close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+4°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Ռուսաստանը ուշքի չգա

Թեմա

15 Ապրիլի 2016, 21:40
 Եթե Ռուսաստանը ուշքի չգա

Իսլամանական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) համաժողովում, որը կայացել է Ստամբուլում, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե որոշում է կայացվել ԻՀԿ-ի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կոնտակտային խումբ ստեղծել։ «Խմբի ստեղծման որոշումն արդեն կայացվել է բարձր մակարդակով։ Առաջարկում եմ կազմակերպության անդամ երկրներին դրանում մասնակցություն ունենալ։ Անհրաժեշտ է՝ որքան հնարավոր է շուտ կարգավորել այդ հակամարտությունը ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացիան մեծացնում է տարածաշրջանում ռազմական առճակատման ռիսկը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չավուշօղլուի հայտարարությանը հետևեց պաշտոնական Երևանի արձագանքը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգարն Բալայանն իր թվիթերյան էջում գրեց․ «ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Այլ կազմակերպությունները կարող են աջակցել համանախագահների ջանքերին»։ ԱԳՆ-ի պատասխանն, իհարկե, սպասելիից ավելի մեղմ էր։ Սակայն պարզ է՝ Հայաստանը մերժում է այդ նախաձեռնությունը։

Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ալիևի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս ցավակցելով ղարաբաղյան քառօրյա պատերազմում կրած մարդկային կորուստների համար, հայտարարել էր, թե Թուրքիան բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին է։ Իսկ ԻՀԿ համաժողովում ունեցած իր ելույթում, ավելի հասկանալի դարձնելով ԼՂ հարցում կոնտակտային խումբ ստեղծելու իրենց նախաձեռնության նպատակները, Դավութօղլուն մուսուլմանական երկրներին կոչ է արել միասնական դիրքորոշում դրսևորել ղարաբաղյան հարցում։ «Պաղեստինն օկուպացիայից ազատելու հարցը իսլամական աշխարհի հիմնական խնդիրներից է։ Ղարաբաղի ազատագրման, ինչպես նաև Ղրիմի օկուպացիայի հարցում մենք պետք է ցուցաբերենք միասնական դիրքորոշում։ Այդ հողերը դարեր շարունակ եղել են իսլամական»,-ասել է Դավութօղլուն։

Պաշտոնական Անկարան, գիտի, որ որևէ կոնտակտային խումբ ղարաբաղյան հարցով զբաղվել չի կարող, քանի որ նախ՝ հայկական կողմը դրան երբեք չի համաձայնի, և երկրորդ՝ նման մանդատ ԻՀԿ-ն չունի։ Բայց իսլամական աշխարհի առաջնորդի դերին հավակնող Թուրքիայի նպատակները բոլորովին այլ են։ Նախորդ տարիներին թուրք-ադրբեջանական տանդեմը հաջողությամբ հասավ նրան, որ ԻՀԿ-ն ԼՂ հարցի կապակցությամբ մի քանի հայտարարություններ ընդունեց՝ հիմնված բացառապես Ադրբեջանի շահերի վրա։ Օգտագործելով այս հանգամանքը՝ Անկարան հիմա միևնույն հարթության վրա է դնում Պաղեստինի, Ղրիմի թաթարների և Ղարաբաղի հարցը՝ ձգտելով վերջինիս ակնհայտորեն կրոնական երանգ հաղորդել և այդպիսով փորձելով Հայաստանին զրկել իր հանդեպ եթե ոչ բարեկամաբար, ապա գոնե լոյալ տրամադրված մուսուլմանական երկրների քաղաքական աջակցությունից։ Բայց որ ավելի վտանգավոր է՝ Թուրքիան նման կերպ հող է նախապատրաստում ղարաբաղյան հնարավոր նոր պատերազմը մուսուլմանությանն իբրև «ջիհադ» (Սրբազան պատերազմ) մատուցելու համար։ Հատկապես իսլամիստական ծայրահեղականության ներկայիս ընդարձակման համատեքստում սա կարելի է ընկալել որպես Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ջիհադիստական ծայրահեղականների թիրախ դարձնելու նախաձեռնություն։ Թուրքիան Սիրիայում իր վարքագծով և ծայրահեղականների հետ ամուր ստրատեգիական կապեր պահելով է ապացուցել, թե ինչպես է կարողանում այդ գործոնն օգտագործել իր տնտեսական, աշխարհաքաղաքական շահերն սպասարկելու նպատակով։ Եվ համոզիչ են դառնում ղարաբաղյան քառօրյա պատերազմի օրերին տարածվող այն տեղեկությունները, որ ԼՂ քառօրյա ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից ԻՊ ահաբեկիչ-զինյալներ են  մասնակցել, և որ այդ նպատակով Թուրքիայի տարածքով դրանց նոր խմբեր են թափանցում Ադրբեջան։ Պաղեստինը, Ղրիմն ու ԼՂ-ն նույն հարթության վրա դնելու և ղարաբաղյան հարցին կրոնաքաղաքական երանգ հաղորդելու Անկարայի այս փորձերը նաև հասկանալի են դարձնում, թե ինչու էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԽ համանախագահներից դժգոհելիս հարկ համարում շեշտել, որ նրանք Ադրբեջանի դեմ են գործում, քանի որ իրենք մուսուլմաններ են։ Որքան էլ սկզբում այս միտքը թվում էր զավեշտալի և անհեթեթ, հիմա արդեն պարզ է, որ սա հստակ պլանավորված թուրք-ադրբեջանական քարոզչական քաղաքականության մաս էր կազմում և հեռահար նպատակներ հետապնդում։

Մուսուլմանական աշխարհին Հայաստանի դեմ տրամադրելու այս ուղեգիծը, որն ամբողջովին տողավորվում է թուրքական ներկայիս իշխանությունների՝ դեպի արևելք, մինչև Չինաստանի սահմանները ծավալվելու պանթյուրքիստական տեսլականի շրջանակում, հայության համար, իհարկե, նորություն չէ։ Սակայն, ուղղակի ցավալի է հետևել, թե ինչպես է հերթական անգամ թուրքական այդ հավակնություններին ուղղակի ապշեցուցիչ և իր համար կործանարար կուրություն ցուցաբերում Ռուսաստանը, որն իրականում թուրքական այս պլանների գլխավոր թիրախն է և գլխավոր խոչընդոտը։ Անգամ ՌԴ հանդեպ ակնհայտ թշնամական ակտ կատարելուց՝ ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցելուց հետո է նախագահ Պուտինը հայտարարում, թե Թուրքիան իրենց բարեկամն է։ Մոսկվան որդեգրել է Ադրբեջանին իր վերմակի տակ քաշելու անհեռանկար քաղաքականություն՝ միամտաբար կարծելով, որ եթե հաջողվի բավարարել նրա պահանջները ԼՂ հարցում, հնարավոր կլինի Բաքվին դուրս քաշել թուրքերի ազդեցությունից, որին ադրբեջանիցներն իրենց եղբայրներն են համարում։ Մոսկվան հիմա անում է այն նույն սխալները, ինչ բոլշևիկյան Ռուսաստանն արեց 1920-ականների սկզբին՝  քեմալական Թուրքիայի մասով։ Տարբերությունն այն է, որ հիմա խաղը ոչ թե Թուրքիայի հետ է, այլ նրա հարավկովկասյան դաշնակից Ադրբեջանի։ Մինչ Մոսկվան Ադրբեջանին հարձակողական զենք է տրամադրում՝ իր իսկ դաշնակցին՝ Հայաստանին ոչնչացնելու վերջինիս անթաքույց սպառնալիքների պայմաններում, մինչ ամեն կերպ սիրաշահում է նրան և այս կույր ու ծուռթաթ քաղաքականությամբ հետևողականորեն փչացնում կապերը Հայաստանի հետ, Ադրբեջանի նախագահ Ալիևը Ստամբուլում հանդիպում է Թուրքիայի նախաձեռնությամբ ԻՀԿ գագաթաժողովին մասնակցող Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահներին և ողջունում Ղրիմն «ազատագրելու» մասին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի ոչ երկիմաստ հայտարարությունները։ Մոսկվան չի տեսնում, որ կորցնում է ոչ միայն Հայաստանին, այլև թուրքական գծի մեջ մտնող Ղազախստանին և որքան էլ տարօրինակ թվա՝ Բելառուսին։ Մոսկվան ղազախա-ադրբեջանա-թուրքական «բերմուդյան եռանկյունում» ուղղակի խորտակում է այն նավակը, որտեղ գտնվում է Հայաստանի հետ, և որտեղ Հայաստանը իր հարավային թիկունքը պահող միակ «հենակետն» է։  

Գևորգ Դարբինյան        

 

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica