close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՛ թալանեք երեխեքից հաղթանակը

Հարթակ

13 Ապրիլի 2016, 15:43
 Մի՛ թալանեք երեխեքից հաղթանակը

Իմ լավ բարեկամ Հարություն Հարությունյանը գրում է, թե հիմա ամենալավ տեղը Արցախն է. այնտեղ բոլորը հավասար են: Ճիշտ է գրում, բայց ոչ թե` որովհետեւ Արցախում բոլորը հավասար են, այլ` քանի որ ամենալավ տեղն այն է, որտեղ բոլորը հավասար են: Բոլորը շարքային են, շարքայինը հերոսն է, նա հերոսանալու խնդիր չունի, նա 18 տարեկանում սահմանին անքուն կանգելու եւ ողջ մնալու խնդիր ունի: Նա չգիտի, որ դա արդեն հերոսություն է, նրան չեն էլ ասում, շարքայինն ո՞վ է, որ նրան բան ասեն, մեդալ տան, շնորհակալություն հայտնեն, շարքայինը հրաման կատարողն է` լուռ, հանգիստ, սառնասիրտ, մեծավարի:

Կամավորը շարքայինը չէ: Կամավորի երեք տեսակ կա՝ նախկին ազատամարտիկ, ազատամարտիկ դառնալ ցանկացող եւ սելֆիդային: Նախկին ազատամարտիկն արդեն հերոս է` սահմանին կանգնած 18 տարեկան շարքայինի պես: Նախկին ազատամարտիկը կրկնակի հերոս է, քանի որ գնացել է կրկին կանգնելու սահմանին, այս անգամ` արդեն 18 տարեկան շարքայինի կողքին, որ օգնի: Օգնել բառն այստեղ կարեւոր է: Օգնելը երեխայի փոխարեն նրա դասերն անելը չէ, օգնելը երեխային հուշելն է, գոտեպնդելն է, խորհուրդ տալն է, բայց դաս անելը, սահման պահելը երեխայի գործն է, մեր երեխաների, որոնք վաղուց արդեն երեխա չեն, քանի որ տղերք են դարձել: Նախկին ազատամարտիկները գիտեն այս մասին, գիտեն եւ չեն խանգարում, օգնում են, օգնում:

Ազատամարտիկ դառնալ ցանկացողներն այլեւս այս ամենին չդիմացողներն են: Նրանք չեն գնացել` օգնելու, գնացել են` անելու: Գնացել են` մեր շարքային տղերքին երկրորդ գիծ հանելու, իրենք էլ առաջին գիծ դուրս գալու: Գնացել են` մեր տղերքի տեղը մեր տղերքի գործն անելու: Բայց նրանք ազնիվ մարդիկ են, նրանք պարզապես չեն ուզում, որ 18 տարեկանները վտանգի ենթարկվեն, նրանք պարզապես բաց են թողել այն պատմական պահը, չեն նկատել այն նուրբ անցումը, երբ մեր սահմանին կանգնած երեխեքը տղերք են դարձել, բանակում են ծառայում, բանակ ունենք` ամենաուժեղը:

Ազատամարտիկ դառնալ ցանկացողները սելֆիդային չեն: Այ, սրանք խնդիր են: Նրանք սահման են գնացել, որ բոլորն իմանան, որ իրենք սահման են գնացել: Նրանց խնդիրը տղերքին օգնելը չէ, ազատամարտիկ դառնալը չէ, նրանց խնդիրը սելֆին է, նրանք սելֆիդային են: Բոլոր հաղթանակները նրանցն են, ոչ մի պարտություն նրանցը չէ: Բոլոր մեդալները նրանցն են, քանի որ միայն նրանք են երեւում, քանի որ միայն նրանց մտքով է անցնում գնալ սահման եւ նկարվել: Սահմանին միայն նրանք են նկարվելու ժամանակ ունենում, այդքան պարապ են նրանք: Նրանք զբաղված են թալանով, թշնամու գյուղերն ու բնակավայրերը չեն թալանում, սակայն ոչ էլ նրանց մարտական հենակետերը, նրանք թալանում են մեր տղերք դարձած երեխեքից նրանց հաղթանակը, սեփականաշնորհում են, գողություն են անում, բանակից` մեր բանակից: Նրանք հենց դրա համար են գնացել, նրանք բանակին օգնելու համար չեն գնացել: Նրանց նպատակը թալանն է, եւ նրանց… պարգեւատրում են, մեդալով, սիրուն-սիրուն, պսպղան-փայլուն, խոշոր-կլոր, ոսկյա կամ ոսկեջրած: Իբր հաղթողը նրանք են:

Մի' խլեք մեր տղերքից նրանց հաղթանակը, գողություն մի' արեք մեր բանակում, մի' թալանեք այն ձեր` 80-ականներում մնացած իբր ուղեղով: Մենք հո գիտենք, թե ովքեր են հաղթել, իսկ հաղթողները չեն խոսում, պատերազմում հաղթողները` առավել եւս, որովհետեւ պատերազմում հաղթող չի լինում, ով պատերազմում եղել է, գիտի, որ չի լինում: Ով էլ չի եղել, կուրծքը դեմ է տալիս, թշնամուն չէ, որ փակի հայրենիք տանող ճանապարհները, հրամանատարներին, որ մեդալ ստանա, եւ ստանում է, եւ կրում է, եւ մեդալը հայտնվում է սխալ կրծքերին, բայց ծանոթ կրծքերին:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica