close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը հրաժարվում է ԼՂ կարգավորման բանակցություններից. Բաքվի ընտրությունը

Թեմա

25 Ապրիլի 2016, 19:51
 Հայաստանը հրաժարվում է ԼՂ կարգավորման բանակցություններից. Բաքվի ընտրությունը

Երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, թե շարունակում են ուժի մեջ մնալ 1994թ. և 1995թ. ստորագրված` հրադադարի եռակողմ համաձայնագրերը, պարզ դարձավ, որ Մոսկվան կտրուկ փոխում է իր քաղաքականությունը ապրիլի 2-5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողություններից հետո ստեղծված իրադրության կապակցությամբ։ Երևանում Լավրովը հաստատեց այդ փոփոխությունը՝ հայտարարելով, որ այս փուլում Մոսկվան առաջնային է համարում 1994-95թթ. անժամկետ՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրերի ամբողջական և անկասելի իրականացումը, և որ դրան զուգահեռ կարևոր է համարում Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համաձայնեցված՝ փոխադարձ վստահության վերականգնման, միջադեպերի հետաքննության միջոցների իրականացումը։ Մինչդեռ ավելի վաղ Բաքվում Լավրովը հայտարարել էր, թե ԼՂ հիմնահարցի կարգավորումը գրեթե կատարված է, մնում է միայն ճիշտ ձևակերպումներ գտնել դրանց համար՝ առանց հրադադարի համաձայնագրերի պահպանման անհրաժեշտության մասին ակնարկ անելու։ Ռուսական դիվանագիտության այս շրջադարձը ԼՂ հիմնահարցի շուրջ բավական լարված, անորոշ իրավիճակ է ստեղծել։

Լավրովի այցից և վերոնշյալ հայտարարություններից հետո հայկական կողմն ավելի վճռականորեն սկսեց պնդել, որ հիմնահարցի կարգավորում կամ այդ ուղղությամբ բանակցություններ այս պահին գոյություն չունեն։ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի մասնակիցների հետ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից 1994թ. հրադադարի համաձայնագիրը կոպտորեն ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: …Ոտնահարվել են զինադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարհվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ, ու մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել»։ Ըստ էության` նախագահը բաց տեքստով հայտարարեց, որ որևէ բանակցություն այլևս չի կարող տեղի ունենալ, քանի դեռ միջազգային հանրությունն ապրիլյան պատերազմում Ադրբեջանին չի ճանաչել ագրեսոր։ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին տված ճեպազրույցում բառացիորեն հայտարարել է. «Ռուսաստանը խնդիր ունի Բաքվի հետ՝ խաղաղության հաստատման, դիպուկահարների հետքաշման հետ կապված։ Երբ կրակում են, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել»։

Այս հայտարարությունները նշանակում են, որ եթե մինչև Լավրովի Հայաստան կատարած այցը բանակցությունները տորպեդահարում էր Բաքուն՝ ըստ էության՝ թե' Հայաստանի և թե' եԱՀԿ ՄԽ համանախագահներին ենթարկելով պատերազմի շանտաժի, ապա դրանից հետո արդեն հայկական կողմը չի ցանկանում այլև նախկին թեմատիկայով բանակցել՝ պահանջելով առնվազն կատարել հրադադարի ռեժիմը վերականգնելուն ուղղված միջոցառումներ։ Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից՝ կտրուկ կոշտացնելով դիրքերը և հրաժարվելով անգամ 2011թ. Կազանում նախատեսված լուծումից, որի էությունը, ինչպես ամերիկյան «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում հաստատել է նախագահ Սարգսյանը, փաստացի եղել է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը։ 

Հիմա արդեն կարելի է ասել, որ Երևանը ապրիլյան պատերամիմց հետո, գոնե հրապարակային մակարդակով, ընդունում է ԼՂ հարցում նոր ռազմավարական կուրս, ըստ որի՝ տարածքների հանձնման հարցը քննարկման առարկա կարող է  դառնալ միայն ԼՂ-ի անկախության ճանաչման պարագայում, դա էլ այն դեպքում, եթե մինչ այդ շփման գոտում բավարարվեն կրակի դադարեցման և ռազմական գործողությունների դիմելու սպառնալիքի չեզոքացման` իր պայմանները։

Ողջ հարցն այն է՝ դիրքորոշման այս կոշտացմանը, որը, ի դեպ, անուղղակի կերպով նշանակում է, որ հայկական կողմը պատրաստ է պատերազմի, Երևանը գնում է ի հեճուկս Մոսկվայի՞, թե՞ նրա աջակցության պայմաններում։ Այս հարցի պատասխանը պետք է տա Ռուսաստանը՝ իր առաջիկա գործողություններով։ Ամեն ինչ շատ պարզ է` եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է հասնել շփման գծում կրակի դադարեցմանը և բանակցությունների վերականգնմանը, ապա պետք է լուծի երկու խնդիր։ Նախ՝ սահմանի ողջ երկայնքով դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննության, խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների տեղակայման ուղղությամբ աշխատանքներ տանի Ադրբեջանի հետ, որովհետև դրանց իրականացմանը հենց Բաքուն է խոչընդոտում՝ նաև շփման գոտուց չհեռացնելով զինուժը և ավելի ու ավելի ինտենսիվացնելով հրադադարի խախտումները։ Երկրորդ՝ օր առաջ պետք է Հայաստանին մատակարարի առնվազն այն զինտեխնիկան, որը վերջինս ձեռք է բերել նախորդ տարի` 200 մլն դոլարի վարկային պայմանագրով։ Այդ քայլով Ռուսաստանն ուղղակի կհաստատի, որ վերականգնում է կողմերի միջև խախտված ուժային բալանսը և ավելացնում է ԼՂՀ-ի պաշտպանական պոտենցիալը՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար։ Եթե Մոսկվան այս հրատապ միջոցառումները չկատարի, նշանակում է՝ նա «լվանում է ձեռքերը» և «արտոնում» Ադրբեջանին` կրկին փորձել տարածքների վերադարձման հարցը լուծել նոր բլից կրիգի միջոցով՝ գուցե մտածելով, որ այդ կերպ կարճ ժամանակում նոր ստատուս քվո կհաստատվի հակամարտության գոտում։ Գուցե այս հանգամանքները նկատի ունի ՀՀ նախագահը, երբ «Բլումբերգ»-ի հետ զրույցում նշում է, թե մեծ է ցանկացած պահի ավելի խոշոր ռազմական բախումների վերսկսման հնարավորությունը։

Հայաստանի դիրքորոշման կոշտացումը փաստի առաջ է կանգնեցնում նաև Ադրբեջանին, որտեղ հույս ունեին, թե Լավրովը կկարողանա, Սերժ Սարգսյանի վրա  աննախադեպ ճնշում գործադրելով, լուծել գոնե 5 շրջանները հանձնելու հարցը։ Հիմա դա տեղի չի ունենում։ Ավելին՝ Մոսկվան ինքն է փոխում մոտեցումները, և չի բացառվում, որ ընտրում է պարիտետի վերականգման միջոցով Ադրբեջանին զսպելու տարբերակը։ Այս իմաստով հետաքրքրական էր Հայաստանում ՌԴ դեսպան Վոլիկինի՝ երեկ արած այն հայտարարությունը, թե Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ գործընկերը, որոնք լրիվ տարբեր կատեգորիաներ են, և Ռուսաստանը չի կարող հավասարություն դնել Երևանի ու Բաքվի միջև։

Այս իրավիճակում Ադրբեջանն ունի երկու ընտրություն` կա'մ համաձայնել հրադադարի վերականգնմանը, կա'մ գնալ պատերազմի։ Նախօրեին պատասխանելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե ոչ մի թիզ հող չկա` հանձնելու, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հետևյալ ուլտիմատումային հայտարարությամբ. «Ադրբեջանական ամեն թիզ հողը, որը Սեյրան Օհանյանը չի մտածում զիջել, կազատագրվի հայ զինվորների թափած արյան գնով։ ԼՂ հիմնահարցի միակ լուծումը Հայաստանի բանակի դուրս բերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝  մեկընդմիշտ և առանց որևէ պայմանի»։

Բաքուն առայժմ հոխորտում է...

Գևորգ Դարբինյան 

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica