close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կլինի՞ արդյոք նոր պատերազմ

Թեմա

19 Ապրիլի 2016, 19:43
 Կլինի՞ արդյոք նոր պատերազմ

Վերջին օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակի հետ կապված մի շարք խորհրդակցություններ է անցկացրել։ Երեկ նա մեկնեց ԼՂՀ, որտեղ նույն օրը խորհրդակցություն անցկացրեց նաև ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ։ Այսօր նա այցելել է ՊԲ մի քանի զորամասեր։ Իրականացվող այս միջոցառումներն, իհարկե, կանխատեսելի էին։ Ապրիլյան պատերազմն ի հայտ է բերել խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Բայց նախագահի գործողությունների ինտենսիվությունը նաև հուշում է, որ ամեն րոպե պետք է պատրաստ լինել նոր մասշտաբային ռազմական գործողությունների՝ չնայած ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություններին։ Դրա համար կա օբյեկտիվ մի քանի պատճառ։

  1. Քառօրյա  պատերազմից հետո որևէ երկիր, որևէ միջազգային կառույց, այդ թվում նաև ԵԱՀԿ-ն և ՄԽ եռանախագահները, այդպես էլ հարձակվող կողմին՝ Ադրբեջանին, դատապարտող որևէ հայտարարություն չարեցին՝ չնայած համոզվածությանը, որ Ադրբեջանն է նախահարձակ կողմը։ Այսպիսի կրավորական կեցվածքով միջազգային հանրությունն անուղղակի արդարացրեց Բաքվի արկածախնդրությունը՝ Ադրբեջանի ղեկավարության մոտ համոզմունք ձևավորելով, որ աշխարհն արդարացնում է պատերազմի միջոցով ԼՂ հիմնահարցը լուծելու իր տրամադրվածությունը։ Միջազգային հանրությունն այպիսով Ադրբեջանին լիարժեք իրավունք վերապահեց ցանկության դեպքում կրկին փորձելու։
  2. Դատելով թե ռազմական փորձագետների վերլուծություններից և թե ադրբեջանական ոչնչացված ուղղաթիռում հայտնաբերված փաստաթղթերից ու «սև արկղի վերծանումից»՝ ադրբեջանական զինուժը հավակնոտ նպատակներ է հետապնդել անակնկալ հարձակումը կազմակերպելիս, որոնք, սակայն, ոչ միայն ամբողջությամբ տապալվել են, այլև ադրբեջանական բանակը հսկայական չարդարացված զոհեր է տվել։ Այս ձախողումը կասկածի տակ է դրել ադրբեջանական բանակի մարտունակությունը, սպառազինության արդյունավետությունը, ռազմական ղեկավարության պրոֆեսիոնալիզմը, Ալիևի՝ ԼՂ-ն ցանկացած պահի ետ բերելու հավաստիացումների իրատեսականությունը։ Այս իմաստով թե Ալիևը և թե իր ուժերին գերվստահ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այդ խայտառակությունից դեմքը փրկելու խնդիր ունեն և կարող են փորձել դա անել հարձակման երկրորդ փորձը ձեռնարկելով։
  3. Երբ Ռուսաստանը, կրակի դադարեցման նախաձեռնությունը ցուցաբերելով, կասեցրեց հայկական զինուժի հակահարձակողական գործողությունները, Բաքվի մոտ, ըստ էության, համոզմունք  ձեւավորվեց, որ անգամ նման մասշտաբի գործողություններ սանձազերծելու դեպքում ոչ Մոսկվան ու ոչ էլ ՀԱՊԿ-ը Հայաստանին չեն օգնելու, դեռ ավելին՝ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը չճանաչի ԼՂՀ ակնախությունը, նրա հետ ռազմական դաշինք չկազմի։ Իսկ երբ ՀԱՊԿ անդամ Բելառուսը փոփոխություններ կատարելով իր ռազմական դոկտրինում,  հենց ղարաբաղյան պատերազմից հետո շուտափույթ որոշում ընդունեց արգելել իր զինուժին երկրի տարածքից դուրս որևէ ռազմական գործողության մասնակցել, վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանին ԼՂՀ հարցում մենակ են թողնում նրա իսկ դաշնակիցները, ինչը ևս Ադրբեջանին խրախուսելու ձև է։
  4. Արբեջանական զինուժը առաջնագծից չի հեռացնում ծանր հրետանին, զրահամեքենաները, պահեստային ուժերը։ Չի կարելի բացառել, որ պատճառն ավելի շատ հայկական կողմից անակնկալ հակահարձակման գնալու վտանգից առկա մտավախությունն է։ Սակայն չի բացառվում նաև, որ դրանով փորձ է արվում հարձակման սպառնալիք ստեղծելով ճնշում գործադրել սկսվող բանակցությունների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նոր սադրանք ձեռնարկել։

Սակայն սրանք ընդամենը պատերազմի հավանական վերսկսման նախադրյալներն են։ Թե որքանով դրանք կհանգեցնեն ռազմական ակտիվ և մասշտաբային գործողությունների, կախված է մեկ կենտրոնից՝ Մոսկվայից։ Խնդիրն այն է, որ նախաձեռնելով կրակի դադարեցման և ԼՂ կարգավորման բանակցություններն ակտիվացնելու գործընթացը՝ Մոսկվան շփման գծում հարաբերական կայունության կամ ավելի ճիշտ մասշտաբային ռազմական գործողություններ թույլ չտալու պատասխանատվություն է ստանձնել։ Եթե նրա կամքից անկախ կողմերի միջև նոր լայնածավալ բախումներ սկսվեն, դա կնշանակի, որ Մոսկվան չի տիրապետում իրավիճակին, չունի բավարար ազդեցության միջոցներ կողմերի վրա, և  Հր. Կովկասում նրա հեգեմոնիան իրականում թվացյալ է։ Մոսկվան կձգտի ամեն ինչ անել, որ նոր էսկալացիա տեղի չունենա, և կողմերն իրենց էներգիան փորձեն սպառել բանակցությունների սեղանի շուրջ։

Բայց ինքնին փաստը, որ երերուն կայունությունը թելադրված է և կարելի է ասել՝ կառավարվում է միայն մեկ կենտրոնից, ակնհայտ է դարձնում, որ այդ կենտրոնն էլ կարող է սեփական հայեցողությամբ օգտագործել այդ լծակը։ Ամենատարբեր խողովակներով Մոսկվան հիմա կողմերին ակնարկում է, որ ցանկանում է շուտափույթ լուծել ԼՂ հիմնահարցը՝ առաջին հերթին նպատակ ունենալով Ադրբեջանին վերջնականապես դուրս բերել Թուրքիայի ազդեցության գոտուց։ Ապրիլի 21-ին Երևան է այցելելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Գրեթե կասկած չկա, որ նա ժամանելու է կարգավորման հետ կապված կոնկրետ առաջարկներով և փորձելու է հասնել նրան, որ ստանա Հայաստանի համաձայնությունը դրանց շուրջ։ Երևանն առայժմ փորձում է հասկացնել, որ այնքան էլ ոգևորված չէ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս Մոսկվայի այս նախաձեռնություններից։ Չի բացառվում, իհարկե, որ այդ առաջարկն իսկապես կարող է հիմնված լինել «տարածքներ` ԼՂ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, որին դեմ է Ադրբեջանը։

Մոսկվայում հասկանում են, որ փոխզիջումների գնալու հարցում բանակցող կողմերի հիմնական կաշկանդվածությունը բխում է երկու հասարակությունների անզիջում, կարծրացած դիրքորոշումներին բախվելու և ամեն ինչ կորցնելու` իշխանությունների մտավախությունից։

Ստեղծված իրավիճակում  հայկական կողմի կարեւոր քայլը բանակցությունների միջոցով ժամանակ շահելն ու շատ արագ եւ ինտենսիվ սպառազինվելն է, հատկապես զսպիչ ստրատեգիական զինատեսակներով, արդիականացնել բանակը։ Դրանց համար պահանջում է բառի բուն իմաստով երկիրը վերածել բանակ-պետության, փոխել պետական կառավարման որակն ու փիլիսոփայությունը։ Թե Մոսկվային և թե Բաքվին անհրաժեշտ է հասկացնել, որ երկիրը պատրաստ է դիմագրավել նոր ոտնձգություններին, և որ ահաբեկման որևէ մարտավարություն արդյունք չի տալու։ Հակառակ դեպքում չի բացառվում, որ հենց հայկական կողմը հայտնվի այդ հոգեբանական գրոհի թիրախում։

Գևորգ Դարբինյան              

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica