close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ որոշում է խոսել Էդվարդ Նալբանդյանը

Թեմա

14 Ապրիլի 2016, 22:20
 Երբ որոշում է խոսել Էդվարդ Նալբանդյանը

Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո ամենաքիչ լսելի օղակը, որքան էլ կարող է պարադոքսալ թվալ, ՀՀ արտգործնախարարությունն էր։ Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Սկզբում տպավորություն կար, թե նա փորձում է լրացնել բացը, հանդես գալ ռազմական գործողություններից հետո առաջացած նոր իրավիճակի վերաբերյալ  թե ներքին և թե արտաքին լսարաններին ուղղված հստակ ուղերձներով։ Նախարարի հարցազրույցը, սակայն, մեծամասամբ ուղղված էր այդ դրամատիկ օրերին իր և իր ղեկավարած գերատեսչության ցուցաբերած գոնե արտաքուստ պասիվությունն արդարանացնելուն։ Սա թերևս պայմանավորված էր այն քննադատությամբ, որին այս օրերին ամենայն սրությամբ ենթարկվում էին անձամբ Նալբանդյանը և հայաստանյան դիվանագիտությունը։ Հիմնական արդարացումն այն էր, որ դիվանագիտությունը չի սիրում իր գործունեության ու արդյունքների բարձրաձայնում, և որ ինչպես Նալբանդյանն ինքը նշեց՝ կարևորը ոչ թե ճառ ասելն է, այլ զանգ կախելը։

Բայց որքան էլ տարօրինակ է, նախարարն իբրև «կախված զանգեր» է ներկայացնում ռազմական գործողությունների ծավալման ընթացքում և դրանից հետո իր և իրեն ուղղված զանգերը, ինչպես նաև Ադրբեջանի, իր կարծիքով, փակուղային դիվանագիտության դրսևորումները։ Ընդ որում, վերջինիս առումով նախարարը նորից հղում է կատարում ԼՂ հիմնահարցի կարգավորման ուղենիշների հարցում Հայաստանի և միջազգային հանրության համակարծությանը և դրան ի հակակշիռ՝ վերջին շրջանում բանակցություններից Բաքվի հրաժարմանը։ Նա  զարգացնում է այն գաղափարը, որ եթե ներկայիս բանակցային գործընթացը ձեռնտու լիներ Բաքվին, ապա նա պատերազմ սկսելու պատճառ չէր ունենա։ Որքան էլ տրամաբանորեն հասկանալի է թվում այս հիմնավորումը, այնուամենայնիվ, Նալբանդյանը չի բացատրում, թե այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ չնայած Ադրբեջանը փակուղում է, որ չնայած մասշտաբային ռազմական գործողություններ սկսելով Բաքուն արհամարհում է ուժի գործադրումից խուսափելու միջազգային հանրության պահանջները, վերջինս այդպես էլ չի ցանկանում Բաքվին ճանաչել որպես հրադադարի ռեժիմը խախտող ագրեսոր։ Նալբանդյանը չի անդրադառնում այն հարցին, թե որն է հայկական դիվանագիտության արձանագրած հաջողությունը, եթե ակնհայտ ագրեսիան ոչ մի փոփոխություն բանակցային գործընթացի տրամաբանության մեջ չի մտցնում, և Հայաստանը հիմա շարունակում է այն նույն քաղաքական կուրսը, որն ուներ մինչև ապրիլի 2-ը։ Քանի՞ կոպեկի արժեք էին ունենալու հայկական կողմի ուժեղ բանակցային դիրքերը, եթե Ադրբեջանին հաջողվեր պատերազմի միջոցով հասնել իր` թեկուզ մինիմալ նպատակներին։

Նալբանդյանը համառորեն չի ընդունում, որ ինքնին արդեն փաստը, որ միջազգային հանրության կրավորական կեցվածքը չի փոխվում անգամ Ադրբեջանի կողմից պատերազմի գնալու պարագայում, ինչը, ի դեպ, վերածվում է ԼՂՀ-ի համար անվտանգության ամենամեծ սպառնալիքի, անգամ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ գոնե ընթացիկ հաջողություն համարել։ Մինչեռ արդեն հասկանալի է դառնում, որ բանակցություններն անդադար տորպեդահարելու` Ադրբեջանի վարքագիծը ոչ թե փակուղայնության նշան է, այլ, գուցե, մարտավարություն։ Ի վերջո այնքան էլ փակուղայնության նման չէ ողջ միջազգային հանրությանը մատների վրա խաղացնելը, նրանց հետ շանտաժի լեզվով խոսելը, ցանկացած վճռական պահի կարգավորման այս կամ այն տարբերակն ընդունելուց հրաժարվելը և այդ ամենն անդադար  «մարսել»-ը։ Իսկ եթե անգամ դա փակուղայնություն է, որը մեր դիվանագիտության հաղթանակն է, ապա չափից ավելի թանկ գին չի՞ վճարում դրա համար հայկական կողմը՝ չստանալով որևէ երաշխիք կամ որոշակի հեռանկար, որ այդ հաղթանակներն ի վերջո կստանան իրավական ձևակերպում։ Խնդիրն այն է, որ միջազգային հանրության նման լղոզված կեցվածքի պայմաններում այս իրականությունը կարող է երկար տևել։

Բայցևայնպես, որքան էլ նախարարը փորձում էր եթերից հանրությանն այսպիսի հաղթողական տրամադրություն փոխացենլ, կարելի էր նրա հարցազրույցի տողատակում որսալ հիմնականում ներքին լսարանին ուղղված որոշ ուղերձներ։

Առաջին՝  պատերազմը, որի ընթացքում հակառակորդը գործարկեց նախորդ տարիներին Ռուսաստանից գնած մասսայական ոչնչացման զինատեսակներ, չի հանգեցնելու հայ-ռուսական հարաբերությունների թեկուզ կոսմետիկ վերանայումների։ Երևանը նորմալ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունները Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին համահարթեցնելու` ռուսական քաղաքականությունը։

Երկրորդ՝ Երևանը նորմալ է համարում, երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրները կարող են նույն կազմակերպության անդամ Հայաստանի շահերի դեմ աշխատել։ Սա կարելի է գնահատել որպես խոստովանություն այն մասին, որ այդ իրականությունը փոխելու մեծ լծակներ Հայաստանը չունի, և մնում է բավարարվել միայն «դաշնակիցներին» իրենց պարտավորությունների մասին պարբերաբար բանավոր հիշեցնելով։

Երրորդ՝ Հայաստանը իբրև բանակցությունների հիմք, շարունակում է տեսնել 2011թ․ Կազանի ԵԱՀԿ գագաթաժողովում Ադրբեջանի կողմից մերժված կարգավորման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը։ Դրանով նախատեսվում է Ադրբեջանին վերադարձնել այսպես ասած՝ վեցուկես շրջան, որի դիմաց Ադրբեջանը համաձայնում է մի քանի տարի անց ԼՂ ադրբեջանցի փախստականների վերադառնալուց հետո ԼՂ-ում ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը։ Չի բացառվում, որ Նալբանդյանը այսպես կոչված «Կազանյան փատաթուղթն» ընդունելի է համարում՝ հայկական կողմի համար շատ ավելի վատ պայմաններ ենթադրող այլ տարբերակներ մերժելու համար։

Չորրորդ՝ հայկական կողմը չի համաձայնելու որևէ այնպիսի տարբերակի, որով ԼՂ-ն  Ադրբեջանի մաս կհամարվի։ Որքան էլ այս ուղերձը հնչեց հստակ, սակայն այնքան էլ հասկանալի չդարձավ, թե ինչպես է թեկուզ «Կազանյան փաստաթուղթը» դա ապահովելու, ինչպե՞ս է հայկական կողմը հասնելու այս սկզբունքային, կենսական պայմանի բավարարմանը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ այն հարցին, թե դրանից հետքայլ չի՞ արվելու, Նալբանդյանը պատասխանում է․ «Եթե հասարակությունը, ժողովուրդը չի կարող անել, ապա ոչ ոք չի կարող անել»։ Ըստ էության, ԼՂ կարգավորման հիմնական որոշումների կայացման  պատասխանատվության բեռը դրվում է հասարակության վրա։ Պետք է ենթադրել, որ այսպիսով Նալբանդյանը փորձում է հասարակությանը հասկացնել, որ որպեսզի ԼՂ-ի անկախության իրավունքը ճանաչվի, պետք համակերպվել տարածքներ զիջելու հեռանկարին։ 

Գևորգ Աղաբաբյան                             

 

 

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica