close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+15°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է Ռուսաստանը «սիրահետում» Ադրբեջանին

Թեմա

11 Ապրիլի 2016, 18:01
 Ինչո՞ւ է Ռուսաստանը «սիրահետում» Ադրբեջանին

Ղարաբաղյան չորսօրյա պատերազմի համատեքստում Ռուսաստանից արված աննրբանկատ հայտարարությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարություն դնելու մոտեցումը Հայաստանում ոչ միայն հասկանալի վրդովմունք է առաջացրել, այլև հանգեցրել հակառուսական տրամադրությունների հզոր ալիքի ծավալման։ Սա թույլ չի տալիս սթափ վերլուծել Ռուսաստանի նման հակահայկականության, առաջին հայացքից չհիմնավորված թվացող «ադրբեջանասիրության» պատճառները՝ օբյեկտիվ հետևություններ անելու համար։ Որպեսզի պարզ լինի Մոսկվայի այս քաղաքականության պատճառը, նախ պետք է տարածաշրջանային ներկայիս կոնյունկտուրայի համատեքստում համեմատել նրա համար Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական նշանակությունը։

Ռուսաստանը Հայաստանն ընկալում է բացառապես որպես պլացդարմ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հետ սահմանին, որով, օգտագործելով Երևանի և Գյումրիի իր ռազմաբազաները, ձգտում է պաշտպանել իր հետաքրքրությունները թե' հարավկովկասյան, թե' մերձավորարևելյան տարածաշրջանի կտրվածքով։ Հայաստանը, տարիների ընթացքում Ռուսաստանի ենթակայությանը հանձնելով իր տնտեսության ստրատեգիական ճյուղերը, ենթակառուցվածքները, ստանձնելով ռուսական բազաների սպասարկման հանձնառությունը, ինքն իրեն զրկել է զգալի ինքնիշխանությունից։ Սա ռուսների մոտ ձևավորել է համոզմունք, որ Հայաստանը ստիպված է համակերպվել իր համար Մոսկվայի ստեղծած «ապահով ակվարիումին» և կարող է յոլա գնալ` որպես տարածաշրջանային կղզյակ։ Իսկ ինչպես հայտնի է՝ ակվարիումից կամ կղզյակից ակնկալիքներ չեն ունենում։  

Ադրբեջանի պարագայում իրավիճակը բոլորվին այլ է։ Բաքվի հանդեպ ընդհուպ գերսիրալիր լինելու համար Մոսկվան ունի մի քանի լուրջ պատճառ։

1. Թե' ՀԱՊԿ-ի և թե' ԵՏՄ-ի ստեղծումից ի վեր Մոսկվան երբեք չի թաքցրել նավթագազային լուրջ ռեսուրսներ ունեցող և աշխարհագրական բավականաչափ գրավիչ դիրք ունեցող Ադրբեջանին դրանցում ներգրավելու` իր ցանկությունը։ Այն երկու օր առաջ Բաքվում վերահաստատեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ «Տնտեսության և անվտանգության ոլորտներում այդ առաջադեմ ինտեգրացիոն միություններում (ՀԱՊԿ և ԵՏՄ-հեղ․) ընդգրկված են ԱՊՀ ոչ բոլոր երկրները։ Օրինակ՝ Ադրբեջանը ո'չ ԵՏՄ, ո'չ ՀԱՊԿ անդամ է: Հուսով եմ՝ այդ իրավիճակը կարող է փոխվել»։ Այս ցանկության իրագործման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը ԼՂ հիմնահարցն է։ Հասկանալով Մոսկվայի նպատակները՝ Բաքուն ԼՂ հարցն իր օգտին լուծելը մշտապես առաջ է քաշել որպես նախապայման, որը Մոսկվան չէր կարող բավարարել։ Սակայն ներքոնշյալ գործոնները ստիպում են Ռուսաստանին` արագացնել Ադրբեջանի «յուրացումը»՝ վերջինիս առաջադրած այդ նախապայմանը մասամբ բավարարելու գնով։

2. Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից հետո Ռուսաստանի համար կենսական է դառնում Բաքվին Անկարայի ազդեցության տակից հանելը։ Մոսկվայում համարում են, որ Ադրբեջանը դառնում է Թուրքիայի «ազդեցության գործակալը» տարածաշրջանում, և ԼՂ հիմնահարցը, հատկապես` ներկայիս սպառազինվածության պայմաններում, վերածելու է իր քթի տակ ամեն վայրկյան պայթեցվելիք ռումբին միացված դետոնատորի։ Պատահական չէ, որ ղարաբաղյան 4-օրյա պատերազմի բռնկման մեջ ռուսական կրեմլամերձ փորձագիտական շրջանակները հիմնականում թուրքական հետք են փնտրում։ Ըստ ռուսական տրամաբանության՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն ռուսական միևնույն ինտեգրացիոն նախագծերում, ԽՍՀՄ-ի օրինակով` այդ վտանգները կվերանան։ Մոսկվան, իհարկե, լուրջ մոլորության մեջ է։

3. Իբրև տնտեսական գործընկերոջ՝ Թուրքիային կորցնելուց հետո Ռուսաստանը խնդիր ունի գտնել նրա թողած տեղը լրացնելուն ունակ այլ գործընկեր։ Միջազգային սանկցիաների մեծ մասի հանումից հետո այդ կարգավիճակում Մոսկվան տեսնում է Իրանին և ամեն ինչ անելու է նրա հետ առևտրատնտեսական սերտ կապեր հաստատելու,  եվրասիական ինտեգրացիոն նախագծերում ներառելու համար։ Իսկ Ռուսաստանն Իրանի հետ կապող միակ ցամաքային ուղին անցնում է Ադրբեջանով։ Վերջինս հասկանում է իր այդ առավելությունը և հիմա ակտիվորեն ձեռնամուխ է եղել ՌԴ-Ադրբեջան-Իրան «Հյուսիս-հարավ» առևտրատնտեսական, կոմունիկացիոն, քաղաքական առանցքի ձևավորմանը։ Թեև թվում էր, թե կապող օղակի դերը Ռուսաստանը պետք է վերապահեր ԵՏՄ-ի անդամ հանդիսացող Հայաստանին, սակայն վերջինս ԵՏՄ-ի հետ ուղիղ ցամաքային կապ չունի` այն անցնում է Վրաստանով։ Իսկ Մոսկվան չի ցանկանում որևէ կախվածություն ունենալ Թբիլիսիից։

4. Ադրբեջանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հիմնական ֆինանսական աղբյուրներից մեկն է՝ ռուսական արտադրության զինտեխնիկայի ամենախոշոր գնորդը։ Այդ շուկան Մոսկվան կորցնել չի ցանկանում: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունը, թե իրենք շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, պետք է հասկանալ հենց այս համատեքստում։

5. Ռուսաստանը խնդիր ունի կասեցնելու իրեն եվրոպական նավթագազային շուկայից դուրս մղելու` ԱՄՆ-ի և ԵՄ-ի պլանները, որոնք փորձ է արվում իրականացնել տրանսկասպյան և տրանսանատոլական գազատարների շինարարության, Բաքու-Ջեյհան նավթամուղի միջոցով։ Ադրբեջանին այդտեղ հանգուցային դերակատարում է վերապահվում ոչ այնքան որպես էներգառեսուրսների աղբյուրի, որքան իրանական և ղազախական գազի՝ եվրոպական շուկաներ տեղափոխելու տրանզիտային միջանցք։ «Խլելով» այդ հանգուցակետը՝ Մոսկվան գուցե կխափանի կամ կհետաձգի այդ պլանները։

Այս բոլոր խնդիրների համատեղումը Մոսկվային մղում է գոնե ինչ-որ միջանկյալ լուծումներ գտնելը ԼՂ հիմնահարցի համար։ Թյուր է այն կարծիքը, թե Ռուսաստանին ձեռնտու չէ ղարաբաղյան պատերազմի վերսկսումը։ Նրան ձեռնտու չէ միայն տևական մասշտաբային պատերազմը, որում ստիպված կլինի ներքաշվել։ Մինչդեռ «կայծակնային պատերազմը», որն ակնթարթորեն կարող է ստատուս քվոյի փոփոխության հանգեցնել և միջազգային հանրությանը, Երևանին կատարված փաստի առաջ կանգնեցնել, Մոսկվայի համար այդ հիմնահարցի լուծման «ամենահեշտ» տարբերակն է։ Ապրիլի 2-5-ին հայ զինվորն ապացուցեց, որ դա իրականում ամենադժվար իրագործելին է։

Թվում է, թե ռուսական այս «սառը ցնցուղը» պետք է ստիպեր հայաստանյան հասարակությանը և հատկապես` քաղաքական, քաղաքագիտական շրջանակներին ավելի իրատեսորեն վերլուծել դրա պատճառները։ Մինչդեռ հասարակական-քաղաքական միտքն զբաղված է` բացառապես զգայական դաշտում Ռուսաստանին մեղադրանքներ ուղղելով ու տրտնջոցնելով։ Որքան էլ արդարացի լինեն այդ մեղադրանքները, դրանք չէ, որ ելքեր են առաջ քաշելու։ Այդ զգացմունքայնությունը հիմա ավելի շատ վնասում է։

Մենք չենք կարող փոխել այս Ռուսաստանին, չենք կարող կարճաժամկետ հեռանկարում ստիպել նրան կտրուկ փոխել իր քաղաքականությունը։ Մենք ինքներս պետք է փոխվենք՝ սկսելով Ռուսաստանին մոտենալ որպես մի երկրի, որը ոչ թե Հարավային Կովկասում է մեզ պաշտպանելու, այլ բացառապես իր շահերն ապահովելու նպատակով։ Եվ դրանով նա ոչնչով չի տարբերվում ո'չ ԱՄՆ-ից, ո'չ Թուրքիայից և ո'չ էլ Իրանից։

Գևորգ Դարբինյան          

 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica