, բայց չի նշանակում, որ նրանք նրա ստրուկներն են եւ հերթափոխով տաք ջուր են բերում, որ պապան ոտքերը լվանա:

Հիմա` երբ, օրինակ, մեկն ուզում է վերցնել քո հայրենիքը, երկու ճանապարհ ունի` կա'մ քեզ հայտնում է իր պահանջը, եւ դու բավարարում ես այն, կա'մ էլ քեզ հայտնում է /երբեմն չի հայտնում/ իր պահանջը, դու չես համաձայնում, եւ նա փորձում է խլել: Հասկանալի է, որ եթե տվել ես, ուրեմն այդ հայրենիքը քո հայրենիքն էլ չէր կամ էլ չէ, եւ խոսելու բան էլ չկա, իսկ եթե չես տալիս եւ պայքարում ես այն խլել ցանկացողների դեմ, նշանակում է` ապացուցում ես, որ դու քո հայրենիքի տերն ես: Այսինքն` հայրենիքդ ուզողները այն քեզնից են ստանում, դու ես տալիս, կամ դու ես պայքարում, որ հայրենիքդ մնա քոնը:

Նույնը աղջիկն է: Նրան ուզողները քո տուն են գալիս եւ հայտնում իրենց ցանկությունը: Դու կա'մ տալիս ես, ինչը բնական է, կա'մ չես տալիս, եթե անգամ աղջիկդ ցանկանում է հեռանալ: Եթե տալիս ես, ուրեմն գտնում ես, որ նա, ում տալիս ես, արժանի է, որպեսզի աղջկադ անվանի՝ կինս, եւ եկեղեցում կանգնի կողքին ու ասի՝ Տեր եմ /աղջկադ/: Եթե չես տալիս, ուրեմն կա'մ թքած ունես աղջկադ ցանկությունների վրա` առհասարակ, կա'մ գտնում ես, որ աղջիկդ սխալվում է, քանի որ նա, ով ուզում է, արժանի չէ… Թե ի՞նչ է լինում հետո, քրեագետների եւ ոստիկանների պարզելիքն է, ինչպես հիմա է մոդայիկ ասել՝ մասնագետների գործը, կարեւորն այս պարագայում այն է, որ աղջկադ ցանկացած ուզող, անգամ` նա, որին ամբողջ կյանքում ճանաչել ես, անգամ` նա, ով, վստահ ես, սիրում է աղջկադ, անգամ` Պուտինը, աղջկադ ձեռքը քեզնից է խնդրում, որովհետեւ դու ես քո աղջկա տերը: Դա չի նշանակում, որ աղջիկդ մարդ չէ եւ սեփական ցանկություններն ու իրավունքները չունի, չի կարող բացառապես սեփական ցանկությամբ հեռանալ տնիցդ, դա նշանակում է, որ աղջկադ ձեռքը քեզնից են խնդրում, եթե անգամ բոլորն ամեն հարցում համաձայնել են:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե բոլոր նրանց, ովքեր բանակում չեն ծառայել, պետք է աղջիկ չտալ: Ըստ որոշ` շատ լուրջ մարդկանց` Արծրունն իր այս հայտարարությամբ աղջիկներին վիրավորել է` հո, գյուղնախարարի ասած, կարտոֆիլ չե՞ն, որ տաս կամ չտաս: Ես ստույգ չգիտեմ, թե ի՞նչ է մտածել հարգելի Արծրունը` այս միտքը հենց այս կերպ ասելով, բայց ես վստահ եմ, որ եթե միայն բանակում ծառայածներին աղջիկ տանք, մոտ ապագայում իշխանության վերնախավում միայն չամուսնացածներ կլինեն:

Խնդիրը սա է, ոչ թե «տալ» բառի հանդեպ ֆեմինիստական մոտեցումները: Աղջիկնե'ր, ինչ-որ մեկին սիրելն արդեն իսկ նրանը դառնալն է:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica