close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանից հաշիվ պահանջելու ժամանակը

Թեմա

22 Ապրիլի 2016, 22:57
  Ռուսաստանից հաշիվ պահանջելու ժամանակը

 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման արարողակարգային, հրապարակային մասն ամբողջությամբ բացահայտեց ոչ միայն Լավրովի այցի հիմնական նպատակները, ԼՂ հիմնահարցի շուրջ ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները, այլ նաև հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իսկապես նախաժգնաժամային իրադրությունը, փոխադարձ խորը անվստահությունը: Փորձելով ընդհանրացնել դիվանագիտական լեզվով իրար փոխանցված նուրբ ուղերձներն ու ակնարկները, ստանում ենք հետևյալ պատկերը:

  1. Հայաստանը հստակորեն պնդում է, որ չի ցանկանում մասնակցել ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված որևէ բանակցության, քանի դեռ Ադրբեջանն անպատիժ ու անհետևանք խախտում է 1994, 1995թթ. հրադադարի պայմանագրերը: Որ Երևանն այս առումով հանդես է եկել սկզբունքային դիրքերից, հաստատում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովի արած հետևյալ բացահայտումը.  «Ես հասկանում եմ, ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանան»: Դեռ երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի արած հայտարարություններից էր հասկանալի դարձել, որ Երևանը պնդելու է այս հարցում և փորձելու դա թե ՌԴ-ին և թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներին ներկայացնել որպես իր կողմից բանակցություններն սկսելու նախապայման: Առաջնահերթորեն նկատի է առնվում կրակի լիարժեք դադարեցումը: Բայց սա հայկական կողմի միակ պահանջը կամ նախապայմանը չէ: Երևանն ակնկալում է, որ թե Մոսկվան և թե ՄԽ մյուս համանախագահները իրերը կոչեն իրենց անունով և Ադրբեջանին այս պատերազմի համատեքստում ճանաչեն ագրեսոր, որն իրականում նրան զսպելու գործնականում ամենաաշխատող մեխանիզմներից մեկը կարող է լինել: Դժվար է ասել՝ Բաքվի հետ խնդիրներ չունենալու ռազմավարությամբ առաջնորդվող Մոսկվան որքանո՞վ կգնա այս պայմանի բավարարմանը՝ գոնե իր մասով, բայց հետաքրքրական է, որ Լավրովը Երևանի կողմից դրվող նման պայմանի առաջադրումը պայմանավորում է ոչ թե կարգավորման բանակցությունների համար պարտադիր խաղաղության ռեժիմի հաստատման հրատապությամբ, այլ՝ հանրային կրքերի հանդարտեցման: Կարելի է ենթադրել, թե դրանով ինչ է ուզում հասկացնել ՌԴ բազմափորձ արտգործնախարարը:  
  2. Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը նաև վերստին պնդել է, որ որևէ բանակցություն չի կարող վարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու, նրա կարգավիճակն անորոշ թողնելու տրամաբանությամբ: «Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ»,- ասել է նախագահը` նաև հասկացնելով, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նոր իրավիճակ է ստեղծել, որտեղ հայկական կողմը կարող է հրաժարվել անգամ «կազանյան փաստաթղթից», թեև ոչ հայկական կողմի և ոչ էլ Լավրովի հայտարարություններից որևէ կերպ պարզ չի դառնում՝ արդյո՞ք այդ փաստաթուղթն է վերադարձվում բանակցությունների սեղան, թե՞ խոսքը գնում է բոլորովին նոր գաղափարների, մեխանիզմների մասին:
  3. Ռուսական կողմը, ամեն դեպքում, բանակցությունների վերսկսման, կարգավորման գործընթացում ճեղքում ապահովելու առումով առաջին և թերևս հիմնական քայլերն ակնկալում է հայկական կողմից, եթե չասենք փորձում է դրդել այդ քայլերին: Ընդ որում, Լավրովն առանց թաքցնելու հայտարարում է, որ պատերազմը տեղի է ունեցել հենց այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվում է կատարել այդ քայլը: «Ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար»,- ասում է Սերգեյ Լավրովը: Նրա ակնարկն առավել քան թափանցիկ է՝ եթե այդ ակնկալվող քայլերը չկատարվեն, նոր սրացումները, պատերազմական նոր գործողությունները շարունակվելու են. սա ավելի շատ շանտաժի է նման:
  4. Սերժ Սարգսյանը փաստացի պարզաբանումներ պահանջեց Սերգեյ Լավրովից՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պրովոկացիայի համար: «Ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,- ասել է նախագահը: Եթե Ադրբեջանի գործողությունների համար Երևանը պարզաբանում է պահանջում Մոսկվայից, ապա սա ենթադրում է, որ նախագահը հիմքեր ունի կարծելու, որ, մեղմ ասած, այդ պրովոկացիայի թիկունքում երևում են Մոսկվայի ականջները: Սա ոչ թե նույնիսկ դժգոհություն է այդ պատերազմի շրջանակներում Մոսկվայի պահվածքից, այլև թաքնված և ուղղակի մեղադրանք` Մոսկվայի հասցեին: Երևանը կարծես փորձում է հասկացնել, որ հասկացել է Մոսկվայի որոշակի հեռահար նպատակներ և չի տրվելու դրանց բավարարմանը՝ անկախ հետևանքներից: Ու չի բացառվում, որ ռուսական կողմի դիրքորշումների վերջին մեկ-երկու օրվա ընթցքում կատարված տարօրինակ փոփոխության պատճառը կարող է հենց սա լինել: Սակայն պետք է հաշվի առնել, որ նման բաց տեքստով ակնարկների հնչեցումը լուրջ ռիսկերի հետ է կապված ՀՀ նախագահի համար և սա իսկապես քաջություն էր նրանից պահանջում՝ հատկապես տարիներ շարունակ Ռուսաստանի հանդեպ վարվող քաղաքականության խորապատկերին:

Այս երկխոսությունը մերկացնում է ռուս-հայկական հարաբերություններում տեղի ունեցող խորքային  փոփոխությունները, վերանայումները: Եվ պետք է ենթադրել, որ առաջիկայում այդ հարաբերությունները նոր ցնցումների են ենթարկվելու: Բայց իսկապես արժանապատիվ հարաբերությունների մակարդակ ստեղծելու համար նման ցնցումներն անխուսափելի են: Բացի դրանից՝ ակնհայտորեն հետաքրքիր ու դրամատիկ գործընթացներ են ձեւավորվում նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի շրջանակներում: Այստեղ հարցականներն իրենց պատասխանները չստացան, սակայն գոնե առկախված հարցերը հնչեցվեցին:         

Գևորգ Դարբինյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica