close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

5000 դրամը 5 շաուրմայի փող է՝ ֆրիով

Թեմա

18 Ապրիլի 2016, 16:38
 5000 դրամը 5 շաուրմայի փող է՝ ֆրիով

Փաստորեն, ապրիլյան պատերազմից հետո, ավելի ճիշտ՝ դրա ընթացքում ընտրություններ եղան, որոնք ուղեկցվեցին բռնություններով, ընտրախախտումներով, ընտրակաշառքով /դրանց ծավալները չենք քննարկումը/: Փաստորեն, շատ բան չի փոխվել: Փաստորեն, ապրիլյան պատերազմը բան չի փոխել: Բայց՝ առաջին հայացքից:

Իրականում խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ բան չի փոխվել, օրինակ՝ Շվեյցարիայում արդեն 40 տարի է՝ բան չի փոխվում, եւ դա ոչ թե վատ է, այլ հրաշալի: Այնպես որ՝ բան չփոխվելը միշտ չէ, որ վատ է, հաճախ շատ էլ լավ է: Խնդիրն ուրիշ տեղ է՝ մենք չենք փոխվել: Մենք էլի ենք պատրաստ հայրենիքի զինվորը դառնալ, գնալ ռազմաճակատ, որտեղից վերադառնալու հույսերն այդքան էլ մեծ չեն, գնալ եւ հաղթել, բայց, միեւնույն ժամանակ, մենք հերթական ընտրություններից հետո լքում ենք այդ նույն հայրենիքը, պատրաստակամություն չենք հայտնում դառնալ նրա քաղաքացիական զինվորը, մնալ պայքարի մեջ, երբ հաղթելու հույսերը չնչին են, եւ հաղթել: Մեզ համար դարեր ի վեր պայքարը հայրենքի սահմանների մոտ է, ոչ՝ նրա ներսում: Ներսում թշնամիներ չունենք, եւ իսկապես չկան, բայց ներսում հաղթանակը սահմանի անվտանգությունն է, մենք սա չենք հասկացել, չենք հասկանում եւ մոտ ապագայում հազիվ թե հասկանանք: Այդ հինգ, տասը, քսանհազարական դրամները, որ վերցնում ենք, որ ԻՐԵՆ ընտրենք, իրականում դրամ չեն, փող չեն, ոչ թե՝ որովհետեւ շատ քիչ են, անգամ յոլա գնալու համար, այլ քանի որ կրակոց են՝ մեր զինվորի վրա, մեր որդու կամ եղբոր վրա, որը սահմանին պայքար է մղում, իսկ մենք ներսում հանձնվել ենք: Հանձնվել, ապրում ենք: Հանձնված չեն ապրում: Հանձնվել-մնացել ենք, մնացել ենք նույնը՝ թշնամու դեմ՝ անսասան եւ անառիկ, ներքին հարցերում՝ թույլ, տկար եւ պարտված:

Ես համաձայն չեմ, որ հայրենիքը սահմանից է սկսվում: Հայրենիքն իրականում ավարտվում է այնտեղ: Սկսվում է մեր բակից, քաղաքից, մարզից, իսկ ավելի ճիշտ՝ մեզանից: Ու երբ ասում են՝ արտաքին թշնամու դեմ պայքարի պես պետք է համախմբված լինել, չի նշանակում, որ՝ իշխանության շուրջը, նշանակում է՝ ընդդեմ անարդարության, իսկ ում «ընդդեմ» բառը դուր չի գալիս, ապա՝ հանուն արդարության: Ոչ թե հրապարակներում՝ բռունցքները վեր պարզած, սեփական ձայները հետ ստանալու վճռականությամբ, որից երկու-երեք օր անց ոչինչ չի մնում, այլ սեփական ձայնը ոչ մի գնով չվաճառելու կամքով: Ձայն գնողն այս պատմության ամենաքիչ մեղավորն է, ձայն վաճառողն է խնդիրը: Ձայն վաճառողը մենք ենք, սահմանին կանգնածն էլ ենք մենք: Բայց աշխարհի ոչ մի թշնամի, մանավանդ՝ թուրքը չի զսպվի, եթե անգամ մեր տղերքը վառվեն հայրենասիրությամբ, ոգով, եթե անգամ մեր բանակի զինանոցը դառնա գերժամանակակից: Քանի որ աշխարհում ցանկացած թշնամի, մանավանդ՝ թուրքը կզսպվի միայն մի պարագայում, երբ տեսնի որ իր դեմ քաջ զինվորներ չեն, այլ հզոր պետություն: Վերջնականապես կզսպվի:

Երբ նայում եք ձեր նոր ստացած, բայց ամենեւին էլ ոչ թարմ, դարերի փոշին վրան 5000-անոց դրամին, մտածեք այս մասին: Նայեք այդ թղթադրամին եւ փորձեք այնտեղ ոչ թե փող տեսնել, այլ նկարը՝ Թումանյանի նկարը: Ես լինեի՝ այդ թղթադրամի վրա՝ հենց այդ թղթադրամի վրա, Թումանյանի նկարի տակ կգրեի նրա խոսքերը՝ «Փրկությունը ներսից է գալու, քանի որ մենք ներսից ենք փչացած»:

Սահմանի տղերքը մեզ չեն փրկել, չեն փրկում եւ չեն փրկելու, նրանք միայն մեզ հնարավորություն են տալիս փրկվելու, որից մենք չենք օգտվել: Երեւի ցանկություն էլ չունենք: 5000 դրամը 5 հատ շաուրմայի փող է՝ ֆրիով: Մարդուն էլ  դառնալ Աստված խանգարում է մեկ բան՝ նրա ստամոքսը: Աստված էլ, հավանաբար, չի ցանկացել մրցակիցներ ունենալ ընտրություններում եւ այդ պատճառով էլ մարդուն ստամոքս է տվել:

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica