close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչի մասին են խոսում փաստերը

Թեմա

13 Ապրիլի 2016, 19:30
 Ինչի մասին են խոսում փաստերը

Ղարաբաղյան քառօրյա պատերազմն ըստ էության ավարտվեց Մոսկվայի գործադրած ճնշման հետևանքով։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կարիք չկար. պարզ է՝ գրաված դիրքերը հայկական բանակի հակահարձակման արդյունքում կորցնելուց և ռազմական գործողությունները սեփական տարածք տեղափոխելու սպառնալիքի պայմաններում Բաքուն առավել ևս պետք է շտապեր համաձայնել Մոսկվայի առաջարկին։

Բայց Ռուսաստանը չսահմանափակվեց միայն կողմերին հրադադարի ռեժիմին վերադարձնելու նախաձեռնությամբ։ Մոսկվան զուգահեռաբար միակողմանի իր վրա վերցրեց նաև Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի կառավարումը, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս արագ անցան բանակցությունները վերականգնելու գործին։ Սա հուշում է, որ այն, ինչ քառօրյա ղարաբաղյան պատերազմի հետքերով է Մոսկվան ձեռնարկուը, ոչ թե զուգահեռվում, այլ հակադրվում է ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահների նախաձեռնությանը` բնական հարց առաջացնելով` ի՞նչ խնդիր է ուզում լուծել Մոսկվան արդեն տեղի ունեցած պատերազմի շրջանակում։ Այս իմաստով, առանց հեռուն գնացող եզրահանգումներ կատարելու, փորձենք համադրել մի քանի փաստ։

1. Նախորդ շաբաթ, Երևանում ընդունելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան խնդրեց միջնորդել, որպեսզի արագացվի Ռուսաստանի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Հայաստանի գնած զինտեխնիկայի մատակարարման գործընթացը։ Աբրահամյանի խնդրանքից հետևում էր, որ խոչընդոտներ հարուցողը ռուսական կողմն է, և դրանք կապված են հատկապես զինամթերք արտադրող ընկերությունների հետ, որոնց գործունեության համակարգումը, ի դեպ, իրականացնում է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ ՀՀ վարչապետի խնդրանքը պարզեց, որ ղարաբաղյան կարճատև պատերազմի մեջ ԼՂՀ բանակը մտել էր առանց այն զինատեսակների, որոնցով կարող էր հակակշռել ադրբեջանական ԶՈւ-ին։ Վարկային այդ պայմանագիրը կնքվել էր ավելի քան մեկ տարի առաջ, և հայ հասարակությունը համոզված էր, որ զինտեխնիկայի մատակարարումը բնական ընթացքի մեջ է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ռուսական կողմը խուսափել ու խուսափում կատարել արդեն ուժի մեջ գտնվող վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը։

2. Բաքվից վերադառնալիս «Ռոսիա 24» TV-ին տված հարցազրույցում Մեդվեդևը չէր հերքել, որ իրենք տիեզերակայանների միջոցով հետևում են ԼՂ հակամարտության գոտում զորամիավորումների տեղաշարժերին, ասելով, որ այսօր ոչինչ թաքցնել հնարավոր չէ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ռուսական օդատիեզերական ուժերը կարող էին տեղեկացված լինել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման մասին։ Ըստ ընդհանուր ՀՕՊ համակարգի ստեղծման մասին հայ-ռուսական պայմանագրերի՝ ռուսական կողմը պարտավորություն է ունեցել ռազմական գործողությունների սպառնալիքի դեպքում հայկական կողմին տրամադրել ձեռք բերված օպերատիվ ինֆորմացիան։ ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ռուսական կողմը չի կատարել իր պարտավորությունները, եթե ակնհայտ էր, որ դրանով կարող էր կանխել պատերազմը և արյունահեղությունը, կամ` ինչո՞ւ ինքը դրանք չի օգտագործել՝ Ադրբեջանին պլանավորած արկածախնդրությունից ետ պահելու համար։

3. Մարտի 10-ին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին իրադրությունը անհամեմատ հանգիստ էր, միանգամայն անակնկալ կերպով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրավիրվեց Մոսկվա։ Հանդիպման մասին Կրեմլից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ մի շատ ուշագրավ ձևակերպում էր արվում` Պուտինը Սարգսյանի հետ քննարկելու է «ԼՂ բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորությունները»։ Թե ի՞նչ հնարավորությունների մասին էր խոսքը, ոչ մի ակնարկ չէր արվում։ Դրան «անհասկանալի» պատճառներով հաջորդեց վարկային պայմանագրով Հայաստանի կողմից ձեռք բերվելիք զինատեսակների հրապարակումը, ինչից հետո Բաքուն պաշտոնապես բողոքի նոտա հղեց Մոսկվային՝ պահանջեց տալ երաշխիքներ, որ այդ զինտեխնիկան ԼՂՀ-ում չի հայտնվելու։ Ամենաուշագրավն այն է, որ դրան էլ կայծակնային արագությամբ հաջորդեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցը Բաքու՝ պաշտոնապես իբր քննարկելու զինտեխնիկայի բազմամիլիարդանոց գործարքի շրջանակում Ադրբեջանի համար արտադրված զինտեխնիկայի դիմաց Բաքվի կուտակած պարտքերի վերադարձման հարցը։ Մինչդեռ ամենևին չի բացառվում, որ իրականում Բաքուն ոչ թե պարտքեր էր կուտակել, այլ սպառնացել էր դադարեցնել ռուսական զենքի հետագա գնումները, եթե Մոսկվան Հայաստանին մատակարարի վարկային պայմանագրով նախատեսված զենքը կամ չտա դրանք ԼՂՀ տարածքում չհայտնվելու կոնկրետ երաշխիքներ։ Եվ ամենևին չի բացառվում, որ ոչ միայն Հայաստանին զենքի մատակարարումը հենց այդ պատճառով է ուշացվել, այլև` որ Ռոգոզինը Բաքու է շտապել` Ալիևին հանգստացնելու, որ իրականում դեռ այդ զինտեխնիկայի որևէ խմբաքանակ Հայաստանը չի ստացել։ Այլ կերպ ասած՝ ԼՂ ուղղությամբ հարձակումը ձեռնարկելիս Ալիևն արդեն տեղյակ էր, որ այդ` իսկապես զսպող զինատեսակներին Հայաստանը և ԼՂՀ-ն չեն տիրապետում, ինչն էլ հիմք է հանդիսացել նրա համար՝ տալու այդ մասշտաբային հարձակումը կազմակերպելու հրամանը։

4. Մոսկվան հայկական և ադրբեջանական կողմերին կրակի դադարեցմանը մղելու նախաձեռնությունը ցուցաբերեց ոչ թե ռազմական գործողությունների առաջին իսկ օրը, այլ միայն հինգերորդ օրը, այն դեպքում, երբ Ադրբեջանն արդեն հայտարարել էր հրադադարի ռեժիմին միակողմանի վերադառնալու ցանկության մասին։ Մոսկվայի այդ թվացյալ դանդաղկոտությունը, իհարկե, հնարավորություն տվեց հայկական զինուժին՝ վերականգնելու նախկին բնագծերը։ Բայց եթե խնդրին մոտենում ենք միայն Մոսկվայի՝ ներկայումս ակտիվորեն տիրաժավորվող այն դիրքորոշման տեսանկյունից, թե իրենց բացարձակապես ձեռնտու չէ մասշտաբային պատերազմի վերսկսումը, ապա կողմերին հրադադար պարտադրելուն նա պետք է, ըստ տրամաբանության, գնար հենց առաջին օրը։ Հարց՝ ինչո՞ւ է ուշացրել։

5. Դրանից անմիջապես հետո Սերգեյ Լավրովը շտապում է Բաքու, որտեղ նախ հայտարարում է, թե արդեն կան կարգավորման գրեթե բոլոր բաղադրիչներն ու պայմանավորվածությունները։ Իսկ TAСС գործակալությանը տված հարցազրույցում նա պարզաբանում է, որ նախ՝ նախագահներ Մեդվեդևը և Պուտինը առաջ են մղել տարբեր գաղափարներ, որոնք հնարավորություն կտան Ղարաբաղի շուրջ իրավիճակը հանգուցալուծել տարածքների «ազատման» միջոցով, որին զուգահեռ պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանը մտնի թե' ԵՏՄ և թե' ՀԱՊԿ։ Այլ կերպ ասած՝ ՌԴ-ն ակտիվացրեց ընդամենը ԼՂ կարգավիճակի որոշման բանակցությունների դիմաց հայկական կողմից տարածքներ  հանձնելու թեման։ Մոսկվան հանդես է եկել նաև անհրաժեշտ պահին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։ Եթե նկատի ունենանք կողմերի հետ Մոսկվայի ներկայիս գերակտիվ բանակցությունները, պետք է սպասել, որ առաջիկայում ռուսական կողմը կարող է հանդես գալ նման հանդիպման առաջարկությամբ։ Բայց դա տեղի կունենա այն դեպքում, երբ համոզված կլինի, որ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո կկարողանա կարգավորման ճանապարհին որևէ կոնկրետ արդյունք ներկայացնել։ 

Գևորգ Դարբինյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica